News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի տուն «այցելության» դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով: Գյումրիի քաղաքապետի նախկին որդին առայժմ որեւէ կարգավիճակ չունի, սակայն դատելով վերջին զարգացումներից, մասնավորապես՝  Շիրակի ոստիկանապետի փոփոխությունից, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Շիրակ այցելությունից, չի բացառվում, որ այս անգամ Սպարտակ Ղուկասյանը ջրից չոր դուրս չգա:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները գոռգռացել են, հայհոյել Բալասանյանին, սպառնացել, թե «խփել կտանք»: Տարածքի բնակիչները վախից փակել են դռները եւ հեռացել, իսկ Գյումրիի քաղաքապետը տանը չի եղել, նա այդ ժամանակ ԱՄՆ-ից վերադառնում էր Հայաստան: Բալասանյանի ընտանիքի անդամները որեւէ կերպ չեն արձագանքել Սպարտակ Ղուկասյանի հերթական «ներկայացմանը»: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս ամենը տեսագրել էին տարածքի տեսախցիկները, եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը այս անգամ վճռական է տրամադրված, տեսախցիկների ձայնագրությունը տրամադրվելու է իրավապահներին:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ քաղաքապետը այդ օրը երեկոյան է վերադարձել Հայաստան, մամուլում շրջանառվող դեպքերի ականատես չի եղել, քանի որ տանը չի եղել: «Ամեն դեպքում, անկախ ամեն ինչից,  թե ովքեր են եղել կամ ովքեր չեն եղել, կան տեսախցիկների արձանագրած տեսագրությունները, որոնք հետագայում կօգտագործվեն մեր կողմից»,- հայտնել էր մամուլի քարտուղարը:

Իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներն ուսումնասիրվում են: Վարդան Ղուկասյանի որդու հարձակման տեսագրությունը հայտնվել է համացանցում, նա հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություններ տալու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ