News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

«Օրենքով գող»  Դեդ Հասանի «գահի» համար մինչեւ հիմա փոխարինող չի ընտրվել, քանի որ նրա աթոռը պետք է  զբաղեցնի Շաքրո Մալադոյը: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեական թեմաներով գրող Սերգեյ Գալոյանը:

Նրա խոսքով՝ Շաքրոյի պատժաչափը մոտ երկու ամիս առաջ է լրացել, բայց փաստաթղթային ձեւակերպումների խնդիր կա: «Կարող է մեկ ամիս հետո  գալ, կարող է մեկ օր հետո գալ: Մեր «Պզոյին» այնտեղից ազատեցին, բայց  պատժաչափը լրանալուց երկու ամիս հետո դուրս եկավ»,- ասաց Սերգեյ Գալոյանը՝ հավելելով, որ փորձեր արվել են Դեդ Հասանի «գահին» այլ գողեր կարգել, սակայն դա երկար չի տեւել:

«Այսպես ասած, ամեն բան փորձարկեցին, բայց էական արդյունք չտվեց: Տեսան, որ չի ստացվում: Մի անգամ հորեղբոր տղան նստեց, մեկ անգամ մեկ ուրիշը, բայց չստացվեց: Հիմա բոլորը սպասում են Շաքրոյի վերադարձին»,- ասաց Սերգեյ Գալոյանը: 

Նշենք, որ 59-ամյա Շաքրոն հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս, ԱՄՆ-ում ընդգրկված է «եղբայրություն» ցանկի մեջ: Նա ծնվել է Թբիլիսիում, եւ, ինչպես Դեդ Հասանը, ազգությամբ եզդի է: Նա բազմաթիվ թշնամիներ ունի, մի քանի անգամ մահափորձ է կատարվել նրա դեմ:  1999թ. Շաթրոն տեղափոխվել էր Իսպանիա եւ հանգրվանել Կոստա-դել-Սոլ առողջարանում: 2005թ. Իսպանիայում «Բոռ» գործողություն էր եղել եւ Շաքրոյի շատ մտերիմներ բանտարկվել էին, իսկ նա փախել էր Արաբական Միացյալ Էմիրություններ: Այնտեղ նրան ձերբակալել եւ հետ էին ուղարկել` դատապարտելով 7,5 տարվա ազատազրկման: Վրաստանում էլ նրան հեռակա դատապարտել են 11 տարվա ազատազրկման` մի գործարարի առեւանգման համար:Հիշեցնենք, Դեդ Հասանին սպանել են հունվարի 16-ին՝ Պովարսկայա փողոցում ռեստորանից դուրս գալիս: Դիպուկահարը կրակել էր հարեւան շենքի տանիքից, գնդակը դիպել էր քրեական հեղինակության գլխին: Նրան կլինիկական մահվան վիճակում տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել էր: Փորձագետները կարծում են, որ Ուսոյանի սպանությունը կարող է քրեական նոր փոխատեղություններ առաջացնել Ռուսաստանում:

Տպել
Ամենաշատ