Անցնող տարին ընտրական էր. տարվա գլխավոր իրադարձությունները Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու ընտրություններն էին։ Փորձել ենք ամփոփ ներկայացնել 2017-ի հայաստանյան քաղաքական կյանքի էական էջերը (ֆոտոռեպորտաժ):
Տարեսկզբի թոփ թեման Սերժ Սարգսյանին ավելի քան մեկ տասնամյակ հավատարիմ ծառայած Սեյրան Օհանյանի ընդդիմադիր ճակատում հայտնվելն էր: Ութ տարի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ լծվեց իշխանափոխությանը՝ խոստանալով բացահայտել 2008 թվականի մարտի 1–ի սպանդը: Դաշինքի ստվերային համակարգումը ստանձնեց Արցախի պաշտպանական բանակի ղեկավար Սամվել Բաբայանը:
Տարվա հիշարժան դրվագներից էր իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի եւ կուսակցության առանցքային ներկայացուցիչ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռակա առճակատումը: Ընտրությունների շեմին Հովիկ Աբրահամյանը հայտարարեց կուսակցությունը լքելու մասին: Սերժ Սարգսյանը արձագանքեց ` զգուշացնելով, որ մայր գետից պոկվող առվակները, եթե կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգեց՝ մայր գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Նրա ահազանգն անարձագանք մնաց, ակնարկած տեխնոլոգիական գործարանի խառնուրդը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը լծվեց ընտրապայքարի:
Սարգսյան–Ծառուկյան բախումից երկու տարի անց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց փակած քաղաքական էջը բացելու մասին։
Փետրվարի վերջին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց իշխանության ձգտող քաղաքական ուժերի ցանկը: ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, «Հայկական վերածնունդ» եւ Կոմունիստական կուսակցություններն ընտրապայքարի մեջ մտան միայնակ, ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն ու Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ-ն՝ կրկին դաշինքով, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը ձեւավորեցին «Ելք» դաշինքը: Մի խումբ քաղաքական գործիչներ ԲՀԿ-ին միացան եւ ստեղծվեց «Ծառուկյան» դաշինքը: Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը ընտրություններին ներկայացան «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով։ Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակում ընդգրկվեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նախընտրական քարոզարշավի մեկնարկից երկու շաբաթ անց կալանավորվեց ՕՐՕ դաշինքի առանցքային դեմքը՝ Սամվել Բաբայանը: Նա մեղադրվեց անօրինական ճանապարհով Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի զեինահրթիռային համակարգի խողովակ տեղափոխելու, ինչպես նաեւ փողերի լվացման մեջ: Նոյեմբերի 28-ին Սամվել Բաբայանը դատապարտվեց վեց տարի ազատազրկման: Նա հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունն իրեն դատելու խնդիր էր դրել, ինքը որեւէ առնչություն չունի «Իգլա»–ի գործի հետ:
Ապրիլյան պատերազմի տարելիցին՝ ապրիլի 2-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները: Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, «Հայկական վերածնունդ»–ը, «Ազատ դեմոկրատներ»–ը, Կոմունիստական կուսակցությունը չհաղթահարեցին անցողիկ շեմը: Խորհրդարան անցան ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքը եւ «Ելքը»՝ ինը մանդատով: Չնայած օրվա խորհրդին՝ ՀՀԿ–ն կեսգիշերին հաղթանակի մասին ազդարարեց ճոխ հրավառությամբ։
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի չունեցան հետընտրական զարգացումներ: Հանրապետական իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ դրեցին ՕՐՕ դաշինքն ու Հայ ազգային կոնգրեսը, սակայն Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկեց միայն Կոնգրեսը: Նորընտիր խորհրդարանի նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը, պատգամավորների թիվը կրճատվեց 30-ով: Ավելի ուշ ձեւավորվեց նոր կառավարություն՝ դարձյալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ եւ նույն կազմով:
Ազգային ժողովի ընտրություններին հաջորդեցին Երեւանի ավագանու ընտրությունները: Մասնակցող երեք ուժերը՝ Հանրապետական կուսակցությունը, «ԵԼՔ»-ը եւ«Երկիր ծիրանին» ձեւավորեցին Երեւանի ավագանին։ Դարձյալ Տարոն Մարգարյանը ստանձնեց քաղաքապետի պաշտոնը:
Ընտրություններն ընթացան ազմկահարույց ընտրաախտումների բացահայտումներով: Համացանցը ողողվեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպում» աշխատակիցների ժողովի սկանդալային ձայնագրությամբ, ըստ որի Արտակ Սարգսյանի եղբայրը պահանջում էր ՀՀԿ-ի օգտին քվեներ հավաքագրել՝ նվաստացնելով եւ սպառնալով աշխատակիցներին: «Ելք»-ը ոստիկանության ՊՊԾ գնդի աղբամաններից ընտրողների ցուցակներ հայտնաբերեց, որտեղ բարձրաստիճան ոստիկանները ցուցակագրել էին մարդկանց՝ որպես ՀՀԿ-ի օգտին քվեարկողներ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը բացահայտեց դպրոցների տնօրենների ընտրական ցուցակները իշխանության օգտին: Այս սկանդալային բացահայտումներով քրեական գործ չհարուցվեցին եւ որեւէ մեկը չպատժվեց:
Ընտրություններից հետո Ազատության հրապարակի հարթակը թափուր մնաց: Որեւէ քաղաքական ուժ իշխանափոխության փորձ չարեց, հանրահավաքներ, երթեր տեղի չունեցան: Մի քանի տասնյակ ուսանողների շրջանում կրքեր բորբոքեց «Պաշտպանության մասին» օրենքում ուսման տարկետման իրավունքի սահմանափակումը։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը սակավամարդ հավաքներով պահանջեց վերականգնել տարկետման իրավունքը: Իշխանությունը չընդունեց ուսանողների պահանջը: Հնգօրյա հացադուլից հետո պայքարն ավարտվեց։
Հանրապետական իշխանության ձեւավորումից հետո սկսվեցին քաղաքական հնչեղություն ունեցող դատավարությունները: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի դատավարությունը, ավելի ուշ՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը զինված գրաված «Սասնա ծռեր» խմբի: Դատավարությունները շարունակվում են:
Աշնանը քաղաքական անցուդարձը տեղափոխվեց նորընտիր խորհրդարան։ Ընդդիմություն–իշխանություն հակամարտությունը հատեց քաղաքակրթության սահմանները։ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի լեզվակռիվը դահլիճից դուրս վերածվեց ձեռնամարտի։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ ԱԺ միջանցքում Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա, ինքն էլ հասցրել է պաշտպանվել՝ կոշիկները փայլեցնելով նրա վրա: Գործը պետք է քններ ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը, որը դեռ չի ստեղծվել:
Հոկտեմբերի կեսին ներքաղաքական օրակարգից կրքերը տեղափոխվեցին Ժնեւ: Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը: Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ որեւէ կոնկրետ պայմանավորվածություն Արցախի խնդրի կարգավորման տարբերակների շուրջ ձեռք չեն բերվել, բայց պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել, որ առաջնագծում զոհեր չլինեն: Հանդիպումից 3 օր անց Արցախում հակառակորդի կրակոցից զոհվեց 19-ամյա ժամկետային ծառայող Տիգրան Խաչատրյանը:
2017-ին ի վերջո կյանքի կոչվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որը տնտեսական բաղադրիչով էապես զիջում է նախկինում չստորագրված Ասոցացման համաձայնագրին:
Ողջ տարվա ընթացքում իշխանության օրակարգում կարմիր թելի պես անցավ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվել-չառաջադրվելու հարցը, հանրության՝ կարագի ռեկորդային գինը: «Կարագային» ռեկորդին գրեթե չէր զիջում վարչապետ Կարեն Կարապետյանի ընթերցած հանձնարարականների քանակը, որոնք չկանխեցին որեւէ թանկացում:











