Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը Վարչական դատարանում դատի է տվել կառավարությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը:
«Իմ սնանկացումը իրենց ձեռքով տեղի ունեցավ, հիմա էլ տեր չեն կանգնում: Ավելին` դատի եմ տվել եւ կառավարությանը, եւ , էկոնոմիկայի նախարարությանը եւ, ֆինանսների նախարարությանը, եւ Կենտրոնական բանկին»,- ասաց Փայլակ Հայրապետյանը: Նրա խոսքով, եթե Հայաստանում արդար դատաքննություն չիրականացվի, դիմելու է Եվրադատարան: «Իրենք են մեր պետության պատվի հետ խաղում: Արդեն մարդու համբերության բաժակը լցրել են: Ես գնալու եմ մինչեւ վերջ»,- ավելացրեց Փայլակ Հայրապետյանը:
Ավելի վաղ Հայրապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ 2009 թ էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ հանդիպում-խորհրդակցություն է կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որին ներկա է եղել նաեւ ինքը։ Հանդիպման հիմքում եղել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Խորհրդակցությանը ներկա են եղել նաեւ վարչապետը։«Այդ օրը գործարարներից Աշոտ Սուքիասյանը, ով «Ձորագյուղ» ԱԿ նախագահն էր, ներկա գործարարներին հավաստիացրեց, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան եւ ավելի բարձր որակի ապրանք առաջարկել, քանի որ ինքն Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Ավելին` Սուքիասյանը ծրարով բերեց իր ապրանքը՝ 370 կարատ ադամանդի հումքը, եւ գործարարները հավանություն տվեցին: Բայց գործը սկսելու համար Սուքիասյանը 12 միլիոն դոլար ներդրում պահանջեց՝ սարքավորումներ, մեքենաներ գնելու համար: Ես, լինելով բոլորից ավելի տարիքով եւ լինելով հայրենասեր, առաջարկեցի գրավադրել իմ ունեցվածքը»,– մանրամասնել էր Փայլակ Հայրապետյանը եւ ավելացրել, որ համաձայնության գալուց հետո գրավադրում է 33 միլիոն դոլարի արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլար տալիս Սուքիասյանին:
Ընթացքում նա վերցված գումարներով, ոչ աշխատանք էր իրականացրել, ոչ գումարն էր վերադարձրել: Դատական գործ էր սկսվել, որի ընթացքում Հայրապետյանները կորցրել էին իրենց ընտանիքին պատկանող «Հայաստան» հանրախանութի մի մասը:



























