Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 30-ին, Արսեն Առաքելյանին մեղավոր ճանաչեց իր 36-ամյա կնոջը՝ Լուսինե Դավթյանին սպանելու մեջ եւ դատապարտեց 11 տարվա ազատազրկման: Դատարանը նաեւ որոշեց մեղադրյալից հօգուտ տուժող կողմի բռնագանձել 1,5 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում հուղարկավորության ծախսերի համար:

«Ավաղ, շատ ափսոս, կորցրածս անդառնալի է, վերքս՝ խորը, ցավս՝ անբժշկելի: Ներիր ինձ աղջիկս, ներիր ինձ տղաս՝ Արմանս»,- դատարանում իր վերջին խոսքն արտասվելով ասաց մեղադրյալը՝ նշելով, որ սիրել է կնոջը։

Նշենք, որ մինչեւ այդ ճառով հանդես եկավ մեղադրյալի փաստաբան Կարեն Ստեփանյանը, որն ասաց, որ ամբաստանյալն իր մեղավորությունն ընդունել է եւ պատրաստ է կրել դատարանի կողմից ընդունված պատիժը, նաեւ միջնորդեց նշանակել հնարավորին մեղմ պատիժ:

Ամբաստանյալ Արսեն Առաքելյանն իր ճառում մեջբերեց Պարույր Սեւակի «Ցավն է հաճախ առաջ մղում» բանաստեղծությունը, ապա ասաց, որ ինքը հասկանում է տուժող կողմի հոգեվիճակը, եւ իր միակ ցանկութունն է, որ երեխաներն իրեն ներեն ու հոր հարազատների դեմ չթշնամանան։

Նշենք, որ ամբաստանյալը «անձի խառը խանգարումներ» ունի եւ կալանավայրում լինելու է հոգեբույժի հսկողության ներքո:

Դատական նիստից հետո ամբաստանյալի մայրը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ թոռանը հարսի ծնողները տրամադրում են հոր եւ նրա հարազատների դեմ։ «Փոքր տղան՝ Արմանը, ասում է, որ մեծանա, հորը սպանելու է։ Ինչո՞ւ պիտի 5 տարեկան երեխան տենց բան մտածի, ասի»,- ասաց նա։

Տատի խոսքով՝ նույն կերպ հարսի ծնողները «սովորեցրել են» մահացածի դստերը, որ հոր դեմ «սուտ ցուցմունք տա»։

Լուսինեի դուստրը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն ոչ ոք ոչինչ չի սովորեցրել. «Ես տեսել եմ։ Եթե չտեսնեի, չէի ասի։ Ուղղակի իրանց ձեռք չի տալիս, որ ես նման բան ասեմ, քանի որ մերոնցից մենակ ես եմ եղել, ու հիմա իրանք խոսքերը մեկ են արել»։

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի աշխատակից Սոնա Հովակիմյանը NEWS.am-ին ասաց, որ Լուսինեի դուստրը սթրես է տարել ոչ միայն մոր սպանությունը տեսնելու պատճառով, այլեւ այն բանից հետո, երբ ստիպված է եղել դատարանում հոր դեմ ցուցմունք տալ։ Նա այժմ հոգեբանական օգնություն է ստանում Կանանց աջակցման կենտրոնում։

Հիշեցնենք, որ 37-ամյա Արսեն Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 17:30-ից 18:00-ի սահմանում իր եղբայր Արտակ Առաքելյանի՝ Մուսալեռ գյուղում գտնվող տանը ընտանեկան անհաշտությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կնոջը՝ 36-ամյա Լուսինե Դավթյանին սպանելու` ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի աջ և ձախ կեսերին, որովայնի առաջային պատին և վերին վերջույթներին, որի հետևանքով վերջինս ստացա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ նույն օրը` ժամը 23:00-ին մահացել է: