«Ելք» դաշինքի համապետական ցուցակում տեղ են գտել քաղաքացիական ակտիվիստներ, դաշինքի մաս կազմող կուսակցությունների առաջնորդների մերձավորներ եւ հանրությանը հայտնի այլ դեմքեր։
Մասնավորապես, դաշինքի համապետական ցուցակում ընդգրկվել են «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի սանիկը` Թեհմինա Վարդանյանը, եւ Սպաապետ Վազգեն Սարգսյանի սանիկը՝ Անի Խաչատրյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին` Սիփան Փաշինյանը:
Դաշինքի ցուցակում է հայտնվել նաեւ Արցախի հերոս Մովսես Գորգիսյանի եղբորորդին` Գեւորգ Գորգիսյանը, որը «Դեմ եմ» շարժման ակտիվ մասնակիցներից էր, իսկ հետագայում արդեն միացել էր Էդմոն Մարուքյանի թիմին:
Ցուցակում է նաեւ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը: Նրանից բացի, դաշինքի ցուցակում ընդգրկվել է Կոտայքի մարզի գյուղերի ոռոգման համակարգի պահպանման համար պայքարի կազմակերպիչներից, բողոքի ցույցի ժամանակ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ դեմ առ դեմ դուրս եկած Գառնիի բնակիչ Արուսյակ Այվազյանը:
«Ելքի» ցուցակում է նաեւ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր, նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած Հովիկ Աղազարյանը: Այս դաշինքում է նաեւ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» նախագահ Զառա Բաթոյանը:
Նշենք, որ «Ելք» դաշինքի ցուցակում ընդգրկվել են նաեւ փաստաբաններ՝ Հովիկ Արսենյանը, Նիկոլայ Բաղդասարյանն ու Արշավիր Խալափյանը:
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի համապետական ցուցակը բաղկացած է 121 թեկնածուից։ Ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը:




























