Վրաստանի Քոբուլեթի քաղաքի ափամերձ տարածքում հայտնաբերված 16-ամյա Հ. Մ-ի մահվան պատճառը պարզ կլինի 20 օրից, երբ հայտնի կդառնան հետազոտությունների արդյունքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալավերդի քաղաքի Ըմբշամարտի դպրոցի տնօրեն Ժորա Նալբանդյանը, ով նրան եւ մի շարք այլ աշակերտների տարել էր Վրաստան` Ըմբշամարտի մրցումների:
«Այդ օրը ինքը ծովում լողացել է, ափին մոտ, քանի որ լողալ չգիտեր: Ուժեղ ալիքներ, փոթորիկ չի եղել: Ոչ մեկս չգիտենք` իր հետ ինչ է կատարվել, 20 օրից պարզ կլինի, երբ հետազոտությունների արդյունքները հայտնի լինեն: Իր կողքին մարզիչներ, այլ երեխաներ են եղել: Ջրից դուրս գալուց հետո` հագնվելիս, տեսել են, որ ինքը չկա: Իսկ դուք տեսած եք` մարդը խեղդվի սուսուփուս, խեղդվողը ձեռքը փրփուրին էլ է գցում, իսկ էդ երեխան ձեն էլ չի հանել, նրան մոտ գտնվող մարդիկ են եղել, ոչ մի ձայն չեն լսել: Ինձ թվում է` կամ սիրտն է կանգնել, կամ ինֆարկտ է եղել, քանի որ ոչ մի ձայն չի հանել»,- ասաց ժորա Նալբանդյանը:
Նա նշեց, որ երեխայի մարմինը լողալու տեղից 100 մետր հեռու են հայտնաբերել: Ժորա Նալբանդյանն այժմ իրեն շատ վատ է զգում, քանի որ մահացողը իր ընկերոջ որդին էր, ում ինքը շատ էր սիրում: Ըմբշամարտի դպրոցի տնօրենն ասաց, որ դեպքը եղել է այնտեղ գտնվելու երկրորդ օրը, երեխաները մրցումների չեն մասնակցել եւ անմիջապես վերադարձել են Հայաստան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայտնաբերվել է Վրաստանի Քոբուլեթի քաղաքի ափամերձ տարածքում սեպտեմբերի 7-ին` ժամը 18.00-ի սահմաններում կորած է ՀՀ քաղաքացի, Ալավերդի քաղաքի ըմբշամարտի դպրոցի սան Հ. Մ. (ծնվ. 1997թ.,) դին: Ժամը 14.34-ին ջրասուզակ-ջրափրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձվածի դին: Տղան գնացել էր Վրաստան` մասնակցելու սեպտեմբերի 5-սեպտեմբերի 13-ը Վրաստանում կայանալիք ըմբշամարտի մրցումներին:




























