News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը պատմում է դեսպանատան գործունեությանհայ-իտալական հարաբերություններիհայ համայնքի մասին։

Պարո՛ն դեսպան, խոսենք դեսպանության գործունեությունից եւ աշխատանքի հիմնական ուղղություններից:

Մեր գործունեությունն ու աշխատանքի հիմնական թիրախները  գրեթե չեն տարբերվում Հայաստանի այլ դեսպանությունների գործառույթներից: Հայ-իտալական արդի հարաբերությունները հիմնվում են առնվազն երկու սյուների վրա՝ արժեհամակարգային ընդհանրությունների եւ Իտալիայում հայ համայնքների ավելի քան 2000 տարվա պատմության, որոնց գործունեությունը նպաստել է նաեւ Իտալիայի կայացմանն ու զարգացմանը:

Իտալիայում Հայաստանի դեսպանությունն աշխատում է Իտալիայի հետ տարբեր՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, միջխորհրդարանական, պաշտպանության եւ այլ ոլորտներում հարաբերություններն ու համագործակցությունը զարգացնելու, Հայաստանի համար առանցքային նշանակության խնդիրների (Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցություն, ԵՄ հետ հարաբերություններ, Հայոց ցեղասպանություն, հայ-թուրքական հարաբերություններ եւ այլն) վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները իտալական պաշտոնական, քաղաքական, հասարակական շրջանակներին եւ զանգվածային լրատվամիջոցներին ներկայացնելու, Հայաստանի քաղաքացիների շահերը պաշտպանելու, իտալահայ համայնքային կառույցներին աջակցելու եւ հարաբերություններն ավելի խորացնելու, Ադրբեջանի կողմից Իտալիայում լայնածավալ հակահայկական գործունեությանը հակազդելու եւ այլ ուղղություններով:

Ավանդական դիվանագիտական գործիքների հետ միասին հայ-իտալական հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում՝ լինի երկկողմ, թե բազմակողմ հարթակներում, խիստ կարեւորում եմ խորհրդարանական եւ մշակութային դիվանագիտությունը:

Հարկ եմ համարում նշել, որ հավատարմագրված ենք նաեւ Մալթայում, Սան Մարինոյում, Սլովենիայում եւ Խորվաթիայում, ու դեսպանության գործառույթներն այս երկրների հետ աշխատանքում նույնն են:

Որո՞նք են դեսպանության առջեւ ծառացած առաջնային խնդիրները:

Հայաստանի եւ Իտալիայի միջեւ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, պարբերական են երկու երկրների արտգործնախարարների շփումները, տարբեր ոլորտներում համագործակցության իրավական դաշտն ապահովող 30-ից ավելի փաստաթղթեր են ստորագրվել, շատ սերտ է մշակութային համագործակցությունը, ակտիվ են կապերը խորհրդարանականների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական գերատեսչությունների միջեւ:

Այս տարի ապրիլին Իտալիա պաշտոնական այց կատարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այցն, անկասկած, իր նպաստը կբերի բազմաբնույթ եւ բազմաշերտ հայ-իտալական հարաբերությունների զարգացմանը: Իտալիայի բարձրագույն ղեկավարության հետ ՀՀ նախագահի հանդիպումների արդյունքում  կողմերը համաձայնվեցին հայ-իտալական հարաբերությունների տեսլականի ու դրա  իրականացմանն ուղղված գործնական քայլերի շուրջ: Այցը լայնորեն լուսաբանվեց իտալական առաջատար թերթերի եւ հանրային հեռուսատընկերութան կողմից:

Ելույթ Միլանում Ցեղասպանության ժխտողականության դեմ  միջոցառմանը, որին ներկա էին մեծ թվով դպրոցականներ 

2014թ. նոյեմբերին Իտալիա է այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը: Կազմակերպվել են պատվիրակության հանդիպումները իտալացի քաղաքական գործիչների ու խորհրդարանականների, հետազոտական ինստիտուտների ներկայացուցիչների  հետ:    Իտալական «IL Giorno» օրաթերթը հարցազրույց է հրատարակել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Իտալիայի վերին եւ ստորին պալատներում ձեւավորված է 118 անդամ ունեցող սենատորներից եւ պատգամավորներից բաղկացած Հայաստանի հետ բարեկամության խումբ, որն Իտալիայի խորհրդարանում 2-րդ ամենամեծ բարեկամության խումբն է: Մեր երկրները համագործակցում են նաեւ միջազգային տարբեր կազմակերպություններում:

Կցանկանայի նշել, որ հայ-իտալական երկկողմ հարաբերությունները նշանավորվել են նաեւ միջազգային խաղաղապահության ոլորտում համագործակցությամբ, որը սկիզբ է առել երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ 2014թ. ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությունում իտալական զորախմբի կազմում հայկական խաղաղապահ դասակի ընդգրկման հարցում համաձայնության ձեռքբերմամբ: Անցյալ նոյեմբերից 32 խաղաղապահներից բաղկացած հայկական դասակը իտալական հրամանատարության ներքո անցել է իր խաղաղապահ պարտականությունների կատարմանը Լիբանանում: Իմիջիայլոց, հայկական խաղաղապահների օրինակելի ծառայությունը, ըստ իտալական  հրամանատարության, նպաստեց, որ Իտալիան դիմի Հայաստանին զորախումբն ավելացնելու խնդրանքով, ինչը համընկնում է նաեւ տարածաշրջանում Հայաստանի շահերի հետ: Սա որակական նոր մակարդակի է բարձրացնում Հայաստանի եւ Իտալիայի միջեւ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում հարաբերությունները:

Բնականաբար, մեր առաջնահերթ խնդիրն է բոլոր ջանքերը գործադրել հայ-իտալական երկկողմ հարաբերություններն ու փոխշահավետ համագործակցությունն էլ ավելի զարգացնելու եւ ընդլայնելու նպատակով:

Սլովենիայի նախագահին հավատարմագրերը հանձնելու դիմավորման արարողություն

Ըստ Ձեզ, որո՞նք են արդյունավետ գործող դեսպանություն ունենալու գրավականները:

Դեսպանության արդյունավետ գործունեության դեղատոմսն, անշուշտ, տարբերվում է երկրից երկիր, սակայն, կարծում եմ, կան մի շարք պայմաններ, որոնք հատուկ են Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահարավերներին ճիշտ արձագանքելու եւ ստեղծագործ լուծումներ գտնելու համար:

Կխուսափեի հռետորաբանությունից, նախընտրում եմ հակիրճ ընդգծել մի քանի հրամայականներ՝ միշտ հստակ գիտակցել հայրենիքի շահերը, խնդիրներին մոտենալ` գիտակցելով նաեւ նստավայր երկրի արժեհամակարգն ու շահերը. շատ հաճախ դրանք համընկնում են: Հիմնվելով վերոհիշյալի վրա` ձեւավորել գործունեության հստակ թիրախներ եւ ընտրել համապատասխան գործիքներ, ընդ որում՝ հաճախ լուծումները ավելի դյուրին են, քան կարող է թվալ: Ունենալ չկաղապարված մտածելակերպ եւ նվիրված ու բանիմաց թիմ: Երկկողմ հարաբերություններն ամրապնդելու համար ջանքեր չխնայել, դա է դեսպանության գործունեության նպատակը: Ահա այս ամենն է արդյունավետ գործող դեսպանություն ունենալու գրավականը:

Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում տնտեսական կապերի խորացման, մասնավորապես Հայաստանի տնտեսության մեջ Իտալիայից ներդրումների ներգրավման ուղղությամբ:

2014թ. տվյալներով ԵՄ անդամ երկրների շարքում Իտալիան Հայաստանի 2-րդ խոշոր առեւտրական գործընկերն է Գերմանիայից հետո: Վերջին 4 տարիների ընթացքում երկկողմ առեւտրաշրջանառությունը զարգացման շատ դրական միտում է արձանագրում, եւ չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի դեռեւս առկա հետեւանքներին` գրեթե կրկնապատկվել է. 2010թ. այն կազմել է շուրջ 127 մլն դոլար, իսկ 2014թ.՝ մոտ 215 մլն դոլար, ինչը վկայում է, որ կողմերն ավելի լավ արդյունքների հասնելու լուրջ ներուժ ունեն:

Դեսպանությունը Իտալիայի տարբեր նահանգներում ու քաղաքներում կանոնավոր ձեւով կազմակերպում է Հայաստանի տնտեսական եւ ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողովներ, որոնց իրենց մասնակցությունն են բերում Իտալիայի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող գործարարներ եւ առեւտրատնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս տարի արդեն անցկացրել ենք 2 գործարար համաժողով Բոլոնիայում եւ Ուդինեում: Կազմակերպում ենք նաեւ գործարար պատվիրակությունների այցեր Հայաստան: Անշուշտ, ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին եւ սերտ կապերը ԵՄ հետ փոխլրացնում են միմյանց եւ կարող են հաջողության գրավական դառնալ տնտեսության զարգացման համար:

                                                      Հայոց ցեղասպանության թեմայով հարցազրույց իտալական «TGCom24»  լրատվական ալիքին

Խոսենք Իտալիայի հայ համայնքի, երկրի հասարակական-քաղաքական կյանքում դրա ունեցած դերի մասին: Որո՞նք են համայնքին հուզող հիմնական հարցերը ներկայումս:

Իտալիայում հայերի դարավոր ներկայության, իտալական քաղաք-պետությունների զարգացման գործում իտալահայ համայնքի ունեցած շոշափելի ներդրման մասին առկա են մեծածավալ փաստագրական աղբյուրներ: Բազմաթիվ պատմական վկայությունների համաձայն` մ.թ. 66թ. Հռոմում ձեւավորվել է հայ համայնքային կորիզ, իսկ 6-7-րդ դարերից սկսած եւ հատկապես 14-րդ դարի կեսերից` Կիլիկիայի Հայոց թագավորության հետ առեւտրային սերտ կապերի հաստատման արդյունքում Հռոմում, Վենետիկում, Ֆլորենցիայում, Ջենովայում, Նեապոլում, Ռավեննայում, Լիվորնոյում եւ այլուր առկա էին ոչ միայն առեւտրի բազմաթիվ հայկական կենտրոններ, այլ նաեւ լիարժեքորեն ձեւավորված հայ համայնքային օջախներ` իրենց հոգեւոր եւ մշակութային գործունեությամբ: Հայտնի է, որ հայ մշակույթի առավել կարեւոր նվաճումներից են Վենետիկում սկիզբ առած հայ գրատպությունը, ինչպես նաեւ երեք հարյուրամյակի պատմություն ունեցող հայագիտական ամենախոշոր կենտրոններից Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունը, որոնք հայ ինքնության եւ ազգային ավանդույթների պահպանման, մշակույթի ու կրթության զարգացման գործում հսկայական ավանդ են ունեցել: Այս մասին հատորներ են գրվել, եւ մի հարցազրույցի սահմաններում անհնար է անգամ հակիրճ ներկայացնել Իտալիայում հայ համայնքի ունեցած դերի մասին:

Այսօր Իտալիայում բնակվում է մոտ 5000 հայ: Թեպետ փոքրաթիվ, սակայն շատ կենսունակ է հայ համայնքը, որը թե՛ իր ակտիվ մասնակցությունն է բերում դեսպանության կազմակերպած աշխատանքներին, եւ թե՛ համայնաքային կառույցներն են Հայաստանին, հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, իտալահայ համայնքին նվիրված տարատեսակ միջոցառումներ կազմակերպում: Իհարկե, ինչպես այլ երկրներում, այնպես էլ Իտալիայում, հայ համայնքի առաջնահերթ խնդիրը մնում է հատկապես երիտասարդ սերնդի հայկական ինքնության պահպանումը: Դեսպանությունն իր հնարավորությունների սահմաններում աջակցում է իտալահայ կազմակերպությունների նախաձեռնություններին:

Ինչպես վերը նշեցի, Իտալիայում հայ համայնքների գրեթե 2000 տարվա պատմությունը հայ-իտալական երկկողմ հարաբերությունների սյուներից մեկն է:

                                                   Հավատարմագրերի հանձնումից հետո հանդիպում Մալթայի նախագահ Մարի Լուիզ Կոլեյրո Պրեկայի  հետ

Պարո՛ն դեսպան, երկու երկրներին եւ ժողովուրդներին միավորում են դարերի պատմություն ունեցող մշակութային կապերը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այսօր տվյալ ոլորտում հարաբերությունների խորացման համար:

Մեր երկու երկրներն էլ հանդիսանում են հնագույն դասական մշակույթի, քրիստոնեության եւ Վերածնունդի, կասեի նույնիսկ քաղաքակրթական արժեքների կրողներ, եւ պատահական չէ, որ արդի հայ իտալական բարեկամական հարաբերություններում  իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում պատմական խոր արմատներ ունեցող մշակութային համագործակցությունը: Ընթերցողներին հայտնի է, որ Հայաստանի օրհներգի համար հիմք ծառայած «Իտալացի աղջկա երգը» գրելիս  Միքայել Նալբանդյանը ոգեշնչվել է իտալական Վերածնունդով:

Մեր բոլոր մշակութային միջոցառումները կազմակերպում եւ անցկացնում ենք իտալական համապատասխան կազմակերպությունների հետ համատեղ, որոնք միշտ պատրաստակամորեն համագործակցում են դեսպանության հետ՝ հայկական մշակույթն ու քաղաքակրթությունը իտալական հասարակայնությանն ավելի ճանաչելի դարձնելու հարցում: Իտալիայի կառավարությունը տարիների ընթացքում մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանում ճարտարապետական ժառանգության պահպանման ծրագրերին՝ այդ նպատակով տրամադրելով դրամաշնորհներ: Մենք աշխատում ենք, որ այդ աջակցությունը շարունակական լինի: Առաջիկայում նախատեսվում է երկու երկրների մշակույթի նախարարությունների միջեւ համագործակցության նոր գործնական ծրագրի ստորագրում, որն ավելի մեծ հնարավորություններ կընձեռի մշակութային համագործակցության զարգացման համար:

Դեսպանությունը պարբերաբար կազմակերպում է հայկական մշակույթին նվիրված կամ այն ներկայացնող տարատեսակ միջոցառումներ՝ գիտաժողովներ, ցուցահանդեսներ, համերգներ, մշակութային օրեր, գրքերի շոնրհանդեսներ եւ այլն: 2015թ. դեսպանության կողմից ամբողջությամբ կամ այլ հաստատությունների հետ համագործակցությամբ կազմակերպվող գրեթե բոլոր մշակութային միջոցառումներն անցկացվել եւ անցկացվելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի լույսի ներքո:

Իտալիայի մշակույթի նախարարության հետ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մարտի 23-ից 28-ը Հռոմում անցկացվեց «Հայաստան. ինքնություն եւ հիշողություն» խորագրով հայկական մշակութային շաբաթը: Այն ներառում էր հայ ժողովրդի պատմությանն ու քաղաքակրթությանը, մշակույթին, Հայոց ցեղասպանության մասին վկայություններին եւ հայ ժողովրդի ինքնության վրա Հայոց ցեղասպանության ազդեցությանը, Իտալիայում հայերի ներկայությանը, Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակին նվիրված գրեթե 2 տասնյակ սեմինարներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ եւ համերգներ:

Մի քանի օր առաջ՝ հունիսի 6-ին, Իտալիայի ամենակարեւոր սրբավայր հանդիսացող եւ Իտալիայի պահապան Սուրբ Ֆրանցիսկոսի անունը կրող Ասիզի քաղաքի Սուրբ Ֆրանցիսկոս քահանայապետական բազիլիկ եկեղեցում բացվեց   Կարեն Կոքչյանի «Հայերը եւ Հայաստանը» լուսանկարների ցուցահանդեսը: Այն կազմակերպել էին Իտալիայում ՀՀ դեսպանությունը եւ Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցին՝ Իտալիայի հայերի միության հետ համագործակցությամբ:

Եթե թվարկեմ բոլոր մշակութային միջոցառումները, իսկ դրանք 50-ից ավելի են, ապա այս հարցազրույցը շատ երկար կտեւի:

                                                 Հավատարմագրերի հանձնումից հետո հանդիպում Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հետ

Այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ներկայացրե՛ք Իտալիայում կայացած եւ առաջիկայում ծրագրված միջոցառումները:

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը` Պատգամավորների պալատը, Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել է 2000թ.:

Բացի պատգամավորների պալատից, իտալական 90-ից ավելի նահանգային եւ քաղաքային խորհուրդներ նույնպես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչը մենք գնահատում ենք ոչ միայն որպես համերաշխության դրսեւորում հայ ժողովրդի հանդեպ, այլեւ հավատարմություն համամարդկային արժեքներին:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջոցառումներ մենք սկսել ենք կազմակերպել «RAIradio3» իտալական հանրային ռադիոալիքի հետ՝ 2013թ-ից սկսած: Անցյալ տարի` ապրիլին, Իտալիայում ՀՀ դեսպանությունը՝ ռադիոյի հետ համագործակցությամբ, վերջինիս բեմական սրահում կազմակերպեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Լռության ճեղքերը» խորագրով գեղարվեստական-փաստագրական միջոցառում, որն ուղիղ հեռարձակվում էր, իսկ 2014թ. սեպտեմբերին Իտալիայի սենատում անցկացվեց «Հայերը. ցեղասպանություն եւ իտալական 20-րդ դար» խորագրով գիտաժողովը:

Այս տարի անցկացված եւ դեռ անցկացնելիք միջոցառումները այնքան շատ են ու բազմազան, որ դժվար է անգամ թվարկել:

Մարտի 5-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հռոմի հեղինակավոր Վիտտորիանո իտալական վերածննդի թանգարանային համալիրի կենտրոնական ցուցասրահում կայացավ «Հայաստան. Տապանի ժողովուրդ» խորագիրը կրող հայկական քաղաքակրթությանը, Հայոց ցեղասպանությանն ու Իտալիայում հայերի ներկայությանը նվիրված ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Ցուցահանդեսը կազմակերպել էին ՀՀ մշակույթի նախարարությունն ու Իտալիայում եւ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունները՝ Մխիթարյան Միաբանության եւ Իտալիայի Հայերի միության հետ համագործակցությամբ՝ Հռոմի քաղաքապետարանի եւ Լացիոյի նահանգապետարանի հովանու ներքո: Այս տարի` ապրիլին, Իտալիա կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես այցելեց ցուցահանդես:

Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ միջազգային  բիենալեում` ազգային տաղավարների անվանակարգում, հաղթող է ճանաչվել եւ գլխավոր «Ոսկե առյուծ» մրցանակը շահել Հայաստանի Հանրապետության տաղավարը, որը կրում է  «ArmenityՀայություն» խորագիրը եւ նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ մշակույթի նախարարության, Վենետիկի Մխիթարյան միաբանության հովանու ներքո եւ Իտալիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Տաղավարում ներկայացված են 18 սփյուռքահայ արվեստագետների ժամանակակից արվեստի գործեր:

Հռոմի քաղաքապետարանի եւ Իտալիայում ՀՀ դեսպանության համագործակցության արդյունքում քաղաքապետ Ինյացիո Մարինոյի որոշմամբ ապրիլի 24-ի երեկոյան 15 րոպեով մարեց Կոլիզեյի արտաքին լուսավորությունը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Վենետիկի ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վենետիկի աշխարհահռչակ «Լա ֆենիչե»  օպերային դահլիճում, որին ներկա էր նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Մոդենա քաղաքի «Altro Suono» փառատոնի շրջանակներում ապրիլի 21-ին կայացել է Տիգրան Համասյանի եւ Յորդի Սավալլի համերգը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակումն իր օրակարգի առաջնային հարց է համարել նաեւ Իտալիայի խորհրդարանի վերին եւ ստորին պալատների անդամներից ձեւավորված Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խումբը: Նաեւ խմբի անդամների շնորհիվ էր, որ ապրիլի 23-ին Իտալիայի Սենատը եւ Պատգամավորների պալատը 1 րոպե լռությամբ՝ վերին եւ ստորին պալատների նախագահների եւ խմբակցությունների ղեկավարների ելույթներով, հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Իհարկե, ժխտողականության դեմ պայքարում կարեւորագույն հանգույց էր Սենատում ցեղասպանությունների ժխտողականությունը քրեականացնող օրենքի ընդունումը, որից հետո այն քննարկվելու է նաեւ ստորին պալատում:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի միջև Հայաստանի Հանրապետությունում «ԻԿՐԱՆԵՏ» կենտրոն հիմնադրելու մասին» համաձայնագրի ստորագրում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ սեպտեմբերի 5-ին նախատեսված է Միլանի Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Հռոմի «Սանտա Չեչիլիա» թատրոնում:

Տարվա ընթացքում դեռ կազմակերպվելու են շատ այլ միջոցառումներ, այդ թվում՝ գիտաժողովներ, ցուցահանդեսներ, համերգներ, գրքերի շնորհանդեսներ:

Դեսպանության ուշադրության կիզակետում է եղել եւ շարունակում է մնալ իտալական զանգվածային լրատվամիջոցերի հետ աշխատանքը թե՛ Հայոց ցեղասպանության եւ թե՛ Հայաստանին հետաքրքրող այլ խնդիրների լուսաբանման  հարցերում:

Այս տարի աննախադեպ էին Հայոց ցեղասպանության մասին իտալական զանգվածային լրատվամիջոցների լայնածավալ լուսաբանումներն ու մեկնաբանությունները, որոնք առավել աշխուժացան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Իտալիա կատարած պաշտոնական այցի եւ Ֆրանցիսկոս պապի հայտնի հայտարարության օրերին: Իտալական կուսակցությունների եւ ամենաազդեցիկ մտավորականների մոտեցումները Հայոց ցեղասպանության, ժխտողականության դեմ պայքարի եւ ցեղասպանությունների կանխարգելման հարցերում համահունչ են մեր կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործունեությանը:

Այս հարցը տալիս ենք խորագրի շրջանակներում մեր բոլոր զրուցակիցներին: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին:

Ինչպես բոլոր մասնագիտությունները, այնպես էլ դիվանագիտությունը պահանջում է անշահախնդիր նվիրում: Բացի մասնագիտական կրթությունից, հարկավոր է ունենալ որքան հնարավոր է լայն աշխարհահայացք, չկաղապարված մտածելակերպ եւ իրավիճակային որոշումներ կայացնելու ունակություն: Եվ վերջապես՝ լինել աշխարհի քաղաքացի՝ ամուր գամված հայրենիքին:

Իմ ապագա գործընկերներին կհորդորեի առավելագույնս ուսանել օտար լեզուներ եւ սերտել  քաղաքակրթությունների պատմությունը:

Սարգիս Ղազարյան, Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության

արտակարգ եւ լիազոր դեսպան

Ծննդյան թիվն ու վայրը՝

1978թ. հուլիսի 19,  Վանաձոր 

Կրթությունը՝

2003-2006թթ. – Քաղաքագիտության դոկտոր, Տրիեստեի համալսարան, Իտալիա

1996-2001թթ. –  Քաղաքագիտության մագիստրոս, Գորիցիայի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության դպրոց, Տրիեստեի համալսարան, Իտալիա

1991-1996թթ. – Մուրադ Ռաֆայելյան վարժարան, Վենետիկ, Իտալիա

Աշխատանքային գործունեությունը՝

2015թ. մարտից – Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստվայրը Հռոմ)

2014թ.  հունիսից – Մալթայի  Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստվայրը Հռոմ)

2013թ. դեկտեմբերից – Սան Մարինոյի  Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստվայրը Հռոմ)

2013թ. մայիսի 22-ից – Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության  արտակարգ եւ լիազոր դեսպան

2009-2013թթ. – «Հայաստանի եվրոպական բարեկամներ» հասարակական կազմակերպության  ավագ փորձագետ, Բրյուսել

2006-2009թթ. – քաղաքագիտության դասախոս, Տրիեստեի համալսարան, Իտալիա,   Եվրոպական արտաքին եւ անվտանգության քաղաքականության ուսումնասիրությունների փորձագետ

2008թ. – փորձագետ, Եվրոպական էներգետիկ քաղաքականությունը  եւ վերջինիս արեւելյան  հարթությունը, Ժակ Մարիտենի ինստիտուտ, Տրիեստե, Իտալիա

2006-2007թթ. – քաղաքագիտության դասախոս, Գորիցիայի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության դպրոց, Տրիեստեի համալսարան, Իտալիա

Հեղինակած աշխատությունները՝

Ս.Ղազարյան,  Մ.Քեմբեկ  - “Europe’s next avoidable war: Nagorno Karabakh”, 2013թ.,  գրքի համահեղինակ

Միջազգային մի շարք հետազոտական կենտրոնների ցանցի անդամ, տասնյակից ավելի ակադեմիական եւ քաղաքագիտական հոդվածների հեղինակ

Օտար լեզուների իմացությունը՝

Իտալերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն  

 

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան

Զրույց դեսպանի հետ. Ավետ Ադոնց

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ