Տավուշի մարզի Բերդավան գյուղում երեկ՝ սեպտեմբերի 24-ին, 41-ամյա Սոնա Ռեւազյանը մահացու վիրավորումը ստացել է տանը: Այս մասին NEWS.am-ին ասաց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը:

«Տան շրջակայքում ական է պայթել, ինչի հետեւանքով էլ Սոնա Ռեւազյանը մահացու վիրավորում է ստացել: Զոհված մյուս կինը՝ 94-ամյա Շուշան Ասատրյանը, մահացու վիրավորումը ստացել է վագոն-տնակում»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ Սոնա Ռեւազյանի երեխաներն ուսանողներ են, բնակվում են Երեւանում:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 24-ին երեկոյան Տավուշի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծման հետեւանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը` Բերդավանի, մեկը՝ Պառավաքարի բնակիչ: Բոլոր 3 զոհերը կանայք են, երկուսը՝ տարեց, մեկը` 41 տարեկան:

Կա 4 վիրավոր: Նրանցից երեքը հիվանդանոցում են, իսկ մեկը՝ դուրս է գրվել: