NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Աղավնաձոր գյուղում «հորեղբոր` 1-ամյա փոքրիկին վրաերթի ենթարկելու» դեպքի մասին: Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ իրականում հորեղբայրը վրաերթի չի ենթարկել փոքրիկին, պարզապես նա իրեն այդպես է ներշնչել եւ էմոցիաների ազդեցությամբ էլ այդպիսի հայտարարություն արել ոստիկանությունում: Գյուղապետը պատմեց, թե ինչպես է եղել դեպքը: Նրա փոխանցմամբ` հորեղբայրը տնից դուրս է եկել, նստել մեքենան, երեխայի հայրը մոտեցել է հորեղբորը, մեքենայի լուսամուտով սկսել են իրար հետ խոսել, թե «գնա էս-էս բաները առ, խանութից բեր»: Այդ ժամանակ երեխան եղել է տան դարպասի մոտ, եւ ընկել է տան դարպասի եւ մեքենայի արանքը եղած թեք հատվածը, կողքը դիպել է բետոնի նստարանին, ընկել է մեքենայի տակ: Այնուհետեւ երեխայի ձայնից հորեղբայրը եւ հայրը հանկարծակիի են եկել, մեքենայի դուռը բացելով տեսել են, որ երեխան ավտոյի տակ է, մինչդեռ մեքենան չի շարժվել տեղից:

«Մտածում էին, որ երեխեն ընկել է ավտոյի տակ, բայց իրականում այդպես չէ: Ընկել է, կողքը կպել է քարին: Հորեղբայրը մտածել է, թե իր մեղքով է եղել, վախեցած է, մտածել է, թե ինքն է արել: Բայց դիահերձեցին, ոչ մի կոտրվածք, ոչ մի բան չկա, երեխան ընկել է, մի քիչ կապտուկ ուներ, մեկ էլ լյարդն է վնասված եղել, ներքին արյունահոսություն է սկսված եղել»,- ասաց գյուղապետը:

Նա ասաց, որ երեխայի ընկնելուց հետո ծնողները նրան գրկել են, տուն են տարել, երեխան քայլել է, խոսել է, բայց հետո տարօրինակ բաներ են նկատել, տարել գյուղի բժշկի մոտ, ով ասել է, որ անհապաղ հասցնեն հիվանդանոց: Երեխային հասցնում են հիվանդանոց, սակայն մինչեւ «սիստեմա» միացնելը երեխան մահացել է: Գյուղապետը նշեց, որ եթե միանգամից երեխային տանեին հիվանդանոց, ապա անմիջապես կվիրահատեին եւ նա կփրկվեր:

Աշոտ Գալստյանը շեշտում է, որ եթե իրականում մեկ տարեկան երեխան ընկներ մեքենայի տակ, ապա ջարդուփշուր կլիներ, բայց նա ոչ մի վնասվածք չի ունեցել:  Գյուղապետի խոսքով` այս դեպքից ամիսներ առաջ հորեղբոր աչքի առաջ մի քաղաքացի վրաերթի էր ենթարկել եւ մահացել, դրանից առաջ էլ հայրն էր մահացել, այդ պատճառով էլ շատ վախեցած է, եւ հիմա այս ամեն ինչը վերագրում է իրեն: «Բայց հորեղբայրը մեքենան չի վարել, ընթացքի մեջ չի եղել: Երբ  արդեն այսօր առավոտ ուշքի էր եկել, ասում է` ախր մենք ավտոն չենք շարժել, ոնց ընկավ ավտոյի տակ, դատական բժիշկները երբ դիահերձեցին պարզվեց, որ իրականոմ մեքենայի տակ չի ընկել, եթե ընկներ տակը, պատկերացնում եք ինչ կդառնար: Էմոցիաների տակ ամբողջ վերագրել էր իրեն., ասել է` ես եմ գցել մեքենայի տակ, ոստիկանությունը իր բացատրությունը ընդունել է հիմք, բայց այսօր արդեն պարզվեց, որ մեքենայի տակ չի գցել: Ուղղակի ինքը էդ ներշնչանքի տակ իրեն է վերագրել»,- ասաց Աշոտ Գալտսյանը:

Գյուղապետը նշեց, որ 1-ամյա Մարին ընտանիքի միակ զավակն է, սիրուն, ճարպիկ, շարժունակ երեխա էր, ծնողները 24 տարեկան էր, հորեղբայրը մեկնել էր արտագնա աշխատանքի, վերջերս էր վերադարձել ինչ-որ գործերի բերումով:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր ոստիկանության հաղորդագրությունը, թե օգոստոսի 25-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հազվադեպ մակերեսային շնչառությամբ, սրտի անբավարար աշխատանքի նշաններով» բուժօգնության է տեղափոխվել Աղավնաձոր գյուղի բնակչուհի, 2012 թ. ծնված  Մարի  Պողոսյանը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Մ. Պողոսյանը տան դիմացի ճանապարհին վայր է ընկել եւ ստացած վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ ժամը 21.10-ին մահացել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Մ. Պողոսյանի հորեղբայրը  «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով իրենց տան մոտ` գյուղամիջյան ճանապարհին, վրաերթի է ենթարկել երեխային` պատճառելով մահ: Կատարվում է նախաքննություն: