Կահիրեում 66 մետրանոց մուրալ են նկարել, որի վրա պատկերված էին փարավոն Թութանհամոնը և թագուհի Նեֆերտիտին․ այն ստեղծվել էր ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի Եգիպտոս կատարելիք պետական այցի առիթով, հայտնում է The Guardian-ը։

Աշխատանքը վեճեր է առաջացրել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերի օգտատերերը ուշադրություն են դարձրել պատմական կերպարների մաշկի մուգ երանգին և հեղինակներին մեղադրել հին եգիպտացիների ծագման վերաբերյալ աֆրոցենտրիկ հայացքներ տարածելու մեջ։

Մուրալը ստեղծվել էր Rasmet Basma երիտասարդ կամավորների խմբի կողմից՝ Կահիրեն չինացի առաջնորդի ժամանմանը նախապատրաստելու նախագծի շրջանակում։ Ընդհանուր առմամբ քաղաքում նախատեսվում էր տեղադրել շուրջ 40 նման աշխատանք։ Խմբի 22-ամյա հիմնադիր Ահմեդ Մուսային հայտնել է, որ Կահիրեի վարչակազմի ներկայացուցիչները մի քանի անգամ այցելել էին աշխատանքների վայր և սկզբում հավանություն տվել նախագծին, սակայն սոցիալական ցանցերում ծագած քննարկումից հետո նկարիչներին առաջարկել էին ներկել մուրալը։ Դա տեղի է ունեցել Սի Ծինփինի ժամանումից ընդամենը մի քանի ժամ առաջ։

Մուսային պատմել է, որ մուրալների էսքիզները ստեղծվել են ChatGPT-ի օգնությամբ, որից հետո կամավորները դրանք տեղափոխել են պատերին։ Ըստ նրա, նկարիչներն օգտագործել էին ոսկեգույն-բրոնզե երանգ, ինչի պատճառով երեկոյան լուսավորության տակ կերպարների դեմքերը ավելի մուգ էին թվում։ Նա ընդունել է, որ աշխատանքը ստեղծելիս պետք էր խորհրդակցել հնագիտության և արվեստի մասնագետների հետ։

Սկանդալը կրկին բորբոքել է Հին Եգիպտոսի բնակիչների արտաքին տեսքի և էթնիկական ծագման շուրջ երկարամյա վեճը։ Եգիպտոսի հնությունների հարցերով նախկին նախարար Զահի Հավասը հայտարարել է, որ պատմական նշանակություն ունեցող օբյեկտների վրա նման աշխատանքները պետք է անցնեն փորձագիտական ստուգում։ Եգիպտագետ Մոնիկա Հաննան, իր հերթին, հին եգիպտական պատմության աֆրոցենտրիկ մեկնաբանությունները անվանել է կեղծ գիտական՝ միաժամանակ ընդգծելով, որ Եգիպտոսի բնակչությունը պատմականորեն էթնիկապես բազմազան է եղել։

Արհեստական բանականության և աֆրիկյան մարդաբանության հետազոտող Վալիդ Մահմուդը նշել է, որ գեներատիվ համակարգերը կարող են վերարտադրել համացանցում առավել տարածված պատկերացումները, որոնք պարտադիր չէ, որ համապատասխանեն գիտական տվյալներին։ Նրա կարծիքով, հատկապես զգուշությամբ պետք է վերաբերվել նման տեխնոլոգիաներին մշակութային ժառանգության և ինքնության հարցերի հետ աշխատելիս։

Հին եգիպտացիների պատկերման շուրջ վեճերը առաջին անգամը չեն ծագում։ 2023 թվականին քննարկումներ էր առաջացրել մուգ մաշկով դերասանուհու ընտրությունը Կլեոպատրայի դերի համար Netflix-ի վավերագրական սերիալում։ 2024 թվականին նոր սկանդալ բռնկվեց այն տեղեկություններից հետո, որ Կահիրեի Եգիպտական թանգարանում անցկացվել է էքսկուրսիա՝ Եգիպտոսի պատմության աֆրոցենտրիկ մեկնաբանությամբ։