News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում, վթարի ենթարկված պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի մոտ կան զուգակցված գանգուղեղային եւ ողնաշարային, ողնուղեղային  վնասվածքներ,  գլխուղեղի ցնցում: Այս մասին, այսօր` հունիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց թիվ մեկ համալսարանական կլինիկայի Նյարդավիրաբուժության ամբիոնի եւ կլինիկայի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանը: Նրա փոխանցմամբ` Մարկ Սաղաթելյանի մոտ կա ողնաշարի, պարանոցի եւ գոտկատեղային հատվածի ողերի ելունների կոտրվածք, բայց որեւէ ֆոււնկցիոնալ խանգարում, այսինքն` ողնուղեղի վնասվածք չկա:  Ռուբեն Ֆանարջյանը նշեց, որ այս պահի դրությամբ որեւէ վիրաբուժական միջամտության խնդիր չի տեսնում, իսկ ոսկրային խանգարումները պահանջում են ժամանակ եւ բուժում:

Նրա խոսքով` հետագա հետազոտությունները ցույց կտան ռազմավարությունը, իսկ կոտրվածքների բուժման համար հարկավոր է ժամանակ եւ բուժում: «Որեւէ ֆունկցիոնալ խանգարումներ չկա, բոլոր հիվանդությունները պահանջում են ժամանակ եւ համոզված եմ, որ կունենանք լավ արդյունք»,- ասաց նա:

Իսկ ԵՊԲՀ Անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանը նշեց, որ երկուսի վիճակն էլ կարելի է գնահատել միջին ծանրության, երկուսն էլ պարզ գիտակցության մեջ են, լավ կողմնորշվում են շրջապատում, բայց շարունակվում են հետազոտությունները եւ ինտենսիվ թերապիայի միջոցառումները: Նրա փոխանցմամբ` Մարկ Սաղաթելյանի մոտ առկա է գլխուղեղի ցնցում` կտրված վերքով ճակատային մասում: «Անմիջապես անցկացված հետազոտություններն ի հայտ բերեցին ողնաշարի պարանոցային շրջանի մի քանի ողի կոտրվածք, կոնքոսկրի բարդ կոտրվածք եւ տրավմատիկ շոկ»,- ասաց նա: Իսկ  Գրիգոր Նազարյանի մոտ առաջնային հետազոտությունները ցույց տվեցին գլխուղեղի ցնցում, ճակատային շրջանում բարդ կտրված վերք, երկու  թոքերի ծանր  սլաջարդ, կոնքի ոսկրների կտրվածքները, ազդոսկրի ոսկրի տեղաշարժում, ձախ ստորին վերջույթի, ծնկոսկրի կոտրվածք, նա եւս գտնվում էր ծանր շոկային վիճակում:

Ասուլիսի բանախոսներից`  Տրավմատոլոգիայի եւ օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արսեն Ազիբեկյանը նշեց, որ ներկա դրությամբ Մարկ Սաղաթելյանի մոտ առկա է կոնքի ոսկրերի կոտրվածք, որն ուղղվել է, իսկ Գրիգոր Նազարյանի մոտ` կոնքի կոտրվածքներ: Նրա խոսքով` երկուսին էլ անհրաժեշտ է երկարատեւ կոնսերվատիվ բուժում: Վերջնական ախտորոշումից, ապաքինման ընթացքից, բուժման մեթոդներից  է կախված, թե երբ նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից:

Նշենք, որ առավոտվանից հիվանդանոցում է երգիչ Թաթա Սիմոնյանը, ով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեռ չի տեսել իր պրոդյուսեր Գրիգոր Նազարյանին եւ չգիտի, թե երբ կտեղափոխեն հիվանդասենյակ: Վթարի հետ կապված այլ մանրամասների նա չցանկացավ անդրադառնալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըատ ԱԻՆ-ի տվյալների, Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

NEWS.am-ի տեղեկություններով, Մարկ Սաղաթելյանը վերջերս էր վերադարձել Մոսկվայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ