News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրության ծավալելու համար կալանավորված եւ 90 օր անազատության մեջ մնալուց հետո ստորագրությամբ ազատ արձակված Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն այցելել է հիվանդանոց՝ հետազոտվելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը՝ հավելելով, որ ինքը կցանկանար ոչ թե պառկեր հիվանդանոցում, այլ գար բուժումները ստանար ու գնար: Ներկայացնում ենք նրա հետ NEWS.am-ի հարցազրույցը:

Պարոն Հակոբյան, անազատության մեջ փաստաբանը ահազանգում էր ձեր առողջական վիճակի մասին, այժմ պետք է վիրահատվե՞ք:

Դե տեսնենք, բժիշկները նայում են, կխորհրդակցենք, կորոշենք:

Առողջական խնդիրները, անազատությունը վատ է ազդում մարդու վրա, բայց բուժանձնակազմը 3-4 ժամը մեկ այցելում էին, տեսնում էին, բուժումներ էի ստանում, սրսկումներ, դեղեր, կաթիլայիններ: Տարբեր բժիշկներ են եկել իմ մոտ՝ իրենց հրավերով:

Ինչպե՞ս եղավ, որ ազատվեցիք կալանքից:

Դե մենք գումար մուծեցինք, 169մլն դրամ ենք մուծել, դա չվճարված հարկն է, որպես պետբյուջեին հասցված վնաս:

Հետհայացք նետելով՝ ի՞նչ կարծիքի եք, ո՞ւմ էր պետք Ձեր անազատության մեջ հայտնվելը, հնարավո՞ր է կապված է ձեր ֆիլմի հետ:

Չէ, չէ, բացարձակապես ֆիլմի հետ կապ չունի, էդ ակտը գրվել էր ավելի վաղ: Ֆիլմի հետ կապված ոչինչ չկա, պարզապես հաշվապահը շփոթվել էր, սխալ էր  հաշվարկ արել, ես էլ ասել էի՝ եթե կապացուցվի, որ իմ հաշվապահը շփոթվել է, մենք պատրաստ ենք պետության հետ կապված վճարումները կատարենք: Ընթացքում ապացուցվեց, փորձագետները նույնպես տվեցին, տեսանք, որ վրիպակը մենք ենք արել, համոզվելուց հետո վճարեցինք:

Իսկ որտեղի՞ց այդքան գումար՝ պա՞րտք էիք արել, թե՞ ունեիք:

Ոչինչ, նորմալ է:

Իսկ ձեր գործի շրջանակներում կալանքի տակ է նաեւ ձեր ընկերության տնօրենը, ի՞նչ պետք է արվի:

Նա կալանքի տակ է, բայց երեւի մի քանի օրից նա էլ կազատվի, գումարը վճարվել է: Տնօրենի հետ կապված մի քանի գործողություն կա դեռ:

Հիմա Ձեր դեմ հարուցված գործը կկարճե՞ն:

Չգիտեմ ինչ կլինի, համենայն դեպս, մենք պետության առաջ մաքուր ենք:

Իսկ ի՞նչ է լինելու Ձեր՝ Ցեղասպանության մասին ֆիլմի ճակատագիրը:

Տեսնենք, դեռ մի  քանի ժամ է, որ դուրսն եմ, այն ժամանակ ես էի ասել, որ դադարեցրեք, քանի որ չէի կարող այնտեղից գործողություններ իրականացնել: Հիմա տեսնենք ինչ է լինում՝ տեսնենք, ուսումնասիրենք, ինչքան պահանջարկ կա, հիմա դնենք, աշունը դնենք, միգուցե դրսից սկսենք, դրսով գանք Հայաստան, հետո այստեղ ներկայացվի:

Հիմա ինչո՞վ եք զբաղվելու:

Իմ գործերով, արդեն հանձնարարություններ եմ տվել գործի հետ կապված, աշխատողները կաշկանդված էին, եկանք, ասացինք, որ ամեն մարդ զբաղվի իր աշխատանքով, մտանք բնականոն աշխատանքային փուլ:

Ի՞նչ հուշեր կան կալանավայրից:

Ես կուզեի, որ ամեն մարդ թեկուզ կարճ ժամանակով էնտեղ հայտնվեր, որ իմանար, որ այնտեղ էլ են մարդիկ ապրում, այնտեղ էլ կյանք կա, կան պրոբլեմներ, որոնք որ պետք է լուծել: Եվրոխորհուրդը մեծ պահանջներ է դրել՝ կապված Հայաստանի բանտերի հետ, դրանք կատարվում են ժամ-ժամ՝ ի շահ կալանավորների, մարդու իրավունքների, դա ես տեսնում էի, պարբերաբար այցելում էին, տեսնում մարդկանց: Փոփոխություններ կան դեպի դրականը, էն որ ասում են՝ ծեծում են կալանավորներին, նման բաներ չկա:

«Հիմնադիր խորհդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանի հետ նույն խցում էիք, վեճեր չէ՞ին լինում:

Նույն խցում էինք, շատ հիանալի անձնավորություն էր, ինքը իր հայացքները ուներ այսօրվա իշխանությունների հետ կապված, ես էլ ունեի իմ հայացքները: Մենք միշտ զրուցում էինք, մարդկանց չվիրավորենք, մնացած ցանկացած քննարկում կոռեկտության չափի մեջ ընդունելի է, կոռեկտ, հանգիստ քննարկումներ էինք անում, ես ունեի իմ համոզմունքը, ինքը՝ իրենը:

«Նուբարաշենում» հատուկ վերաբերմունք կա՞ր ձեր հանդեպ որպես նախկին պատգամավոր:

Բոլորի հանդեպ էլ կար հատուկ վերաբերմունք, գուցե հիվանդությունն էր պատճառը, որ իմ նկատմամբ մի քիչ ավելի հատուկ էր, բայց օրենքը հավասար է բոլորի համար էլ:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը

Տպել
Ամենաշատ