News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներից մեկը յուրացրել է իմ հեղինակած կտավները»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պնդեց 1944 թվականից նկարիչների միության անդամ Ելենա Աբրահամյանը, ով Հայոց Ցեղասպանությունը վերապրածներից մեկն է: Այս դեպքի մասին NEWS.am-ը տեղեկացավ ակամա, երբ փորձեց կազմակերպել նկարչուհու կտավների ցուցահանդեսը: Պարզվեց, որ նրա արժեքավոր նկարներն այլեւս իր մոտ չեն եւ դրանց ճակատագիրն անհայտ է: 

101-ամյա նկարչուհին, որի կյանքի պատմությանն անդրադարձել ենք նախորդիվ, (նրա հետ զրուցել էինք որպես Հայոց ցեղասպանության վերապրած) պատմեց, որ 5-6 տարի առաջ իրեն է այցելել Մայր Աթոռի սպասավորներից մեկը`Եզնիկ սրբազանը, եւ իրենից մոտ 10-12 կտավ է վերցրել, որպեսզի դրանք տանի Իտալիա` Ֆլորենցիայում կազմակերպվող ցուցահանդեսում ներկայացնելու համար: Առաջին այցելության ժամանակ սրբազանն իրենից վերցրել է 5, երկրորդ անգամ` 6 կամ 7 կտավ: Վերցրած կտավների դիմաց խորհրդավոր հոգեւորականը նկարչուհուն, ով ի դեպ, միայնակ է ապրում, որպես կանխավճար տվել է 300 դոլար:

«Նա տարավ նկարները, սակայն վերադարձնելու մասին ոչինչ չասաց: Ասաց, որ, եթե լավ գնով վաճառեցի, ձեզ վաճառքից գոյացած փողը կտամ: Սակայն այդպես էլ ես նրա երեսը չտեսա: Ուրախ կլինեի, եթե ինձ վերադարձներ ինձանից տարվածը»,-ասաց նկարչուհին: Խորհրդավոր հոգեւորականն, ըստ տիկին Ելենայի, նկարիչների միության այլ անդամներից էլ է նկարներ վերցրել` ցուցահանդեսին ներկայացնելու համար:

Պարզվում է`խոսքը Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու,  Հայաստանի աստվածաշնչային ընկերության նախագահ

Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի մասին է:  

NEWS.am-ը փորձեց նրանից պարզաբանում ստանալ իրեն վերագրվող մեղադրանքերի մասին: Սրբազանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ: 

Ի՞նչն է պատճառը, որ Ելենա Աբրահամյանին չեք վերադարձրել ո’չ կտավները, ո’չ էլ դրանց գումարը: 

Ես այդ կտավները գնել եմ իրենից:

Քանի՞ կտավ եք գնել:

Հինգ-վեց կտավ եմ գնել եւ ես նրան ոչինչ պարտք չեմ: Կտավներն այս պահին Ֆլորենցիայում են, ներկայացված են «Ռենեսանս» ցուցահանդեսում, կատալոգը հրատարակվել է եւ այսքան բան:

Ասացիք, որ կտավները գնել եք: Եթե գաղտնիք չէ, կտավներից յուրաքանչյուրի համար որքա՞ն եք վճարել:

Էդ Ձեր գործը չի: Ինչ ա նշանակում` ինչքան եք վճարել…Ինչքան որ ինքն ուզել է, այդքան էլ վճարել եմ:

Խնդիրն այն է, որ տիկին Աբրահամյանը պնդում է, թե Դուք իրենից թվով 10-12 կտավ եք տարել եւ դրանց համար, ընդհանուր առմամբ, մոտ 300 դոլար կանխավճար եք տվել, որն իր ձեւակերպմամբ, ծիծաղելի գումար է:

Ոչ, ես յուրաքանչյուր նկարի համար վճարել եմ 100, 100-ից ավելի դոլար:

Այդ դեպքում տարօրինակ է, որ տիկին Աբրահամյանը Ձեզ մեղադրում է իր նկարները յուրացնելու մեջ:

Դե…. 90 տարեկան կին է:

Արդեն 101:

Ուրեմն այսպես ասեմ`Սարգիս Աբրահամյան անունով մի նկարիչ կա` իր աշակերտն է, ինքն է ինձ տարել Ելենա Աբրահամյանի տուն: Դու կարող եմ իր հետ էլ խոսել...Էդպես բան չկա, որ ես ինչ-որ մեկից նկար վերցնեի ու գումար չտայի: Ինքը` Ելենան ամեն մի նկարի վրա դողում էր, եւ ես ասացի` սա մենք վերցնում ենք, որպեսզի տանենք Ֆլորենցիա` հայկական նկարների ցուցահանդեսին: Ցուցադրությունը եղավ, նկարները հիմա Ֆլորենցիայում են, անձեռնմխելի են, բայց դրանք իմ նկարներն են, իր նկարները չեն: Ես դրանց համար իրեն վճարել եմ: Ինքը դրանք վաճառեց այն բանով, որ իր նկարները ցուցահանդեսում ներկայացվեն: Բայց ուրիշ ոչինչ, եւ էդպես բան չկա` որ ես կանխավճար տամ, ու փողը չտամ:

Մի ճշտում էլ. տիկին Ելենան  ասաց, որ Դուք նկարիչների միության այլ անդամներից էլ եք նկարներ վերցրել:

Ես ոչ մեկից նկար չեմ գնել: Հայաստան էր եկել «Ռենեսանսի» տնօրենն ու նա է մի քանի նկարիչներից անձամբ նկարներ վերցրել`ցուցադրելու համար: Նա հիմնականում վճարում էր եւ տանում: Նա նկարիչների միության ներկայիս նախագահ Կարեն Աղամյանից էլ է տարել, ուրիշ նկարիչներից էլ: Իսկ ես անձամբ Ելենա Աբրահամյանից գնել եմ նկարներն ու տվել «Ռենեսանսի» տնօրենին:

Անվարձահատո՞ւյց եք տվել նկարները:

Ես անվարձահատույց չեմ տվել, դրանք իմ անձնական նկարներն են, իմ սեփականությունն են, որոնք հիմա ցուցադրվում են Ֆլորենցիայում:

Իսկ ցուցադրության համար Ձեզ վճարո՞ւմ են:

Ոչ, չեն վճարում:

Ստացվում է` որ անվարձահատո՞ւյց եք տվել:

Ես տվել եմ, որ հայկական նկարչությունը եւ Ելենա Աբրահամյանը Ֆլորենցիայում երեւան:

NEWS.am-ը այս հակասական պատմության շուրջ զրուցեց նաեւ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հետ, ով ի դեպ, աշակերտել է Ելենա Աբրահամյանին: Նա ասաց, որ տեղյակ է այդ պատմությունից, գիտի, որ Եզնիկ սրբազանը նկարներ է վերցրել Աբրահամյանից, բայց թե ինչ պայմաններով` տեղյակ չէ:

Նա եւս հաստատեց, որ մի քանի տարի առաջ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի ուղեկցությամբ Նկարիչների միություն է այցելել «Ռենեսանսի» տնօրենը (նրա անունը ցավոք պարզել չկարողացանք) եւ մի քանի նկարիչներից, այդ թվում եւ իրենից` նկարներ վերցրել: «Այն նկարները, որոնք ես տվել էի նրան`ցուցադրության համար, չեն վաճառվել, ոչ մի այլ գործարք դրանց հետ կապված չի եղել: ես պահանջել եմ իմ տված նկարները եւ նա դրանք վերադարձրել է ինձ: Իսկ այլոց նկարների մասին ինձ ոչինչ հայտնի չէ»,-նշեց Աղամյանը` հավելելով, որ ինքը եւս հետամուտ կլինի այս պատմության մութ կողմերը բացահայտելու ուղղությամբ:

Ակնկալում ենք` պատկան մարմիները եւս:

 

Պատրաստեց Հեղինե Մանուկյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ