Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների հետեւանքով վիրավորված Կնյազ Ղազարյանի  մարտի 10-ի լույս 11-ի գիշերը մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Նա նշեց, որ տղամարդու վնասվածքները բարդ էին, հենց սկզբից էլ վիճակը ծայրահեղ ծանր էր եւ որեւէ տեղաշարժ չեղավ: Մյուս 5 վիրավորների վիճակը լավ է, երկուսը գտնվում են «Էրեբունի» հիվանդանոցու, երեքը՝ Գյումրիի հիվանդանոցում: Արմեն Իսահակյանը նշեց, որ իրենց մոտ գտնվող տուժողներին հնարավոր է վաղը դուրս գրի, վիճակները լավ են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի Արցախ թաղամասում` Տերյան փողոցում, գիշերը կրակոցներ են հնչել: Ժամը 23:30-ից մինչեւ 00:30-ը սահմաններում տարբեր վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 մարդ: Վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրող-ծակող գործիքներից:

Հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը պարզ է` Ղազարյան Սմբատ, Ղազարյան Գագիկ, Ղազարյան Կնյազ, Հակոբյան Վլադիմիր, Գեւորգյան Համլետ, Ղուկասյան Գագիկ: Նրանցից երեքին ծանր վիճակում տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Երեւան տեղափոխվածներն են Կնյազ Ղազարյանը (հրազենից ստացված գանգուղեղային վնասվածքով), Գագիկ Ղազարյանը (հրազենից ստացված ձախ ուսի հատվածում վնասվածքով) եւ Գագիկ Ղուկասյանը (բութ գործիքով հարվածի հետեւանքով գանգուղեղային վնասվածքով)։

Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները Գյումրիի տարբեր թաղամասերից են՝ Արցախ, Սունդուկյան, Կ. Դեմիրճյան փողոցներից:

Կրակոցները հնչել են Տերյան փողոցում` «Պեգաս» խանութի մոտ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ 2007 թվականին նույն այդ խանութի մոտ տեղի էր ունեցել փոխհրաձգություն` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի որդիների ու նրանց ընկերների միջեւ: http://news.am/arm/news/256339.html