Հունվարը երկրորդ անգամ ճակատագրական դարձավ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներխուժման ժամանակ զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի համար, որովհետև Արմենի հորեղբայրը, որի անունով կոչել էին զոհված սերժանտին, մահացել էր հենց հունվարի վերջին օրերին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Արմենի հարազատները:
«Արմենի հորեղբայրը մահացել է 23 տարի առաջ հենց այս օրերին: Թոքերի հիվանդություն ուներ»,- պատմեցին հարազատները:
Այսօր, ժամը 14:00-ին, տեղի կունենա Արմենի հուղարկավորությունը։ Հերոսին հրաժեշտ տալու են գնացել նրա հրամանատարները, մեծ թվով բարձրաստիճան սպաներ, ծառայակիցները, նրանց ծնողները, որոնք մոտենում են Արմենի ծնողներին ու շնորհակալություն հայտնում. «Ձեր որդու շնորհիվ են այսօր մեր զավակները կենդանի»։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին Հովհաննիսյանների տանն է նաեւ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Հերոսի մահով ընկած սերժանտին հրաժեշտ տալու ու նրանց ծնողներին ցավակցելու են գնացել նաեւ բազմաթիվ անծանոթ քաղաքացիներ։
Արմենին կհուղարկավորեն զինվորական կարգով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Ժամը 15:30-ին կկայանա մեդալի հանձնում, որին ներկա կլինի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























