Մասիսի կենտրոնական հիվանդանոցում ծեծի ենթարկված վիրաբուժական բաժանմունքի վարիչը հայտնի հաղորդավար Եգոր Գլումովի (Գոռ Գրիգորյան) հայրն է:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մասիսի հիվանդանոցի տնօրեն Անատոլի Գրիգորյանը:

Նա նշեց, որ ծեծի ենթարկված բժիշկը Գեւորգ Վահանի Գրիգորյանն է: Միջադեպի հետեւանքով բժիշկը որեւէ լուրջ վնասվածք չի ստացել, նրա վիճակը լավ է, աչքի տակ կապտուկ կա, բայց դեպքից հետո վիրահատություն է կատարել:

Գեւորգ Գեւորգյանն ապրում է Երեւանում, արդեն 6 տարի է աշխատում է Մասիսի հիվանդանոցում` որպես բաժանմունքի վարիչ: Հիվանդանոցի տնօրենը պատմեց, որ Դարակերտ գյուղից երեք եղբայրներ, նրանց հետ նաեւ այլ տղամարդիկ, ովքեր, ըստ երեւույթին, դրանից առաջ քեֆ, ուրախության մեջ են եղել, ալկոհոլային հարբածության հետեւանքով ինքնազգացողությունը վատացել եւ օգոստոսի 31-ին`  01.30-ի սահմաններում, դիմել էին Մասիսի հիվանդանոց: «Խմած են եղել, երկու-երեք եղբայր են եղել, շատ են եղել, կողքից էլ մի քանի մարդ, մինչ ընդունարան մտնելը սկսել են ապակիները ջարդել, թե եկեք, շուտ արեք, մեր հիվանդին օգնեք, բժիշկներն էլ, թե սպասեք, կօգնենք: Ապակիները ջարդելուց մի տղան ձեռքը վնասել է, դրա համար կանչել են վիրաբույժին, այնտեղ վիրաբույժի կարիքը չկար, բժիշկը հարցրել է, թե ինչ է եղել, տղաներ, սպասեք, օգնություն ցույց տամ, հարձակվել են նրա վրա, հարձակվել են նաեւ ընդունարանի քույրի վրա, նա եւս վնասվածքներ ունի»,-պատմեց Անատոլի Գրիգորյանը:

Թեեւ հիվանդները կռվարար էին, բայց Մասիսի հիվանդանոցում նրանց այնպես են առաջին բուժօգնություն ցուցաբերել, որ 20 րոպե հետո հիվանդներից մեկը վեր է կացել ու սկսել մասնակցել կռվին, հարվածել բժիշկներին: Երբ արդեն կռիվը թեժացել է, Մասիսի հիվանդանոցից կանչել են «Շտապօգնոթյուն» եւ նրանց ուղարկել Երեւան` «Էրեբունի» բ/կ: Հետո, հիվանդանոցում պարզել են, որ նախորդ տարի նույն հիվանդը ալկոհոլ օգտագործելու հետեւանքով վատացել եւ դիմել էր հիվանդանոց, սակայն այդ ժամանակ կռիվ, ծեծկռտուք չէր սարքել:

Անատոլի Գրիգորյանը շեշտեց, որ շատ հետեւողական է լինելու, որ անպայման մեղավորները պատժվեն: Նրա խոսքով` բժիշկները հասարակության ամենաանպաշտպան խավն են, առաջին բուժօգնություն ենք ցուցաբերում, չեն պրծնում, եւ պատկերացնում եք` եթե չցուցաբերեն, ինչ կլինի:

Իսկ ոստիկանության Մասիսի բաժնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առթիվ դեռեւս նյութեր են նախապատրաստվում, մարմնական վնասվածքներ ստացողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը Մասիսի կենտրոնական հիվանդանոցում ծեծի է ենթարկվել վիրաբուժական բաժանմունքի վարիչը: Նրան ծեծել են հիվանդին ուղեկցողները: Ըստ NEWS.am-ի տեղեկությունների` 22-ամյա ալկոհոլային թունավորմամբ մի երիտասարդի են բերել հիվանդանոց եւ նրան ուղեկցող եղբայրները հերթապահ բժշկին, որը վիրաբուժականի վարիչն է եղել, շտապեցրել են արագ բուժօգնություն ցուցաբերել: Նրանք չեն համբերել մինչեւ բժիշկն իր պարտականությունները կատարի սահմանված կարգով:

Եղբայրները , որոնք եւս ալկոհոլի ազդեցության տակ են եղել, բորբոքված հարձակվել են բժշկի վրա, կոտրել բաժանմունքի ապակիները, պատահած իրերով հարվածել պատերին, այնուհետեւ քաշքշել ու ծեծի են ենթարկել բժշկին: