«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ, շուրջ 1 տարի կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանին սպառնում է մինչեւ 18 տարվա ազատազրկում:
Սեֆիլյանի գործով նախաքննությունն արդեն ավարտվել է եւ հայտնի է, որ նրան մեղադրանք է առաջադրվել միանգամից երեք հոդվածով՝ Քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստություն, որը նախատեսում է ազատազրկում 6-12 տարի ժամկետով), 35-225-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստություն, որը նախատեսում է ազատազրկում 4-10 տարի ժամկետով) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը նախատեսում է ազատազրկում 3-8 տարի ժամկետով): Եթե Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 6-ից մինչեւ 18 տարվա ազատազրկում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ժիրայր Սեֆիլյանը 2015թ. ապրիլի 24-ին Երևանում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ: Բացի դրանից, 2015թ. նոյեմբերից մինչեւ 2016թ. մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինին կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:
Այս գործի շրջանակում մեղադրանք է առաջադրված նաեւ Գեւորգ Սաֆարյանին: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլի 24-ին Երևանում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ:
Հրայր Թոփչյանին էլ մեղադրանք է առաջադրվել Սեֆիլյանի կողմից ստեղծված, զինված կազմակերպված խմբի կազմում հրազեն եւ ռազմամթերք ապօրինի պահելու եւ փոխադրելու մեջ: Հրայր Թոփչյանը, ըստ մեղադրանքի, գիտակցելով կամովին հրաժարվել է հանցագործության նախապատրաստությունից և անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողություններից, հրազեններն ու ռազմամթերքը Ժիրայր Սեֆիլյանին վերադարձնելու ժամանակ ենթարկվել է ավտովթարի, բացահայտվել ու բերման ենթարկվել ոստիկանության բաժին:
Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանն ու Գալուստ Գրիգորյանը նույնպես կամովին հրաժարվել են հանցագործության նախապատրաստությունից և անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողություններից:
Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա կալանավորված է:
Գործը քննվելու է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատավորն է Տաթեւիկ Գրիգորյանը:




























