Աղավնաձոր գյուղում «հորեղբոր` 1-ամյա փոքրիկին վրաերթի ենթարկելու» դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով քննիչ Արթուր Հարությունյանը: 

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ)  հատկանիշներով:  Նա նշեց, որ հորեղբայրը դեռ կալանավորված չէ, քանի որ նախաքննությունը շարունակվում է եւ դեռ լիարժեք ապացույցներ չկան:

Ինչ վերաբերում է գյուղապետի վարկածին, թե մեքենան տեղից չի շարժվել եւ երեխան մահացել է ընկնելու եւ քարին դիպչելու հետեւանքով, քննիչը դա հավանական չի համարում: «Հավանական վարկած չէ այնքանով, որ դիահերձման ժամանակ ես եմ ականատես եղել, որ նշված մարմնական վնասվածքը այնպես հեշտ չէր, որ ընկնելուց կարող էր առաջանալ, երեխայի լյարդը պատռված,  երկու կես եղած վիճակում էր, շատ երեխաներ կարող է քայլելիս ընկնեն, վնասվածքներ ստանան. բայց նման աստիճանի վնասվածք ընկնելուց չի առաջանում: Դրանից բացի` երեխայի մարմնին կապտուկներ կային: Իրենց պաշտպանողական դիրքորոշումը պետք է, որ պարզ լինի»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը: Քննիչը նշեց, որ այդ հանգամանքները պարզաբանելու համար նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, որոնց արդյունքում պարզ կդառնա ամեն ինչ:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր ոստիկանության հաղորդագրությունը, թե օգոստոսի 25-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հազվադեպ մակերեսային շնչառությամբ, սրտի անբավարար աշխատանքի նշաններով» բուժօգնության է տեղափոխվել Աղավնաձոր գյուղի բնակչուհի, 2012 թ. ծնված  Մարի  Պողոսյանը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Մ. Պողոսյանը տան դիմացի ճանապարհին վայր է ընկել եւ ստացած վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ ժամը 21.10-ին մահացել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Մ. Պողոսյանի հորեղբայրը  «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով իրենց տան մոտ` գյուղամիջյան ճանապարհին, վրաերթի է ենթարկել երեխային` պատճառելով մահ: Կատարվում է նախաքննություն:

Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ իրականում հորեղբայրը վրաերթի չի ենթարկել փոքրիկին, պարզապես նա իրեն այդպես է ներշնչել եւ էմոցիաների ազդեցությամբ էլ այդպիսի հայտարարություն արել ոստիկանությունում: Գյուղապետի փոխանցմամբ` հորեղբայրը տնից դուրս է եկել, նստել մեքենան, երեխայի հայրը մոտեցել է հորեղբորը, մեքենայի լուսամուտով սկսել են իրար հետ խոսել, թե «գնա էս-էս բաները առ, խանութից բեր»: Այդ ժամանակ երեխան եղել է տան դարպասի մոտ, եւ ընկել է տան դարպասի եւ մեքենայի արանքը եղած թեք հատվածը, կողքը դիպել է բետոնի նստարանին, ընկել է մեքենայի տակ: Այնուհետեւ երեխայի ձայնից հորեղբայրը եւ հայրը հանկարծակիի են եկել, մեքենայի դուռը բացելով տեսել են, որ երեխան ավտոյի տակ է, մինչդեռ մեքենան չի շարժվել տեղից: «Մտածում էին, որ երեխեն ընկել է ավտոյի տակ, բայց իրականում այդպես չէ: Ընկել է, կողքը կպել է քարին: Հորեղբայրը մտածել է, թե իր մեղքով է եղել, վախեցած է, մտածել է, թե ինքն է արել: Բայց դիահերձեցին, ոչ մի կոտրվածք, ոչ մի բան չկա, երեխան ընկել է, մի քիչ կապտուկ ուներ, մեկ էլ լյարդն է վնասված եղել, ներքին արյունահոսություն է սկսված եղել»,- ասել էր գյուղապետը: Աշոտ Գալստյանը շեշտել է, որ եթե իրականում մեկ տարեկան երեխան ընկներ մեքենայի տակ, ապա ջարդուփշուր կլիներ, բայց նա ոչ մի վնասվածք չի ունի: