News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն ելույթ կունենա ՄԱԿ-ի Մարդասիրական համաշխարհային գագաթնաժողովում, որին մասնակցելու են քաղաքական եւ մարդասիրական ոլորտների 5.000 ներկայացուցիչներ:

Մարգարիտ Բարանկիցեն, որպես «Ավրորա» մրցանակի դափնեկրի իր առաջին հանրային ելույթում խոսելու է այն մասին, թե ինչպես են հակամարտություններից տուժած համայնքները տեղական նախաձեռնությունների միջոցով ուղղակիորեն ազդում մարդասիրական գործում ներգրավվածության վրա՝ փոխելով վերջինիս կանոնները։

Ստամբուլում տեղի ունենալիք երկօրյա գագաթնաժողովի ընթացքում Մարգարիտը կմասնակցի «Կենտրոնում մարդիկ են» խորագրով հատուկ նիստին, որի նպատակներն առաջադրելիս ՄԱԿ-ը նշել է. «Գագաթնաժողովը պետք է ընդգծի մարդասիրական ձեռնարկումների տրամաբանության այն մեծ տեղաշարժը, որով մարդասիրական ցանկացած արձագանքի շարժիչ ուժը պիտի դառնա տուժածներին իրական լիազորությունների տրամադրումը»։

Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ընթացքում 30,000 որբացած երեխաների փրկած Մարգարիտն ապացուցում է, որ անհատը կարող է հազարավոր մարդկանց կյանքում էական դրական փոփոխություն բերել։

«Տեղի մարդիկ են, որ որոշում են, թե ինչ ապագա են ուզում կառուցել,- վստահ է Մարգարիտ Բարանկիցեն,- իմ Maison Shalom (Խաղաղության Տուն) կազմակերպությունն այժմ փորձում է ֆինանսավորել փախստականների կրթությունը։ Ես ուզում եմ, որ նրանք Բուրունդի վերադառնան որպես բժիշկներ ու գյուղատնտեսներ, այլ ոչ որպես զենքը ձեռքին ապստամբներ։ Երիտասարդներին հարկավոր է հույս ներշնչել ու տալ արժանապատիվ կյանք»։

Հայաստանում մեկ ամիս առաջ Մարգարիտ Բարանկիցեին շնորհվեց «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը, որը տրվում է Երեւանում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: 2017թ. «Ավրորա» համաշխարհային մրցանակի առաջադրումը կմեկնարկի հունիսի 1-ին։

Առաջին անգամ կազմակերպվող Մարդասիրական համաշխարհային գագաթնաժողովը, որը նախաձեռնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, տեղի կունենա Թուրքիայում 2016թ. մայիսի 23-24-ը։ Նախատեսվում է, որ գագաթնաժողովը կունենա մոտ 5,000 մասնակից՝ պետությունների ղեկավարներ եւ կառավարությունների անդամներ, բիզնեսի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տուժած համայնքների եւ երիտասարդական խմբերի անդամներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ