Սպիտակի Ջրաշեն գյուղից 18-20 շաբաթական հղիությամբ 43-ամյա Հրածին Մալխասյանը հուլիսի 28-ին ցավերով տեղափոխվել է Երեւանի բժշկական կենտրոններից մեկը, նրա մոտ սկսվել է արյունահոսություն, որից հետո հեռացրել են արգանդը, սակայն հղի կնոջ կյանքը հնարավոր չի եղել փրկել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները: Ըստ շրջանառվող տեղեկությունների` կնոջ մոտ արյունահոսությունը սկսվել է աբորտ անելուց հետո, քանի որ նա 20 շաբաթական հղի է եղել:
Ջրաշենի գյուղապետ Վահան Ուռուսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ Հրածին Մալխասյանը 4 երեխաների մայր էր, ուներ երկու աղջիկ եւ երկու տղա: Դուստրերը ամուսնացած են, ավագ որդին նոր է վերադարձել բանակից, իսկ փոքր տղան 11 տարեկան է: Մեր աղբյուրները հայտնեցին, որ ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական վիճակում, ընտանիքում ոչ մեկը չի աշխատում, կինը տնային տնտեսուհի էր, իսկ ամուսինն էլ սեփական ավտոմեքենա ունի, ինչ-ինչ գործեր է անում: Գյուղում պատմում են, որ կինը իրեն վատ է զգացել, ցավեր է ունեցել, տեղափոխել են Երեւան, այնտեղ վիրահատություններ են արել եւ հետո Ջրաշեն են տեղափոխել նրա դիակը: Գյուղապետի խոսքով` ամուսինը միայն իրեն է մեղադրում կնոջ մահվան մեջ, քանի որ ժամանակին հետեւողական չի եղել, կոնսուլտացիաների չի տարել կնոջը եւ այլն:
Դեպքի հետ կապված մանրամասներ փորձեցինք ճշտել Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանից: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախ նշեց, որ նման դեպք չի եղել, ապա ասաց, որ այդ ինֆորմացիան աղավաղված է: Նրա փոխանցմամբ` կինը դիմել էր «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից տեղափոխվել է «Էրեբունի» բ/կ, որտեղ եւ մահացել է: «Գործը գտնվում է քրեական վարույթում, թե աբորտ էր, թե վիժում է, թե արյունահոսությամբ եկել է, այդ ամենը գտնվում է քրեական դաշտում, երբ նախաքննության վարույթ է ընթանում, մենք ինֆորմացիա չենք կարող տալ»,- ասաց նա` չցանկանալով հայտնել դեպքի այլ մանրամասներ:
«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն Լեւոն Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնեց, որ շաբաթ օրը երեկոյան իրենց մոտ ընդունվել է 18-20 շաբաթական հղիությամբ մի կին: Նրա մոտ եղել են ցավեր, ինքնուրույն վիժել է, այնուհետեւ սկսվել է արյունահոսությունը: «Հղիությունը նորմալ չի ընթացել, ծանր վիճակում ընդունվել է, վիժել է, որից հետո արյունահոսություն է սկսվել, վիրահատել ենք, այնուհետեւ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնտեղ նորից վիրահատվել է եւ հնարավոր չի եղել կյանքը փրկել»,- ասաց նա: Իսկ թե ինչով կլինի պայմանավորված վիժումը, արյունահոսությունը, ապա նա նշեց, որ չես կարող ասել, ամեն ինչով էլ կարող է պայմանավորված լինել: Լեւոն Գրիգորյանը շեշտեց, որ իրենց մոտ թե կազմակերպչական, թե բուժական առումով ամեն ինչ նորմալ ընթացել է, մնացածը կտա մասնագիտական եզրակացությունը:
Իր հերթին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն Միքայել Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հրածին Մալխասյանը հուլիսի 28-ին ժամը 12.30-ի սահմաններում ծայրահեղ ծանր վիճակում, անգիտակից, արհեստական շնչառության ապարատով տեղափոխվել է իրենց մոտ: «Էրեբունիում» կատարվել է համապատասխան հետազոտություններ, որի հիման վրա հիվանդը տեղափոխվել է վիրահատարան, որտեղ կատարվել է կրկնակի որովայնի ռեվիզիա, հայտնաբերվել է որոշ արյան կորստի աղբյուրներ, դադարեցվել է արյունահոսությունը: «Արյունահոսության պատճառով առաջացել է արյան մակարդելիության լուրջ խնդիրներ, որը բերել է աղիքների մեռուկացման, որի կապակցությամբ հրավիրվել է աղիքային վիրաբույժ պրոֆեսոր Մինասյանը, որը կատարել է աղիքի հեռացում: Վիրահատությունն ավարտվել է, արյունահոսությունը դադարեցվել է, բայց ,ցավոք սրտի, 2-3 ժամ հետո Վերակենդանացման բաժանմունքում հիվանդը, գիտակցության չգալով, մահացել է»,- ասաց նա: Նրա խոսքով` հիվանդանոցում ձեռնարկել են բոլոր հնարավոր միջոցառումները, որպեսզի փրկեն կնոջ կյանքը, արել են այն ամենը, ինչ անում են նման բոլոր դեպքերում:
Ի դեպ, ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ Էրեբունիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




























