News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մասին պատմող «Օֆելյա» ֆիլմն էկրաններին կլինի արդեն մի քանի շաբաթից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսեր Հայկ Վարդանյանը խոսել է «Օֆելյա»-ի առանձնահատկությունների մասին:

Հայկ, ինչո՞ւ որոշեցիր ֆիլմ նկարահանել Օֆելյա Համբարձումյանի մասին:

Ժողովրդական երգը, հատկապես Օֆելյա Համբարձումյանի երգը միշտ մեր տանը հնչել է, մեր ընտանիքի անբաժան մասն է եղել: Երբ տարիներ առաջ ծանոթացա Գագիկ Սուրենյանի հետ, ուսումնասիրեցինք Օֆելյա Համբարձումյանի արխիվները եւ հասկացանք, որ նրա մասին չկա ամբողջական ֆիլմ. հիմնականում Սովետական ժամանակների ֆիլմ-համերգներ են: Խնդրեցի Գագիկին, որ ինձ ծանոթացնի Օֆելյա Կարպովնայի հետ, քանի որ նրանք մտերիմներ են: Ծանթոցանանք եւ սկսեցինք նրան համոզելու գործընթացը: Սկզբնական շրջանում նա չէր համաձայնվում, շատ-շատերն էին փորձել իր մասին ֆիլմ նկարահանել, բոլորին մերժել էր: Կամաց-կամաց շփվելով, ինձ ճանաչելով՝ տվեց համաձայնությունը: Օֆելյա Համբարձումյանն այդ ժամանակ ինձ ասաց. «Երիտասարդ ես, փորձդ քիչ է, բայց տեսնում եմ քո սերն իմ արվեստի եւ իմ անձի նկատմամբ»:

Ե՞րբ են սկսվել ֆիլմի նկարահանումները:

2013թ. սկզբից սկսվել են աշխատանքները: Նկարահանումներն այս տարի ենք ավարտել, հիմա մոնտաժային փուլում ենք: Կարծում եմ, որ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին կլինի Հայաստանյան պրեմիերան, որից հետո հավանաբար կմեկնենք Սփյուռքի տարբեր գաղթօջախներ: Օֆելյա Համբարձումյանը շատ հետաքրքիր բան էր ասում. «Երբ ես հյուրախաղերի էի մեկնում, գնում էի այն երկրները, որտեղ հայությունն էր շատ»: Այդ պատճառով ցանկանում ենք, որ Օֆելյա Համբարձումյանը նորից հյուրախաղերի մեկնի, այս անգամ ֆիլմի տեսքով:

Նկարահանված ֆիլմը վավերագրական է, հենց երգչուհի՞ն է խաղում, թե՞ արխիվային կադրեր են միայն:

Ֆիլմում օգտագործվել են արխիվային կադրեր, ընթացքում խոսում են միայն երգչուհին եւ նրա դուստրը: Մեծերի խոսքերը երգչուհու մասին ներկայացրել ենք այլ ձեւով, որը կտեսնեք պրեմիերայի ժամանակ:

Հայ երգի լեգենդը քմահա՞ճ դերասանուհի է:

Օ՜, բարդ էր շատ: Օֆելյա Համբարձումյանի հետ եւ հեշտ է, եւ դժվար: Ինքն իր տեսակով միջին չունեցող մարդ է, այսինքն ամեն ինչ պետք է լինի լավ, կատարյալ եւ պրոֆեսիոնալ, ուրիշ տարբերակ ինքը չի ընդունում: Եթե ինչ-որ բան իր արվեստին կամ էլ մարդկային հարաբերություններին է վերաբերում, պետք է լինի լավագույնը, կամ էլ չլինի: Կարծում եմ՝ մեծությունների բնավորությունների գծերից է միջին չունենալը. կամ սիրում են, կամ չեն սիրում:

Այդ դեպքում սկսնակ ռեժիսորի համար դժվա՞ր չէր:

Բնականաբար, ինձ մոտ շատ ուժեղ լարվածություն կար, որովհետեւ ի վերջո հասկանում ես, որ պատասխանատու գործ ես վերցրել, դու ֆիլմ ես նկարահանում մի մարդու մասին, որը քայլող լեգենդ է, կրթել է սերունդներ՝ իմ տատիկ-պապիկներից սկսած: Եվ ես՝ մի երիտասարդ, մոտեցել եմ այդ մարդուն, շփվում եմ նրա հետ: Իմ սերը, պատասխանատվությունը այնքան մեծ էր, որ ամեն ինչ հաղթահարում էի:

Ժամանակի ընթացքում մեր միջեւ արդեն բարեկամություն ստեղծվեց: Հենց դա էր պատճառը, որ Օֆելյա Կարպովնան բացվեց: Դուք ֆիլմում ուրիշ Օֆելյա Համբարձումյան կտեսնեք: Ինքն էլ է միշտ ասել, որ խոսել չի սիրում, իր խոսքն իր երգն է: Իսկ մեր ստեղծագործական խումբը հասավ այն վիճակին, որ երգչուհին իրեն այնքան լավ զգաց, որ սկսեց ազատ արտահայտվել:

Հանդիսատեսին անակնկալներ սպասվո՞ւմ են:

Ֆիլմն արդեն նորություն է, որովհետեւ մեկ ամբողջական ֆիլմ չկա Օֆելյա Համբարձումյանի մասին: Ֆիլմի նկարահանումներն արվել են Գեղարդի վանքում, երգչուհու երեւանյան բնականարում, քաղաքից դուրս գտնվող ամառանոցում, Աշտարակի ձորում, Մոսկվայում, այսինքն այնպիսի վիճակներ ունենք, որոնցում մենք նրան երբեք չենք տեսել:

Անակնկալն էլ այն է լինելու, որ Օֆելյա Համբարձումյանին տեսնելու եք ուրիշ լույսով, ուրիշ գույներով:

Ֆիլմ նկարահանելն այսօր ֆինանսական մեծ միջոցների հետ է կապված:

Մեզ ոչ ոք չի հովանավորել, արել ենք ամբողջությամբ իմ, ընկերներիս, ընտանիքիս օգնությամբ:

Նշեմ նաեւ, որ ֆիլմի տեւողությունը 55 րոպե: Ֆիլմի գծային պրոդյուսերը՝ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն է, օպերատորը՝ Տարոն Պետրոսյանը, իսկ սցենարիստը՝ Մայա Ավագյանը:

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ