Հայաստանի Կառավարության կազմի ձեւավորումից հետո նորանշանակ նախարարների հետ չեն աշխատելու արդեն նախկին նախարարների մամուլի քարտուղարները:
Աշխատանքից ազատվելու դիմումի մասին առաջինը հայտարարեց Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը: Մեր տեղեկություններով` նրա փոխարեն նախարար Գագիկ Բեգլարյանը մտադիր է նշանակել Անժելա Մարտիրոսյանին, ով Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետն էր Գագիկ Բեգլարյանի՝ քաղաքապետ աշխատած ժամանակ:
Աշխատանքից ազատվելու մտադրություն ունի նաեւ Առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Վերջինս NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց, որ այժմ գտնվում է արձակուրդում, կվեդառնա հուլիսի 9-ին եւ կգրի աշխատանքից ազատման դիմում, քանի որ կարծում է, որ մամուլի քարտուղարը պետք է ղեկավարի հետ հեռանա:
Մեր տեղեկություններով` Առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանի ռեկտոր եղած ժամանակ նրա մամուլի քարտուղարն էր Անահիտ Հայթյանը: Առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է նաեւ նրա անունը;
Սրձակուրդում է նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Արթուր Պետրոսյանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իվետա Տոնոյանը, ով վերջերս նշանակվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար: Նա NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց, որ արձակուրդից վերադառնալուց հետո` հուլիսի 1-ից, աշխատանքից ազատման դիմում կգրի եւ կդադարեցնի իր լիազորությունները: Մեկ այլ նորանշանակ նախարար` Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը եւս առայժմ մամուլի քարտուղար չունի: Քաղաքաշինության նախկին նախարար Բաղդասար Մհերյանը գտնվում է արձակուրդում, առողջական խնդիրների պատճառով նա նաեւ այժմ չի կատարում ԲՀԿ-ի մամուլի խոսնակի պարտականությունները:
Նշենք, որ եթե մամուլի քարտուղարի պաշտոնը հայեցողական է, ապա տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի կամ վարչության պետինը` քաղծառայողի: Չի բացառվում, որ կլինեն դեպքեր, երբ պարզապես նախարարը կհրաժարվի մամուլի քարտուղար ունենալուց եւ պարտականությունները կկատարի բաժնի կամ վարչության պետը: Իսկ բաժնի կամ վարչության պետ դառնալու համար էլ պետք է մասնակցել քաղծառայության խորհրդի կողմից կազմակերպած մրցույթին:




























