Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով մեղադրյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը եւ նրա փաստաբանը դատարանում կբողոքարկեն ՀՔԾ-ի որոշումը՝ գործով քննիչի Կոտայքի մարզի ավագ դատախազի նկատմամբ քրեական հետապնդում չիրականցնելու մասին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ որպես շահագրգիռ կողմ՝ մինչեւ չծանոթանա գործի նյութերին, չի կարող ասել, թե ինչ փաստեր է ՀՔԾ-ն  հաստատված համարել եւ ինչ փաստերի հիմքով են հանցակազմ չտեսել:

«Դերասանը եւ իր կինը ներկայացրել են այնպիսի փաստեր, որոնք հաստատվելու դեպքում կլիներ հանցակազմ,պետք է տեսնենք՝ հաստատվել են այդ փաստերը, թե ոչ, մինչեւ չծանոթանանք որոշմանը, չենք կարող ասել: Հանցակազմ լինելու համար պարտադիր է, որ լինեն ծանր հետեւանքներ, պետք է նայել, թե որ փաստերն են հաստատվել եւ արդյոք պատճառահետեւանքաին կապը դիտարկվել է, թե ոչ:

Եթե փաստերը սխալ հաստատված լինեն, կդիմենք դատարան,  կամ ճիշտ հաստատված լինեն, սակայն սխալ իրավական գնահատակն տրված լինի, նորից կդիմենք դատարան, պարտադիր այդ որոշումը կբողոքարկենք դատարան»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նշենք, որ ՀՔԾ-ն հանցակազմի բացակայության հիմքով մերժել էր Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի պահանջը՝ ոստիկանության Կոտայքի մարզի Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Հայկարամ Հակոբյանին եւ Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Արմեն Առաքելյանին քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ: