News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Իսպանիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը պատմում է դեսպանատան գործունեության, հայ-իսպանական հարաբերությունների, հայ համայնքի մասին։

Պարո՛ն դեսպան, ներկայացրե՛ք դեսպանության գործունեությունն ու աշխատանքի հիմնական ուղղությունները:

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ այս հետաքրքիր նախաձեռնության եւ մեր աշխատանքին անդրադառնալու համար:

Չնայած հայ-իսպանական բազմադարյա շփումներին, մեր երկու երկրների միջեւ պաշտոնական հարաբերությունները համեմատաբար նոր են: Իսպանիայի Թագավորությունը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը 1991թ. դեկտեմբերին, իսկ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 27-ին: Այս ողջ ընթացքում հայ-իսպանական հարաբերությունները ընթացել են բնականոն հունով, սակայն, եթե անկեղծ լինենք, ոչ անհրաժեշտ արագությամբ եւ խորությամբ: Այս բացը լրացնելու եւ երկկողմ հարաբերությունների դինամիկան խթանելու նպատակով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2010թ. Իսպանիայի Թագավորությունում հիմնվեց ՀՀ դեսպանությունը (նստավայրը` Մադրիդ): Մինչ նախորդ տարվա սեպտեմբերին՝ իմ Իսպանիայում ՀՀ դեսպան նշանակվելը դեսպանությունը ներկայացված է եղել գործերի հավատարմատարի մակարդակով, ում, ի դեպ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել` կատարած աշատանքի համար:

Դեսպանության գործունեության հիմնական թիրախն, իհարկե, հայ-իսպանական երկկողմ բազմաշերտ հարաբերություններն են եւ դրանց խորացմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքները: Դեսպանության հիմնական գործառույթներից է նաեւ Իսպանիայի Թագավորությունում բնակվող մեր հայրենակիցների հետ ամենօրյա աշխատանքը, ինչը դեսպանությունն իրականացնում է հաճույքով:

Մադրիդում է տեղակայված նաեւ ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը, որի հետ աշատանքները նույնպես համակարգում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

Ինչպիսի՞ դժվարությունների եք բախվում առօրյա աշխատանքում: Որո՞նք են դեսպանության առջեւ ծառացած առաջնային խնդիրները:

Ինչպես արդեն նշեցի, մեր դիվանագիտական ներկայությունն Իսպանիայում նոր է: Անցած տարվա հոկտեմբերի 6-ին ես իմ հավատարմագրերը հանձնեցի Իսպանիայի Թագավոր Ֆելիպե VI-ին՝ դառնալով Հայաստանի առաջին դեսպանն Իսպանիայում, ում նստավայրը Մադրիդն է: Ինչպես ցանկացած նոր գործի սկիզբ, այո՛, մենք նույնպես ունենք որոշ ընթացիկ դժվարություններ եւ իրենց լուծմանը սպասող խնդիրներ: Բայց ցանկացած նոր սկիզբ նաեւ հետաքրքիր է եւ ոգեւորիչ: Մենք խիստ լավատես ենք եւ կենտրոնանում ենք առկա խնդիրները լուծելու, դժվարությունները հաղթահարելու եւ առաջընթաց արձանագրելու վրա: Կարծում եմ` դա մեզ մոտ ստացվում է: Անցած հաշված ամիսների ընթացքում դեսպանությունը հասցրել է տանել ակտիվ աշխատանք գործադիր, օրենսդիր, տեղական ինքնակառավարման, քաղաքացիական հասարակության, տեղական ԶԼՄ-ների եւ  ակադեմիական շրջանակների հետ: Դրվում են ամուր, առողջ հիմքեր` դեսպանության հետագա աշխատանքն ավելի նպատակային եւ արդյունավետ կազմակերպելու համար:

Խոսենք Իսպանիայի հայ համայնքի, երկրի հասարակական-քաղաքական կյանքում դրա ունեցած դերի մասին: Որո՞նք են համայնքին հուզող հիմնական հարցերը ներկայումս:

Հայ-իսպանական հարաբերությունները գալիս են հնագույն ժամանակներից: Սակայն առաջին  կայուն շփումներն արձանագրվել են միջին դարերում` խաչակրաց արշավանքների ժամանակ, երբ իսպանական նավերը պարբերաբար խարիսխ էին գցում Կիլիկիայի նավահանգիստներում, բազմաթիվ իսպանացիներ լինում էին Կիլիկյան Հայաստանում, շփվում հայերի հետ, օգտվում նրանց աջակցությունից, զարգացնում առեւտուրը:

Հավանաբար քչերը գիտեն, որ Կիլիկիայի վերջին թագավոր Լեւոն VI-ին գերությունից ազատելու գործում մեծ ջանքեր են գործադրել Կաստիլիայի եւ Արագոնի թագավորները: Ավելին, 1383թ. Կաստիլիայի թագավորն իր հրովարտակով Մադրիդ, Վիլյարելե եւ Անդուխար քաղաքները ցմահ տնօրինման հանձնեց Հայոց արքային: Այսօրվա լեզվով ասած, եղել է մի ժամանակ, երբ Մադրիդի քաղաքապետը հայ է եղել: Մադրիդի կառավարման տարիներին, ըստ ժամանակագրերի, Լեւոն VI-ը ջանք ու եռանդ չի խնայել` քաղաքը բարեկարգելու եւ շենացնելու համար:

XVII-XVIIIդդ. հաճախակի են դառնում հայ վաճառականների այցելություններն Իսպանիայի առեւտրական կենտրոններ` Կադիս, Սեւիլիա, Բարսելոնա, Մադրիդ: Տարբեր ժամանակներում հայ ճանապարհորդներ են այցելել Իսպանիա, զարգացրել առեւտրային կապեր, իսկ որոշ մեր հայրենակիցներ էլ զբաղվել են թարգմանչական գործունեությամբ՝ իսպաներենից արեւելյան լեզուներ եւ հակառակը: 

Իսպանիայում, այնուամենայնիվ, հավաքական հայ համայնք չի կազմակերպվել: Ենթադրվում է XVIIIդ. փոքրաթիվ հայ համայնքի գոյությունը Կադիսում: Հայերի ոչ մեծ հոսք է նկատվել դեպի Մադրիդ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

Հայկական համայնքը Իսպանիայում մեծացել է 1990-ական թթ.՝ ԽՍՀՄ փլուզումից հետո: Ներկայումս, ըստ ոչ պաշտոնական տվյալների, մեր հայրենակիցների թիվն Իսպանիայում կազմում է 30000-35000: Նրանք հիմնականում բնակվում են Մադրիդ, Բարսելոնա, Վալենսիա, Մալագա, Ալիկանտե քաղաքներում: Ունենք հայրենակիցներ նաեւ Իսպանիայի այլ մեծ ու փոքր քաղաքներում:

Համայնքային կյանքը Իսպանիայում նույնպես նոր է ձեւավորվում: Չկան ավանդական հայկական համայնքային կառույցներ եւ միություններ: Մինչեւ վերջերս համայնքային կյանքն Իսպանիայում կառուված է եղել մի քանի հայրենասեր անհատների եռանդի, նվիրվածության եւ ակտիվության շուրջ: Ներկայումս, ի ուրախություն մեզ, այս ամենը սկսում է կրել ավելի կազմակերպված եւ կանոնավոր բնույթ: Այդուհանդերձ, Իսպանիայի հայ համայնքը, չնայած համեմատաբար փոքրաքանակ լինելուն, բավական ակտիվ է երկրի հասարակական-քաղաքական եւ մշակութային կյանքում: Խոսքերիս առհավատչյան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպված միջոցառումներն են, որոնց իրենց մեծ կամ փոքր ավանդով մասնակից դարձան գրեթե բոլոր մեր հայրենակիցներն իսպանական բազմաթիվ քաղաքներում՝ հեռավոր Տեներիֆե կղզուց մինչեւ մայրաքաղաք Մադրիդ: Այդ ամենը խիստ տպավորիչ եւ ոգեւորող է:

Համայնքային կյանքում կան, իհարկե, նաեւ լրացման կարիք ունեցող հարցեր, որոնցից թերեւս ամենագլավորը մինչ օրս Իսպանիայում հայկական եկեղեցի չունենալն է: Այդուհանդերձ, Հայ Առաքելական եկեղեցին Իսպանիայում ներկայացված է: Կազմակերպվում են պատարագներ, եկեղեցական ծիսակարգեր, գործում է երգչախումբ: Համայնքի հոգեւոր-եկեղեցական կյանքը գնալով ակտիվանում եւ ավելի կազմակերպված է դառնում: Լիահույս եմ, որ հայկական եկեղեցի ունենալու հարցը նույպես շուտափույթ լուծում կստանա: Այս ուղղությամբ նույնպես աշխատանքներ տարվում են:

Դուք նախկինում եղել եք Բելգիայում մեր երկրի դեսպանը: Ինչպիսի՞ կառուցվածքային տարբերություններ կան Բելգիայում եւ Իսպանիայում աշխատելիս:

Ցանկացած դիվանագետի համար աշխատել Բրյուսելում, որպես դեսպան, մեծ պատիվ է: Բրյուսելը միջազգային եւ եվրոպական քաղաքականության կենտրոն է, ինչն ինքնին թելադրում է դիվանագիտական գործունեության բազմազանություն եւ աշխատանքային պատասխանատվության բարձր մակարդակ: Բրյուսելում աշխատանքային օրակարգիս հիմնական ուղղությունները 4-ն էին՝ Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն (մինչ 2011թ. այնտեղ դեսպանություն բացելը) եւ ԵՄ-ն` իր բոլոր ինստիտուտներով՝ հանձնաժողով, խորհրդարան եւ այլն: Դրա հետ մեկտեղ, ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունավետությունը հնարավոր չէ ապահովել առանց ԵՄ անդամ երկրների հետ աշխատանքի: Իսկ սա նշանակում է նաեւ ամենօրյա աշխատանք Բրյուսելում եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ: Եվ իհարկե, ամենակարեւոր բաղադրիչներից է նաեւ եվրոպական քաղաքացիական հասարակության հետ աշխատանքը, որի ներկայացուցիչներն ու հասարակական կազմակերպությունները Բրյուսելում ավանդաբար ակտիվ գործունեություն են ծավալում:

Պարո՛ն դեսպան, այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ներկայացրե՛ք Իսպանիայում կայացած եւ տարվա ընթացքում ակնկալվելիք միջոցառումները:

2015 թվականն, իհարկե, խիստ խորհրդանշական տարեթիվ է աշխարհասփյուռ հայության, այդ թվում՝ իսպանահայության համար: Մեկ դար առաջ փոխվեց հայոց պատմության ընթացքը եւ բեկումնային դարձավ բազում ընտանիքների եւ մի ամբողջ ժողովրդի ճակատագրի համար: Իհարկե, ողջ տարվա ընթացքում բոլորս մտովի այնտեղ ենք՝ Ծիծեռնակաբերդում…

Այս տարի կազմակեպվեցին եւ դեռ ծրագրավորված են Իսպանիայի համար աննախադեպ քանակի միջոցառումներ: Չմոռանանք, որ Իսպանիան դեռ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչած երկրների շարքում է: Այդուհանդերձ, միայն վերջին շրջանում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են շուրջ մեկ տասնյակ իսպանական քաղաքներ եւ համայնքային միավորներ: Ս/թ. ապրիլի 22-ին առաջին անգամ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը սկսվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով, Կոնգրեսում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ակտ»՝ Իսպանիայի Կոնգրեսում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կառանձնացնեի նաեւ իսպանական մամուլի հետ դեսպանության իրականացրած աշխատանքը, ինչի արդյունքում միայն այս տարի իսպանական լրատվամիջոցներում տպագրվել է շուրջ 250 հոդված՝ նվիրված Հայոց ցեղասպանության թեմային, հրատարակվել է 5 իսպանալեզու գիրք, հեռարձակվել են մի քանի տասնյակ ռադիո եւ հեռուստառեպորտաժներ, կազմակերպվել են բազմաթիվ գիտաժողովներ ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ Իսպանիայի ամենահեղինակավոր սրահներում եւ համալսարաններում: Բազմաթիվ պատարագներ են մատուցվել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին Իսպանիայի տարբեր քաղաքներում, այդ թվում` Բարսելոնայում՝ Բարսելանայի Արքեպիսկոպոս, Կարդինալ Լուիս Մարիա Մարտինես Սիստակի մատուցմամբ, եւ Մադրիդի թագավորական «Ալմուդենա» տաճարում՝ Մադրիդի արքեպիսկոպոս Կառլոս Օսորոյի մատուցմամբ:

Համեմատության համար պետք է նշեմ, որ ընդամենը կես տարի առաջ Իսպանիայում քչերն էին տեղյակ Հայոց ցեղասպանության թեմայից, եւ այն, ցավոք, չուներ հասարակական մեծ հնչեղություն:

Այսօր արդեն, վստահորեն կարող եմ փաստել, որ Հայոց ցեղասպանության թեման այլեւս մտած է Իսպանիայի քաղաքական, հասարակական, լրատվական, ակադեմիական օրակարգ: Ուստի հարցն ամենեւին նրանում չէ, թե Իսպանիան կճանաչի, թե ոչ, այլ նրանում, թե երբ կճանաչի:

Եվ այս ամենը դեռ սկիզբն է: Սկիզբն է մի ճանապարհի, որը դեսպանությունն ու Իսպանիայի հայ համայնքն անցնում են միասին՝ ձեռք ձեռքի տված:

Ձեր աշխատանքային գրաֆիկը խիստ ծանրաբեռնված է, ինչը հավանաբար դժվարություններ է առաջացնում ընտանիքին ժամանակ տրամադրելու հարցում: Ինչպե՞ս եք փորձում հաղթահարել այդ խնդիրը: Պատմե՛ք նաեւ Ձեր ընտանիքի մասին:

Կարծում եմ` այս հարցին առավել սպառիչ պատասխան կտային մեր՝ դիվանագետներիս ընտանիքի անդամները: Իհարկե, դժվար է: Աշխատանքի բերումով ստիպված ես լինում հաճախ բացակայել, երբ պիտի ներկա լինես:

Օրինակ, երկու օր առաջ Երեւանում թոռնիկս արտաբերեց իր առաջին բառը, թե որը՝ կլռեմ: Իհարկե, կուզենայի լինել նրա կողքին: Բայց այդ պահին` ուշ երեկոյան, դեսպանությունում նստած` աշխատում էի հաջորդ օրը Մադրիդի «Կոմպլուտենսե» համալսարանում Հայոց ցեղասպանության թեմայով կայանալիք գիտաժողովի ելույթիս վրա:

Սփոփում է մի բան, որ արված աշխատանքը կարեւոր է, կարոր է մեր մեծ ընտանիքի՝ Հայաստանի ու մեր աշխարհասփյուռ հայրենակիցների համար:

Այս փաստի գիտակցումն է նաեւ, որ մեր ընտանիքների անդամներին թույլ է տալիս ներողամիտ լինել մեր՝ դիվանագետներիս նկատմամբ:

Այս ավանդական հարցն ուղղում ենք տվյալ խորագրի շրջանակներում մեր բոլոր զրուցակիցներին: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին:

Իհարկե, դժվար, բայց հետաքրքիր մասնագիտություն է: Ըստ իս, ամենակարեւորը հայրենասիրությունն ու գործին նվիրվածությունն է: Ցանկացած դիվանագետ, ինչպես եւ ցանկացած մարդ, պետք է լինի ազնիվ առաջին հերթին իր իսկ նկատմամբ: Եթե պատրաստ ես քրտնաջան աշխատել, մշտապես զգոն լինել, անքուն գիշերներ անցկացնել համակարգչի դիմաց եւ օդանավակայաններում, ծառայել Հայրենիքին անմնացորդ, ապա ամեն ինչ կստացվի: Գաղտնիք չէ, որ մեր երկիրը չունի մեծաքանակ ազգաբնակչություն կամ հսկայական տարածք: Ուստի այս ամենը կոմպենսացնելու համար հայ դիվանագետը պետք է լինի ունիվերսալ, քաջատեղյակ լինի թե՛ արարողակարգային եւ թե՛ քաղաքական, տնտեսական բանակցային գործընթացների նրբություններից, կարողանա կատարել մի քանի հոգու աշխատանք միաժամանակ, իր առջեւ դնի մեծ նպատակներ, կառուցի մեծ ծրագրեր, անհնարինը կարողանա դարձնել հնարավոր եւ այս ամենն անի ամեն օր: Եթե կա այս պատրաստակամությունը, եւ եթե մեր ապագա գործընկերը պատրաստ է մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներն ընդունել որպես անձնական խնդիրներ, իսկ ձեռքբերումները՝ որպես սեփական ձեռքբերումներ, ապա ավելի քան վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ունի նրա կարիքը, եւ ամեն ինչ կստացվի եւ՛ նրա, եւ՛ մեր երկրի մոտ: Շնորհակալություն:

Ավետ Ադոնց, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան

Ծննդյան թիվն ու վայրը՝ ծնվել է 1963թ. դեկտեմբերի 27-ին Կիեւում, Ուկրաինա:

Կրթությունը՝ 1985թ. ԵՊՀ տնտեսագիտական կիբերնետիկայի ֆակուլտետ

1991թ. Բանկային գործի դասընթացներ Ժնեւի UBS բանկում

1993թ. Դիվանագիտական դասընթացներ Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում:

Աշխատանքային գործունեությունը

1985թ. Տնտեսագետ ՀԽՍՀ Պետպլանին կից տնտեսագիտության եւ պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում:

1991թ. Գլխավոր մասնագետ, ապա նախարարի օգնական ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարությունում, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

1992-1994թթ. Երկրորդ քարտուղար երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնում, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

1994-1996թթ. Երկրորդ քարտուղար, Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանություն

1996-1998թթ. Միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնի վարիչ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

1998-2001թթ. Խորհրդական, ապա արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչություն, Բրյուսել, Բելգիա

2002-2007թթ. Արտաքին կապերի վարչության պետ, ՀՀ Նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

2007թ. մայիսի 12-ին – 2009թ. մայիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

2007-2009 թթ. ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

2008թ. հոկտեմբեր – 2009թ. մայիս ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

Դիվանագիտական աստիճանը

Արտակարգ եւ լիազոր դեսպան:

Օտար լեզուներ՝ ռուսերեն եւ անգլերեն

Ընտանեկան կարգավիճակը՝ ամուսնացած է, ունի երկու որդի:

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ