Երկու մարդ է զոհվել Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասում երկտեղանոց թեթև ինքնաթիռի կործանման հետևանքով, հայտնում է DW-ն։

Ինքնաթիռը կիրակի օրը կեսօրի մոտ վայրէջքի էր մոտենում Գունդելսհայմ քաղաքի մոտ գտնվող օդանավակայանում, սակայն առայժմ անհայտ պատճառով օդաչուն ընդհատել է վայրէջքը, հայտնել են ոստիկանությունից։

Դրանից հետո ինքնաթիռը դիպել է ցանկապատին, բախվել ծառին և ընկել մոտակայքում գտնվող խաղողի այգի։ Օդանավը բռնկվել է։

Օդանավում գտնվող երկու մարդիկ էլ զոհվել են։ Նրանց մարմինները հայտնաբերվել են այրված ինքնաթիռում։ Ոստիկանության տվյալներով, նշաններ չկան, որ օդանավում կարող էին լինել այլ մարդիկ։

Զոհվածների ինքնությունը դեռևս չի հաստատվել։ Չի հաջողվել նաև պարզել ինքնաթիռի ծագումը․ հրդեհից հետո դրա գրանցման համարը դարձել է անընթեռնելի։

Ոստիկանությունը և ավիացիոն պատահարների քննությամբ զբաղվող մասնագետները պարզում են կործանման պատճառները։ Քննարկվող վարկածների թվում են օդաչուի սխալը և տեխնիկական անսարքությունը։