«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է հայ-թուրքական զարգացումներին: Նա մասնավորապես, նշում է, որ Թուրքիայում աստիճանաբար երեւան է գալիս թուրքերի պարկեշտ, ազատախոհ մի դաս եւ Թուրքիայում սկսում են ուշացումով գիտակցել, որ իրենց երկիրը երբեք չի կարող մուտք գործել քաղաքակիրթ աշխարհ, քանի դեռ դեմ-հանդիման չի ելել սեփական պատմության մութ, իր դաժանությամբ աննախադեպ էջերին:
Այնուհետեւ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, Ր. Հովհաննիսյանն ասում է. «Արձանագրությունների պատմական նշանակության վերաբերյալ մակերեսային եւ ինքնագոհ գնահատականները` անկախ նրանից, թե որտեղից են դրանք հնչում` Վաշինգտոնից, Բրյուսելից կամ Մոսկվայից, կարծես միտումնավոր թաքցնում են հիմնարար մի քանի ճշմարտություններ: Հայաստանի ներկայիս վարչակարգն իրավունք չունի հայ ժողովրդի անունից խոսելու դարակազմիկ այս հարցի շուրջ: 2007-2008թթ. իշխանության գալով կեղծարարության, խաբեության եւ տասնյակ քաղաքացիների արյան գնով, վարչակարգն այժմ փորձում է լեգիտիմության պակասը կոծկելու համար դիմել արեւմտյան շահերի „քիմքին“ հաճո արտաքին քաղաքական քայլերի` իրականում, սակայն, որոնելով փոխհատուցումներ ավտորիտար գործելակերպի դիմաց: Տրվելով „գեոպրագմատիզմի“ ծանր հրետանու պարտադրանքին, „միջազգային հանրությունը“ մեկ անգամ եւս վտանգավոր քայլ կատարեց` անտեսելով ժողովրդավարության սկզբունքները եւ խնդիրներն ըստ այդ սկզբունքների լուծելու պատշաճ կարգը»:
Նա նաեւ ընդգծում է. «Հայ-թուրքական արձանագրությունները, որոնք այժմ քննարկվում եւ արժանանում են բուռն շնորհավորանքների, պարունակում են անօրինական դե-ֆակտո սահմանի հաստատմանն առնչվող հղումներ` առանց միաժամանակ լուծելու Թուրքիայի կողմից` որպես մարդկության դեմ ոճրագործություն (Ցեղասպանությունն ու դրան հաջորդած թուրք-ռուսական դավադրությունը) կատարած երկրի, ապաշխարանքի ու հատուցման, վերականգնման ու վերադարձի իրավախնդիրները: Հետեւապես` խնդրո առարկա փաստաթղթերն ի սկզբանե անվավեր են, անբարո ու մեռելածին: Դժբախտաբար, որքան էլ բարի նպատակներ հետապնդեն սեղանին դրված փաստաթղթերը, որքան էլ ոմանք փորձեն դրական լույսով ներկայացնել կամ, երբեմն էլ, PR „միավորներ“ հավաքել, միեւնույն է` դրանք հուսալի հիմք չեն Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ամբողջական ու հարատեւող կարգավորման, ինչպեսեւ երկու երկրների ժողովուրդների միջեւ հիրավի պատմական հաշտության համար: Դրանք ընդամենն ախորժալուր, բայց խաբուսիկ ցուցափեղկ են, եւ ուրիշ ոչինչ»:
«Երբ Թուրքիան, Հայաստանը եւ միջնորդ պետությունները գիտակցեն առանցքային այս մարտահրավերի լրջությունը, թերեւս փոխեն իրենց „արագությունները“, առաջնորդվեն ժողովրդավարության թելադրանքով եւ իրավունքի իշխանությամբ, դիմագրավեն ու սրբագրեն պատմությունն ու անարդարությունների նրա ժառանգությունը: Նույն ոգով` թուրք-հայկական փոխառնչությունների բնականոնացումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմամբ պայմանավորելու փոխարեն շահագրգիռ կողմերն ի վերջո կճանաչեն Արցախի` հետստալինյան ապագաղութացման, ազատության ու ինքնիշխան պետականության ի վերուստ տրված օրինական իրավունքը»,- նշել է նա:




























