News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը համառորեն չի հայտնում, թե մայիսի 29-ին, Շարուրի-37 հասցեում գտնվող «Էլեկտրոն» գործարանը, որտեղ պայթյուն էր որոտացել, գրանցվա՞ծ է ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում, թե` ոչ  եւ արդյոք որեւէ տեղ փորձաքննություն անցե՞լ է, թե` ոչ:

Այս հարցով դեռեւս մայիսի 30-ին դիմեցինք ԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանին: Նա այդ ժամանակ պատասխանեց,, որ չի կարող ճշտել, քանի որ ումից որ պետք է ճշտեր, դեպք է պատահել, հնարավոր չի հետը կապվել: Այդպես ամեն օր զանգահարում էինք  Նիկոլայ Գրիգորյանին`  նույն հարցով, սակայն ամեն օր ստանում էինք նույն պատասխանը: Իսկ այսօր, երբ «այդ փոքր հարցի» անպատասխան մնալու մեկ շաբաթը լրացավ եւ նորից զանգահարեցինք, ԱԻՆ պաշտոնյան ասաց. «Ես պատասխան չունեմ»:

Միթե դժվար է մեկ շաբաթվա ընթացքում պարզել, թե երկու մարդու մահվան պատճառ դարձած «Էլեկտրոն» գործարանը գրանցվա՞ծ է ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում եւ անցե՞լ է, արդյոք, փորձաքննություն:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ  «Էլեկտրոն» գործարանը ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում գրանցված չէ եւ որեւէ տեղ փորձաքննություն չի անցել, ինչը օրենսդրության պահանջների խախտում է: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Էլեկտրոն» գործարանում պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից հաղորդում է ստացվել, որ «Էլեկտրոն» ԲԲԸ-ում պայթյուն է տեղի ունեցել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Շարուրի փողոցում գտնվող  «Էլեկտրոն» ԲԲԸ 16-րդ արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի ընթացքում փոխտնօրեն՝ 65-ամյա Ադիբեկ Բարսամյանը  ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ նույն արտադրամասի պետ՝ 72-ամյա Ջանիբեկ  Մարտիրոսյանը,   տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 16.55-ին, գիտակցության չգալով, մահացել է:

Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ