News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանի կենտրոնում օրեր առաջ սպանված տաքսու վարորդի ընտանիքը դժգոհ է նախաքննության ընթացքից: Սպանությունից անցել է արդեն 14 օր, սակայն ոստիկաններին դեռ չի հաջողվել հայտնաբերել հեծանվորդին, ով հուլիսի 25-ին գնդակահարել էր տաքսու վարորդ, 33-ամյա Վահան Հովհաննիսյանին:

Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել Մաշտոցի պողոտայում, «Մեղեդի» սրճարանի հարեւանությամբ, որտեղ տեղադրված են Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ տեսախցիկները: Մեր տեղեկություններով, ոստիկանությունն առգրավել է տվյալ հատվածում տեղակայված բոլոր տեսախցիկների տեսագրությունները եւ ուսումնասիրում է: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ոստիկանները նույնիսկ ֆոտոռոբոտ ունեն, սակայն դեռ չեն ընկել կասկածյալի հետքի վրա: NEWS.am-ի թղթակցի բանավոր հարցումներին ոստիկանության լրատվության վարչությունից միայն պատասխանում են, թե նախաքննություն է ընթանում:

Վահան Հովհաննիսյանը տաքսի վարում էր շուրջ մեկ տարի: Մինչ այդ նա զբաղվում էր կահույքի պատրաստմամբ, սակայն հանրապետությունում առկա տնտեսական պայմաններից ելնելով ստիպված էր թողնել այն եւ ընտանիքը կերակրելու համար նստել ղեկին: Վահանի սպանությունից հետո կինն ու երկու դուստրերը՝ 7 եւ երկու տարեկան, հայտնվել են ծանր ֆինանսական եւ բարոյահոգեբանական վիճակում, եւ այսօր նրանց համար միակ մխիթարությունը կլիներ հանցագործին հայտնաբերելն ու արդար պատիժ տալը: Մինչդեռ… ընտանիքի մոտ հարցերը բազմաթիվ են: Մեր թղթակցի հետ հանդիպման ժամանակ մահացածի կնոջ կողմից արդարացիորեն բարձրաձայնվեցին հետեւյալ հարցադրումները. «Ի՞նչ գործ ուներ ատրճանակով զինված հեծանվորդը Օպերայի շրջակայքում, այնտեղ, ուր օրվա այդ ժամին ավելի մարդաշատ է տարածքը: Արդյոք ինչ-որ ազդեցիկ մեկի որդին կամ բարեկամը չէ՞: Այսքանից հետո, էլ ինչի՞ն հավատանք մեր երկրում, երբ հնարավոր է բոլորի աչքի առաջ, այդքան տեսախցիկներով եւ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից  հսկվող տարածքում մարդ սպանել,  սառնասրտորեն թողնել հեռանալ եւ մնալ անպատիժ: Եթե հանկարծ այս սպանությունը չբացահայտվի, պարզապես մեր երկիրը իրավունք չունի կոչվելու իրավական պետություն: Այսպես չի լինում»: Նրանք, դեռ հույս են փայփայում, որ ոստիկանները հետեւողական կլինեն, կբռնեն չարագործին, կպարզեն իրականությունն ու օրենքի տառին ու ոգուն համապատասխան պատժի կարժանացնեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանի կենտրոնում` հենց Մաշտոցի պողոտայում հուլիսի 25-ին, սպանություն է կատարվել: Գիշերը` ժամը 00:50-ի սահմաններում հեծանվով երթեւեկող անհայտ անձը գնդակահարել էր տաքսու վարորդ, 33-ամյա Վահան Հովհաննիսյանին:

Վահան Հովհաննիսյանի հարազատները հայտնել էին, որ նա մեքենայով հասել էր Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկի հատված, որտեղ վեճ էր ծագել մի հեծանվորդի հետ: Վերջինս նստել էր տաքսին, ապա քիչ անց դուրս եկել եւ փախուստի դիմել: Վահան Հովհաննիսյանը եւս դուրս էր եկել մեքենայից եւ ընկել:

Ժամանած շտապօգնությունը վարորդին տեղափոխել էր թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ ժամը 3-ի սահմաններում Հովհաննիսյանը մահացել էր: Նրա մարմնից դուրս են բերել «ՏՕԶ» տեսակի հրազենի գնդակ: Չարագործը կրակել էր վարորդի որովայնին:

Նշենք, որ ոչ հրազենն է հայտնաբերվել, ոչ էլ հեծանվորդը: Սպանվածի մահվան վկայականում դատաբժշկի տված եզրակացության համաձայն, Վահան Հովհաննիսյանը ստացել է որովայնի թափանցող հրազենային գնդակային վիրավորում, աղիների վնասում, միջընդերային անոթների վնասում, հեմորագիկ շոկ: Վահան Հովհաննիսյանն ամուսնացած էր, ուներ 7 եւ 2 տարեկան դուստրեր:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ