News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը պատմում է դեսպանատան գործունեությանհայ-լեհական հարաբերություններիհայ համայնքի մասին։

Պարո՛ն դեսպան, ներկայացրե՛ք Լեհաստանում ՀՀ դեսպանության գործունեությունն ու աշխատանքի հիմնական ուղղությունները:

Լեհաստանում ՀՀ դեսպանությունն իր գործունեությամբ փորձում է առավել խորացնել եւ զարգացնել հայ-լեհական հարաբերությունները, Լեհաստանի քաղաքական, հասարակական շրջանակներին, ինչպես նաեւ Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին մանրամասն տեղեկություններ ներկայացնել Հայաստանի, ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի վերաբերյալ, որակյալ հանրային, այդ թվում հյուպատոսական ծառայություններ մատուցել Լեհաստանում ապրող մեր հայրենակիցներին, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիներին եւ այլն: Հարկ է նկատել, որ այդ ուղղություններով մինչ այժմ իրականացված հսկայածավալ աշխատանքը հրաշալի հենք է ստեղծում հետագա գործունեության համար: Մենք աշխատում ենք բարեկամական մթնոլորտում՝ շրջապատված բարեկամ ժողովրդի դրական վերաբերմունքով եւ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության պատրաստակամությամբ: Արդեն 23 տարի է, որ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ գոյություն ունեն դիվանագիտական հարաբերություններ: Դրանք նշանավորվել են տարբեր տարիների բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ այցելություններով, տարբեր ոլորտներում համագործակցության միջպետական համաձայնագրերով, առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմամբ, մշակութային կապերի ամրապնդմամբ եւ այլն: Հայաստանը եւ Լեհաստանը կարեւոր գործընկերներ են նաեւ միջազգային հարթակներում, որտեղ բազմաթիվ են տարբեր միջազգային հարցերի հանդեպ ունեցած դիրքորոշումների եւ գործողությունների ընդհանրությունները:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՀ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին Լեհաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ, 25, հունիսի 2013թ.

Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում հայ-լեհական գործարար շրջանակների միջեւ շփումների ակտիվացման ուղղությամբ:

Տնտեսական հարաբերությունների աշխուժացումը հանդիսանում է մեր գործունեության գերակայություններից մեկը, քանզի Լեհաստանը հանդիսանում է Եվրոպական միության ամենամեծ եւ արագ զարգացող տնտեսություն ունեցող երկրներից մեկը: Այն մեծ հնարավորություններ կարող է ընձեռել Հայաստանից ապրանքների արտահանման առումով: Իր հերթին, վերջին ժամանակաշրջանի զարգացումները նոր իրավիճակ են ստեղծում Հայաստանում լեհական ընկերությունների գործունեության ծավալման համար: Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միությանն Հայաստանի անդամակցությունը, միասնական այդ մեծ շուկայի մատչելիությունը, հարեւան Վրաստանի եւ Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններն  ու առեւտրի հնարավորությունները,   ԵՄ քաղաքացիների համար Հայաստան այցելելու վիզային սահմանափակումների վերացումը, ինչպես նաեւ տնտեսության եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող բարեփոխումներն էապես մեծացնում են Հայաստանի ներդրումային գրավչությունն ու ապրանքային արտադրության կազմակերպման հեռանկարները: Համագործակցության առանձին ուղղություն կարող է հանդիսանալ զբոսաշրջության զարգացումը, քանզի Հայաստանի պատմական քրիստոնեական ժառանգությունը, յուրահատուկ բնաշխարհը եւ օր օրի զարգացող զբոսաշրջային ենթակառուցվածքներն առավել իրատեսական են դարձնում այդ ոլորտում համագործակցության ծրագրերը: Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել այս ամենը ներկայացնել լեհ գործընկերներին եւ քննարկել համագործակցության կոնկրետ ծրագրեր: 2014թ. դեկտեմբերին Վարշավայում տեղի ունեցավ հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստը, որի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերները ծավալուն տեղեկատվություն ներկայացրին լեհ գործարար հանրությանը, հանդիպումներ ունեցան տնտեսության ոլորտները ղեկավարող նախարարների հետ: 2015թ. ընթացքում նախատեսվում է հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքները կազմակերպել Երեւանում: Հուսով եմ, որ առաջիկայում մեզ կհաջողվի հայ-լեհական տնտեսական համագործակցության մակարդակը մոտեցնել դրա ներուժին:

Լեհաստանում Հայաստան Հանրապետության դեսպանատան շենքը

Դուք պարբերաբար այցելում եք Լեհաստանի տարբեր շրջաններ: Ի՞նչ աշխատանքներ են կատարվել՝ ապակենտրոնացված համագործակցության ակտիվացման համար:

Ապակենտրոնացված համագործակցությունը կարեւոր տեղ է զբաղեցնում միջպետական երկկողմ հարաբերություններում: Այն մարդկանց միջեւ ուղղակի եւ անմիջական, առավել առարկայական շփումների եւ հարաբերությունների միջավայր է ձեւավորում: Դրա դերը գնալով մեծանում է՝ պայմանավորված իշխանության ապակենտրոնացման եւ տեղական իշխանությունների դերակատարման աշխուժացման հետ: Պաշտոնավարման այս մի քանի ամիսների ընթացքում ես արդեն այցելել եմ Լեհաստանի տասնյակ քաղաքներ, հանդիպումներ ունեցել տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, որոնք, առանց բացառության, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի հետ համագործակցության հարցում: Մենք պատրաստվում ենք ամփոփել այդ ուղղությամբ կայացած հանդիպումները եւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ ստանալ տեղեկություններ Հայաստանի համայնքների հետաքրքրությունների վերաբերյալ եւ, հաշվի առնելով համայնքների առանձնահատկությունները, ընտրել գործընկերության լավագույն տարբերակները: Կարծում եմ, որ Լեհաստանի համայնքների հետ մեր տեղական իշխանությունների համագործակցությունը օգտակար կլինի նաեւ փորձի փոխանակման տեսանկյունից: Պատահական չէ, որ մինչ այժմ տեղական ինքնակառավարման եւ տարածքային զարգացման ոլորտում ուսումնական եւ ճանաչողական բազմաթիվ այցերի համար, որպես ուղղություն, ընտրվել է Լեհաստանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մամուլի ասուլիս Վարշավայում, 13, մարտի 2015թ.

Պարո՛ն դեսպան, Դուք բավական ակտիվ եք սոցիալական ցանցերում: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ դեր է խաղում թվային դիվանագիտությունը ժամանակակից միջազգային հարաբերություններում:

Անկեղծ ասած, սոցիալական ցանցերի` իբրեւ հաղորդակցության միջոցի եւ կառավարման գործիքի արդյունավետությունը ես զգացել եմ դեռեւս իմ համալսարանական աշխատանքից, երբ ես, իբրեւ դեկան, չէի կարող գտնել ուսանողների հետ կապի ապահովվման առավել հարմար այլ միջոց: Հետագայում կյանքը ցույց տվեց, որ դրանց ճիշտ գործածումը կարող է արդյունավետություն ապահովվել նաեւ այլ ոլորտներում, այդ թվում դիվանագիտական աշխատանքում: Դիվանագիտությունը հասարակական հարաբերությունների մի ձեւ է, հետեւաբար այն պետք է զարգանա  հասարակության զարգացմանը համահունչ: Ավելին, այն դրսեւորվում եւ իրականացվում է առավելապես միջազգային մակարդակներում, ուստի մշտապես պետք է համապատասխանի ժամանակակից միջազգային միտումներին: Ես մեծ ուշադրությամբ հետևում էի վերջերս Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի կողմից կազմակերպված «Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարներ եւ մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքներին, որը լավագույնս վկայում է այդ ոլորտում հայկական դիվանագիտության արագ արձագանքի ունակության մասին: Թվային դիվանագիտությունը ոչ միայն ժամանակակից միջազգային հարաբերություններում, այլեւ դեսպանության եւ հասարակայնության հետ կապերի հրաշալի միջոց է հանդիսանում: Դիվանագիտությունը, ի թիվս իր բազմաթիվ խնդիրների եւ գործառույթների, այնուամենայնիվ, հանրային եւ որոշակիորեն հրապարակային գործունեություն է, որը ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս առավել մեծ արդյունավետությամբ իրականացնել:

Լեհաստանի Նախագահական Բելվեդեր պալատում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի դիմավորման պաշտոնական արարողություն, 08, հունվարի 2015թ.

Սա Ձեր առաջին պաշտոնավարումն է որպես դեսպան: Մինչ այդ Դուք տարբեր պատասխանատու պաշտոններ եք զբաղեցրել, այդ թվում՝ եղել եք ՀՀ Վայոց ձորի մարզպետ: Ի տարբերություն նախորդների, ի՞նչ առանձնահատկություններով է տարբերվում դեսպանի աշխատանքը:

Կարծում եմ, որ դեսպանի աշխատանքի առանձնահատկությունները մարզպետի աշխատանքից այնքան մեծ են, որ անգամ դրանք համադրելը շատ դժվար է: Մարզպետների իրավասությունների բնագավառները սկզբունքորեն այլ են: Թերեւս, միակ ընդհանրությունն այն է, որ ՀՀ ԱԳՆ ընդհանուր ղեկավարության ներքո, մարզպետները նույնպես մասնակից են տարածքային մակարդակում միջազգային համագործակցության ծրագրերին: Մասնավորապես, ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում իմ պաշտոնավարման շրջանում մենք ակտիվորեն համագործակցել ենք Ռուսաստանի, Բելառուսի Չեխիայի, Իրանի մեր գործընկերների հետ: Դեսպանի աշխատանքն ինձ համար նոր է եւ անչափ հետաքրքիր: Ես իմ նոր աշխատանքին վերաբերվում եմ շատ մեծ պատասխնատվությամբ եւ հպարտության զգացումով: Ճակատագրական երջանկություն, պատիվ եւ աննկարագրելի պատասխանատվություն է ներկայացնել Հայրենիքը, ՀՀ Նախագահին եւ հազարամյակների պատմություն ունեցող սիրելի ժողովրդին բարեկամ երկրում:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը տիկնոջ հետ և Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկիվիչ-Վալցը Վարշավայում հայ խմբավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Վարշավայի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգի  ժամանակ, 29, մարտի 2015թ.

Անդրադառնանք Լեհաստանի հայ համայնքին եւ երկրի հասարակական-քաղաքական կյանքում դրա ունեցած դերին: Որո՞նք են համայնքին հուզող հիմնական հարցերը ներկայումս:

Լեհաստանի հայ համայնքն առանձնանում է իր յուրահատուկ պատմությամբ: Լեհաստանում հայերը բնակվում են դարեր շարունակ: Նրանք մեծ ավանդ եւ դերակատարություն են ունեցել Լեհաստանի պատմության, երկրի պաշտպանության, մշակույթի, տնտեսության զարգացման գործում: Լեհաստանում մեծ թիվ են կազմում լեհերը, որոնք ունեն հայկական արմատներ եւ, որ ամենակարեւորն է, նրանք ոչ միայն գիտեն իրենց հայկական արմատների մասին, այլեւ հպարտորեն ներկայացնում են դա՝ փորձելով ինչ-որ ձեւով իրենց կապերը պահպանել հայերի եւ Հայաստանի հետ: Ինձ համար մեծագույն ուրախություն է տարբեր արխիվներում, հրապարակումներում տեսնել եւ կարդալ այն կարեւոր նյութերն ու փաստաթղթերը, որոնք վկայում են Լեհաստանի պատմության մեջ հայերի ունեցած դերակատարման մասին: Այդ թեմայով ներկայումս էլ հեղինակավոր գիտականների կողմից կատարվում են ուսումնասիրություններ, իրականացվում են նոր բացահայտումներ եւ հրապարակվում են արժեքավոր աշխատություններ:

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը տիկնոջ հետ Վարշավայում կայացած Հայաստանի «ՀՈՎԵՐ» պետական կամերային երգչախմբի համերգի  ժամանակ, 28, մարտի 2015թ.

Բավականին ուշագրավ պատմություն են ձեւավորում նաեւ Հայաստանից Լեհաստան ժամանած հայերի «նոր սերունդը», որոնք շուրջ երկու տասնամյակ Լեհաստանում բնակվելու արդյունքում, կարողացել են ամբողջությամբ ընդգրկվել Լեհաստանի հանրային կյանքում եւ հաջողություններ արձանագրել ոչ միայն գործարարության, այլեւ մշակույթի եւ այլ ոլորտներում: Ինձ համար մեծագույն հաճույք է Լեհաստանում հանդիպել հայազգի հեղինակավոր գործարարների, նկարիչների, արվեստագետների, բժիշկների, որոնք Լեհաստանում հարգված եւ ճանաչված գործիչներ են: Հարկ է նկատել, որ հայերը Լեհաստանում օրենքի ուժով ճանաչված ազգային փոքրամասնություններից մեկն են, որոնք նման կարգավիճակի հետ մասին ստանում են պետական աջակցություն Լեհաստանի իշխանությունների կողմից՝ ազգային, լեզվական եւ մշակութային արժեքների պահպանության հարցերում: Կանոնավոր կերպով լույս է տեսնում «ԱՎԵՏԻՍ» թերթը, որը լուսաբանում է համայնքի կյանքում կատարվող կարեւոր իրադարձություններն ու ներկայացնում դրվագներ Լեհաստանում հայերի պատմությունից: Այս տարի մեծ իրադարձություն էր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Լեհաստանի Հայոց Հոգեւոր Հովվության գրասենյակի բացումը: Մեծ հեղինակություն է վայելում Լեհաստանի Հայ Կաթողիկե եկեղեցին: Ուրախությամբ պետք է արձանագրել, որ Լեհաստանի տարբեր քաղաքներում հայ համայնքի ջանքերով եւ պետական աջակցությամբ գործում են կիրակնօրյա հայկական դպրոցներ: Համայնքային կյանքի կազմակերպման տեսանկյունից դժվարություն է առաջանում միայն այնքանով, որ հայերը Լեհաստանում բնակվում են ոչ թե մեկ կամ մի քանի բնակավայրերում, այլ սփռված են ամբողջ երկրում:

Լեհաստանի Նախագահական Բելվեդեր պալատում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի դիմավորման պաշտոնական արարողություն, 08, հունվարի 2015թ.

2015 թվականին նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Որո՞նք են այդ կապակցությամբ մինչ այժմ Լեհաստանում կայացած ամենակարեւոր միջոցառումները, եւ ինչպիսի՞ միջոցառումներ են նախատեսվում առաջիկայում:

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի հանդիպումը Լեհաստանում սովորող հայ ուսանողների հետ, 13, փետրվարի 2015թ.

Լեհաստանը այն պետություններից մեկն է, որ դեռ 2005թ. պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս տարի` ապրիլի 19-ին, մենք երախտիքի երթով մեր շնորհակալությունը հայտնեցինք Լեհաստանի իշխանություններին եւ ժողովրդին այդ որոշման 10-րդ տարեդարձի կապակցությամբ: Լեհ ժողովրդի մեծագույն զավակների անվան հետ է կապվում նաեւ ճանաչման եւ դատապարտման գործընթացը ողջ աշխարհում: Բավական է նշել միայն լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինին, ով առաջինն է սահմանել «ցեղասպանություն» եզրույթը՝ հիմնվելով հայերի ցեղասպանության ուսումնասիրությունների վրա, եւ Հռոմի Սուրբ Հովհաննես Երկրորդ պապին, որի գահակալության ժամանակաշրջանում Վատիկանն առաջին անգամ ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Հարկ է նկատել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում Լեհաստանի տարբեր քաղաքներում: Այդ միջոցառումներին իրենց մասնակցությունն են բերում Լեհաստանի բազմաթիվ պաշտոնատարներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հեղինակավոր հոգեւորականներ, գիտնականներ, մտավորականներ:

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը տիկնոջ հետ ԼՀ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու և առաջին տիկնոջ դիվանագիտական կորպուսի Ամանորի պաշտոնական ընդունելության ժամանակ, 14, հունվարի 2015թ.

Մեր հայրենակիցների եւ բարեկամների ջանքերով, ինչպես նաեւ Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպվում են գիտաժողովներ, քննարկումներ, Հայոց ցեղասպանությանը վերաբերող ֆիլմերի դիտումներ, երթեր, ցուցահանդեսներ, մշակութային այլ միջոցառումներ եւ այլն: 2015թ. ընթացքում Լեհաստանի Կաթոլիկ եւ Ուղղափառ եկեղեցիներում, եկեղեցական հոգեւոր առաջնորդների հանդիսապետությամբ, մատուցվել են Սուրբ պատարագներ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության, իսկ 2015թ. ապրիլի 23-ին` Հայաստանի ժամանակով 19:15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող սրբադասման արարողության ավարտին Մայր տաճարում եւ աշխարհի տարբեր անկյուններով ղողանջող եկեղեցական զանգերի համազարկին միացան նաեւ Վարշավայի կենտրոնական կաթոլիկ եկեղեցին, ինչպես նաեւ Լեհաստանի տարածքում գտնվող բոլոր ուղղափառ եկեղեցիները: Այս տարի Վարշավայում կայացած Գրքի միջազգային տոնավաճառում Հայաստանի տաղավարը նույնպես նվիրված էր Հայոց ցեղասպանությանը: Մինչեւ տարեվերջ դեռ նախատեսված են բազմաթիվ այլ միջոցառումներ: Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են նախատեսել նաեւ Լեհաստանի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարարությունը, որի շրջանակներում Լեհաստանի մի շարք քաղաքներում կանցկացվեն հայկական մշակութային օրեր:

Վերջին հարցն ուղղվում է խորագրի շրջանակներում մեր բոլոր զրուցակիցներին: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին:

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը  Բիալիստոկի քաղաքապետ Բիալիստոկի քաղաքապետ Թադեուշ Տրոսկոլասկու հետ, 14, ապրիլի 2015թ.

Ինձ համար ակնհայտ է մի բան. ցանկացած պետական պաշտոնյայի պետք է ուղեկցի հայրենասիրության զգացողությունը եւ Հայաստանի Հանրապետությանն անմնացորդ նվիրումով ծառայելու ձգտումը: Մենք քաղաքացիներն ենք մի երկրի, որի լավագույն զավակներն իրենց կյանքն են զոհաբերել` հանուն Հայաստանի Հանրապետության: Նրանց որբացած զավակների, որդեկորույս մայրերի, այրիացած կանանց աչքերին նայելու, նրանց հիշատակը հավերժացնելու եւ նրանց զոհողության արդյունքները վայելելու իրավունքը հնարավոր է վաստակել անձնազոհության աստիճան Հայրենիքին ծառայելու միջոցով:

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի ելույթը Լեհաստանի Շեցինեկ քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ, 23, մայիսի 2015թ.

Էդգար Ղազարյան

Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

Ծննդյան թիվն ու վայրը

1975թ. հոկտեմբերի 20-ին՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Վայք քաղաք:

Կրթությունը

2009-2010թթ. - Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոց

2006-2007թթ. – Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների Երեւանյան դպրոց

1998-2001թթ. – Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, ասպիրանտուրա

1993-1998թթ. - Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, կառավարման ֆակուլտետ

Գիտական աստիճանը, կոչումը

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ:

Աշխատանքային գործունեությունը

2013թ. հոկտեմբերից Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

2012-2014թթ. – ՀՀ Վայոց ձորի մարզպետ

2011-2012թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան

2008-2011թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն

2002-2007թթ. - «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ, մարքեթինգի գծով տնօեր, այնուհետեւ ընկերության նախագահի խորհրդական

2001-2002թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետի տեղակալ

2000—2001թթ. - Եվրոմիության Tacis կազմակերպության «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին» ծրագիր, կառուցվածքային բարեփոխումների փորձագետ

1999-2000թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետ

1998-1999թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի առաջատար մասնագետ

Պարգեւներ

Պարգեւատրվել է

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով,

ՀՀ Նախագահի շնորհակալագրով

ՀՀ պաշտպանության նախարարության «Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հ.Ք.Բաղրամյանի անվան մեդալով»

Հայաստանի թատերական գործիչների միության Ոսկե մեդալով

«Հայաստանի երկրապահ» հուշամեդալով

«Լեռնահայաստանի արծիվ» ոսկյա հուշամեդալով

Այլ տվյալներ

«Համայնքների ֆինանսիստների միավորում», «Աշխատանք եւ Հայրենիք», «Հայ պետական ծառայողների միություն», «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների անդամ է:

Տեղական ինքնակառավարման թեմաներով տասնյակ ուսումնական ձեռնարկների, գրքերի, հոդվածների եւ այլ գիտական հրապարակումների հեղինակ եւ համահեղինակ է:

Լեզուների իմացություն

Անգլերեն, ռուսերեն:

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Զրույց դեսպանի հետ. Սարգիս Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան

Զրույց դեսպանի հետ. Ավետ Ադոնց

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ