Վերջին շրջանում թուրքերի կողմից հետաքրքրություն է նկատվում Հայաստանում անշարժ գույք եւ հատկապես ձեռնարկատիրական նպատակներով տարածքներ ձեռք բերելու հարցում:
Փորձագետները նշում են, որ այդ տեղեկությունը կարելի է դիտարկել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համատեքստում` որպես երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության առաջին ծիծեռնակները: Սա նաեւ էապես կաշխուժացնի Հայաստանում անշարժ գույքի շուկան, որը ճգնաժամի պատճառով բավականին սառած վիճակում է այսօր: Դա նաեւ կարող է խթանել կապիտալ շինարարությունը: Սա իր մեջ նաեւ բացասական երանգ ունի, քանի որ այդ պարագայում անշարժ գույքի գները Հայաստանում կրկին կտրուկ կբարձրանան եւ տեղի քաղաքացիները կզրկվեն մատչելի գներով անշարժ գույք գնելու հնարավորությունից:
NEWS.am-ի թղթակից հետ զրույցում «Ակցեռն» եւ «Երկիր» անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչները նշեցին, որ թուրքերի կողմից անշարժ գույք ձեռք բերելու միտումներ իրենց մոտ չեն նկատվել, սակայն փոխարենը անշարժ գույքի բազմաթիվ գործակալներ հաստատում են, որ նման հետաքրքրություն իրենց նկատում են, եւ խոսքը գնում ոչ միայն բնակարանների, այլ հիմնականում արտադրական տարածքներ ձեռք բերելու կամ վարձակալելու մասին:
Նկատենք, որ Հայաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի տարածքում հող ձեռք բերել, սակայն այդ նույն հողի վրա կառուցված տներ եւ առավել եւս բնակարաններ, գնել նրանք կարող են: Մասնագետներն, այս կապակցությամբ մտահոգություն են հայտնում, որ եթե թուրքերի կողմից Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերումը կրի զանգվածային բնույթ, դա կարող է լարվածություն առաջացնել տեղի հայերի ու թուրքերի միջեւ:




























