Հայաստանի նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը անհեթեթ սուտ եւ լկտիություն է որակում իր՝ Կալիֆոռնիայում երկու տուն գնելու մասին լուրերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը: «Դրանից ավելի անհեթեթ, մեծ սուտ եւ լկտիություն չի կարող լինել, դա սուտ է, լկտի սուտ»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե եթե լրատվամիջոցը հրապարակի հասցեները. ինչպես եւ խոստացել է, նա այսպես արձագանքեց. «Ես հո՞ երեկվա երեխան չեմ: Ձեր բոլորի կարծիքը իմ մասին սխալ է, ես ավելի ազնիվ եմ այս կյանքում, քան դուք մտածում եք, եթե նույնիսկ մի հատ «բուդկա» ձեռք բերած լինեի, կասեի՝ մի հատ «բուդկա» եմ առել ընկերոջս անունով, երեխուս, բաջանաղիս, բայց որ նման բան չկա, ես ինչից վախենամ, ի՞նչ նկար, ի՞նչ բան, չկա նման բան, գոնե ընկերոջ, բարեկամի անունով մի հատ նման բան գտնեք, կասեմ հալալ է ձեզ, բայց չկա նման բան»: Ալիկ Սարգսյանը խսստացավ արտերկրում որեւէ անշարժ գույք գնելիս անձամբ հայտարարել այդ մասին:

Ինչ վերաբերում է Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում քեֆի մասնակցելուն, երգելուն, պարելուն, նախկին ոստիկանապետը դա չհերքեց՝  նշելով, որ հրավեր է եղել, ինքը գնացել, մասնակցել է բոլորի պես, մի կոտր հաց է կերել եւ եկել է տուն. «Ինչ երգել, ինչ պարել, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, նախ՝ նման բան չի եղել, բայց երկրորդը՝ եթե նման բան եղած լինի,այդ ո՞ր հոդվածով եք արգելել իմ երգել, պարելը, ինձ չի՞ կարելի, ես սովորական մարդ չե՞մ, պարը արգելվա՞ծ է, բայց նման բան չի եղել»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ անձնական հարցերով էր գնացել ԱՄՆ՝ ընտանիքի անդամներից մեկը առողջական լուրջ խնդիրներ ուներ, տարել էր հետազոտման: Բայց նախկին ոստիկանապետը մի քանի անգամ շեշտեց, որ չի պատրաստվում արտագաղթել Հայաստանից: «Էս իմ երկիրն է, ոչ մեկին չեմ թողելու իմ երկիրը, ես այստեղից գնացող չեմ, չգիտեմ՝ ինչի է ձեռ տալիս իմ գնալը, բայց ես էս երկրում արած գործ ունեմ, ում թողեմ, գնամ, էս տարիքում գնամ ի՞նչ դառնամ, ո՞վ դառնամ, ո՞ւմ հետ նստեմ նարդի խաղամ, ես այստեղ ավանդ ունեմ ներդրած, գործ ունեմ արած, անուն, պատիվ, հարգանք ունեմ, ուր գնամ, կարո՞ղ է գնամ զրոյից սկսեմ, ասեն՝ էս ով է, ասեն՝ նախկին ոստիկան է եղել, ինձ դա պետք է, ես նախկին ոստիկան չեմ, ես պատմություն ունեմ կերտած, այստեղից գնացող չեմ, գնամ՝ ինչ է թե «Կոկա-կոլա» խմեմ, «Պեպսի-կոլա» ու համբուրգեր, իմ ինչի՞ն է դա պետք»:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, «նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին թերեւս ՀՀ նախագահականի պասիվ ու անորոշ կյանքը ձանձրացրել էր, եւ նա որոշել է օվկիանոսից անդին զվարճություններ փնտրել: Նրան վերջերս տեսել են Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում՝ քեֆ անելիս:

Ներկաները հիացմունքով վայելել են Սերգեյիչի երգն ու պարը: Իսկ ակորդեոն չի՞ նվագել՝ հետաքրքրվեցինք մենք, պարզվեց՝ ոչ: Ըստ մեր աղբյուրների, նախկին ոստիկանապետն այդկերպ տոնել է իր վերջին «ձեռքբերումները»՝ երկու շքեղ առանձնատունը Կալիֆորնիայում:

«Մենք վստահ ենք, որ այս հրապարակումից հետո  նա իրեն հատուկ խանդավառությամբ կհերքի, որ նման բան չկա, իրեն որտեղի՞ց այդքան գումար, սակայն խոստանում ենք հրապարակել առանձնատների հասցեները:

Իսկապես՝ որտեղի՞ց մեր բարձրաստիճան ոստիկաններին այդչափ գումար: Մեկ այլ նախկին «ոստիկանապետ» էլ՝ Ներսիկ Նազարյանն օրինակ, Դուբայում հարյուր հազարավոր դոլարներ շաղ տալով՝ շշմելու Նոր տարի է նշել»,- գրել է թերթը: