News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականությունը դատապարտող բողոքի երթ տեղի կունենա Երեւանում:

Այդ առնչությամբ, հայտարարություն է տարածել «Երիտասարդ Դիվանագետների Ակումբ» հ/կ-ն, որտեղ նշվում է.

«Երիտասարդ Դիվանագետների Ակումբ» հ/կ-ն դատապարտում է Ստամբուլի Սամաթիա թաղամասում հայազգի կանանց նկատմամբ շարունակաբար իրականացվող հարձակումներն ու բռնությունները եւ խստորեն պահանջում Թուրքիայի իշխանություններից՝ ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը, հետամուտ լինել վերոնշյալ հանցագործությունները բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում: Նման վայրագությունները հատկապես սրում են իրավիճակը Ցեղասպանության 98-ամյակին ընդառաջ:

Թուրքական իշխանությունների լռությունը եւ կրավորական կեցվածքը պարարտ հող են ստեղծել այդ երկրում ատելության, անհանդուրժողականության ու ազգայնական տրամադրությունների աճի եւ հայության շրջանում վախի մթնոլորտի ձեւավորման համար:

Կոչ ենք անում ՄԱԿ-ին, ԵՄ-ին, ԵԽ-ին եւ մյուս բոլոր միջազգային կազմակերպություններին ու իրավապաշտպան կառույցներին` համարժեքորեն արձագանքել թուրքական իշխանությունների անգործությանը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ երկրում ազգայնական հողի վրա հետապնդումների ենթարկվող անձանց պաշտպանության հարցում:

Կոչ ենք անում ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպություններին, երիտասարդական կառույցներին, անհատներին միանալ Ստամբուլի միջադեպերը եւ ընդհանրապես Թուրքիայում՝ մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականությունը դատապարտող բողոքի երթին, որի ընթացքում բաց նամակ կհանձնվեն միջազգային կառույցների ներկայացուցիչներին:

Երթը տեղի կունենա փետրվարի 11-ին ժամը 12:00-ին Հանրապետության հրապարակում: Երթուղին ՝ Հանրապետության հրապարակ, ՄԱԿ-ի գրասենյակ, ԵՄ գրասենյակ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ