News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում տարեցտարի ավելանում է այն անձանց թիվը, ովքեր բախվելով պատմության իրական փաստերին՝ ստիպված են ճիշտը բարձրաձայնել 20-րդ դարասկզբին հայերի դեմ իրականացրած ցեղասպանության մասին։ Շատերը, գիտակցելով Թուրքիայում տիրող դառը իրականությունը, վախենալով՝ չեն արտահայտում իրենց տեսակետները, իսկ սակավաթիվ անվախները անելով դա՝ դառնում են ազգայնականների եւ խավարամոլների սպառնալիքների թիրախը։

Այս համատեքստում կարելի է հիշել 2008 թվականի վերջում մի խումբ թուրք մտավորականների կողմից «Ներեցեք մեզ, հայեր» ակցիան, որին ինտերնետով միացան Թուրքիայի ավելի քան 30 հազար քաղաքացիներ։ Ճիշտ է այդ ակցիան կազմակերպողները չէին նշել ցեղասպանություն բառը, այլ օգտագործել էին մեծ աղետ արտահայտությունը։ Դժվար է միանշանակ ասել հիշյալ ակցիայի դրական ու բացասական կողմերի մասին, մանավանդ երբ 2010 թվականի հունվարի առաջին օրերին Ֆրանսիայում տեղի ունեցավ հետաքրքիր մի իրադարձություն։ Ֆրանսիայի Լիոն քաղաքի դատարանը 1500 եվրո տուգանք նշանակեց ազգությամբ թուրք Սրմա Օրանի նկատմամբ։ Սրմա Օրանը Ֆրանսիայում կանաչների կուսակցությունից առաջադրվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածու։ Ֆրանսիական Վիլերբանի քաղաքապետ Ժան Պոլ Բրեթը Սրմայից հետաքրքրվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա դիրքորոշման մասին։ Վերջինս հրաժարվել էր նույնիսկ Լիոնում տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ ի նշան հարգանքի կանգնել։ Ինչից հետո Սրման դիմել է դատարան, որ իր հանդեպ ազգային խտրականություն են ցուցաբերում։ Սակայն դատարանը պատժել է հենց Սրմային եւ նշանակել տուգանք 1500 եվրո։ Առաջին հայացքից արտառոց ոչինչ չի երեւում, բայց միայն առաջին հայացքից։ Սրմա Օրանը «Ներեցեք մեզ, հայեր» ակցիան կազմակերպած երեք թուրք մտավորականներից մեկի՝ Բասկըն Օրանի աղջիկն է։ Այս փաստն է, որ մարդու շփոթության մեջ է գցում։ Հայրը ասում էր հետեւյալ խոսքերը. «Ես չեմ կարող գիտակցաբար անտարբերություն ցուցաբերել եւ ժխտել այն մեծ աղետը, որը հայերը վերապրել են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում։ Ես հերքում եմ այդ անարդարությունը եւ գործելով իմ անունից՝ կիսում եմ իմ հայ եղբայրների եւ քույրերի ցավը՝ նրանցից ներողամտություն հայցելով», իսկ աղջիկը՝ նույնիսկ հրաժարվում է Լիոնում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ի նշան հարգանքի կանգնել։

Հայոց Ցեղասպանության նկատմամբ իր հետաքրքիր դիրքորոշմամբ աչքի ընկավ թուրք հայտնի դիվանագետի աղջիկ Պելին Բատուն։ Վերջինս Թուրքիայում մեծ հեղինակություն վայելող դերասան եւ արվեստագետ է։ Պելին Բատուն մասնակցելով թուրքական հայտնի Haberturk հեռուստաընկերության ուղիղ եթերով հեռարձակվող «Պատմության ետեւի սենյակը» հաղորդաշարին՝ մի քանի անգամ կրկնել էր Հայոց ցեղասպանություն արտահայտությունը։ Հաղորդավար Մուրադ Բարդակչըն մի քանի անգամ դիտողություն էր արել Պելին Բատուին, որ թուրքերը 1915 թվականի իրադարձությունները չեն համարում ցեղասպանություն եւ նա դրանով հայերի տեսակետն է առաջ տանում։ Երիտասարդ արվեստագետը պնդել էր, որ ինքը հայերի տեսակետը չի պաշտպանում այլ ընդգծում է, որ մեծ ողբերգություն է տեղի ունեցել։ Հաղորդմանը հետեւող հեռուստադիտողները բացատրություն պահանջեցին Պելին Բատուի պարանոցին կախված վզնոցի վրայի նռան հետ կապված՝ պնդելով, որ նուռը հայերի խորհրդանիշներից է։ Երիտասարդ արվեստագետը պատասխանեց, որ նուռ վզնոցը գնել է Հայաստանից, բայց դա կապ չունի հայերի հետ, ինքը պարզապես այդ միրգը շատ է սիրում։ Հաղորդավար Մուրադ Բարդակչըն հիշեցրեց Պելին Բատուին, որ ԱՍԱԼԱ-ն բազմաթիվ թուրք դիվանագետների է սպանել։ «Իմ հայրը դիվանագետ է եղել։ Ես փոքր հասակից միշտ վախեցել եմ, որ հայրիկիս կսպանեն։ Իմ հոր մոտ ընկերները ԱՍԱԼԱ-ի կողմից են սպանվել, սակայն ես թշնամություն չեմ ցուցաբերելու հայերի դեմ»-պատասխանել է Պելին Բատուն։ Այս հաղորդումից հետո Պելին Բատուն բազմաթիվ սպառնալիքներ ստացավ եւ հավանաբար դա եղավ պատճառը, որ վերջինս մյուս հարցազրույցներում սկսեց ավելի զգույշ արտահայտվել։ Այսպես, արդեն 2010 հունվարի 3-ի թուրքական Bugun թերթում հրապարակվեց հարցազրույց Պելին Բատուի հետ։ Ներկայացնենք որոշ հատված այդ հարցազրույցից։

Ձեր հայրը դիվանագետ էր, դուք չէի՞ք վախենում, որ նրա հետ ինչ որ վատ բան կարող էր լինել։

Իմ մանկությունը անցել է սարսափների մեջ։ Այն տարիներին ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված 40 դիվանագետների մեծ մասը իմ հայրիկի մոտ ընկերներն էին։ Ինձ միշտ թիկնապահներով էին ուղարկում դպրոց եւ պահում էին խիստ անվտանգության ներքո։

Մուրադ Բարդակչըի հաղորդման ժամանակ, երբ 1915 թվականի դեպքերը անվանեցիք Հայոց Ցեղասպանություն՝ շատ արձագանքներ ստացաք։

100 տարի է անցել, սակայն մարդիկ դեռ մեծանում են այդ պատմությունները լսելով։ Կարծում եմ, որ թե՛ հայկական, թե՛ թուրքական տեսակետներն էլ խնդիրներ ունեն։ Այդ պատճառով սխալ է անցյալի ողբերգության պատճառով ինքնություն ստեղծել։ Հայաստանում շրջել եմ։ Երեւանը հրաշք քաղաք էր։ Իմ թուրք լինելու պատճառով Հայաստանում ոչ մի խնդիր չի եղել։

Լավ, իսկ այստեղ ձեր ասած Հայոց ցեղասպանություն արտահայտությունից հետո ի՞նչ տեղի ունեցավ։

Ամեն տեսակ վիրավորանք եւ սպառնալիք ստացա, նույնիսկ սպանության սպառնալիք, բայց կարծում եմ, որ մարդիկ սկսել են փափկել։

Պաշտպանում ե՞ք իշխանությունների քայլերը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։

«Արդարություն եւ զարգացում» կուսակցության գործողությունները Հայաստանի հետ սահմանի բացման խնդրում բավականին կառուցողական եւ ներշնչող են։

Այս հարցազրույցից օրեր հետո թուրքական Haber50 կայքէջում հայտնվում է Պելին Բատուի պատասխանը, թե ինչպես է նա վերաբերվում Նոբելյան մրցանակի արժանացած թուրք գրող Օրհան Փամուկին, ով ասել էր, որ Թուրքիայում սպանվել է մեկ միլիոն հայ եւ 30 հազար քուրդ։

«Ոչ, սխալ է եղել նրա կողմից թվաքանակ հայտնելը, որովհետեւ պատմաբանները դեռեւս այս խնդիրը քննարկում են։ Օրհան Փամուկը այդ խնդրում սխալ էր, պատմաբանը դա այդքան հանգիստ չէր կարող ասել։ Բայց Օրհան Փամուկը հայրենիքի դավաճան չէ, ոչ էլ՝ թշնամի։ Իմ կարծիքով նրա ստեղծագործությունները Թուրքիան ամենալավ գովազդողներն են»,-պատասխանել է թուրք դերասանուհի Պելին Բատուն։

Այո, երիտասարդ դերասանուհին փորձում է մի տեսակ բացահայտել Օրհան Փամուկի սխալները եւ միեւնույն ժամանակ պաշտպանել թուրք հայտնի գրողին, ով շվեյցարական մի թերթին տված հարցազրույցում ասել էր, որ 1915 թվականին 1 միլիոն հայ եւ 30 հազար քուրդ է սպանվել Օսմանյան կայսրությունում։ 2006-ին Օրհան Փամուկը արժանացավ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի։ Շատերը Նոբելյան մրցանակը համարեցին պատասխան Փամուկի ասածին։ Թուրք գրողը Նոբելյան մրցանակ ստանալուց հետո խուսափում էր հիշել իր խոսքերը 1915-ի մասին։ Եւ 2009 թվականի նոյեմբերի 10-ին Նյու Յորքի Քուինս Քոլեջում սահմանափակ թվով հանդիսատեսի համար կայացել է Օրհան Փամուկի նոր գրքի` «Անմեղության թանգարան»-ի շնորհանդեսը եւ հատընթերցումը, որից հետո «ԱրմՆյուզ»-ի նախկին մեկնաբան, Սորբոնի համալսարանի դոկտորանտ, նյույորքաբնակ Հայկ Մարտիրոսյանը թուրք գրողին հարց է տվել, թե վերջին շրջանում նա կրավորական դիրք է ընդունել ցեղասպանության հարցում: «Համենայն դեպս կարծիք կա, որ խուսափում եք այլեւս այս թեմային անդրադառնալուց: Արդյո՞ք դա արդյունք է Ձեր հանդեպ նախկինում կիրառված քրեական հետապնդման, կամ գուցե Ձեր լռությունն այլ հանգամանքներո՞վ է պայմանավորված»,- հարցին Փամուկը նյարդայնացած պատասխան է տվել, ընդ որում, հրաժարվելով օգտագործել «ցեղասպանություն» բառը: «Դա ինձ համար նախեւառաջ խոսքի ազատության խնդիր էր, եւ հետո` դա իմ կյանքի միակ թեման չէ: Առավել կարեւոր խնդիրներ կան: Բացի այդ` այս թեմաները պետք է քննարկվեն նախեւառաջ թուրք ժողովրդի կողմից»,- ասել է Օրհան Փամուկն ու հեռացել շնորհանդեսից՝ անգամ չմակագրելով իր գրքերը:

Իհարկե այս թեկուզ եւ քիչ թվով անձանց արարքները առիթ են հանդիսանում, որ տարիներ ի վեր պատմության մութ էջերի մասին սխալ տեղեկություններ ստացած թուրքերը ստիպված լինեն փնտրել եւ գտնել իրականը պատմության դառը էջերի մասին։

Եւ վերջում ավելորդ չէր լինի հիշեցնել թուրքական Milliyet-ի թղթակից Քադրի Գյուրսելի գրած տողերը, ով 2009-ին դեկտեմբերին մի խումբ թուրք լրագրողների հետ Երեւանում էր եւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում ծաղիկներ էր դրել ու ի նշան հարգանքի կանգնել. «Ծաղիկներ ենք դրել, որովհետեւ հասկացել ենք նրանց ցավը եւ ցույց ենք տվել զոհվածների հիշատակի հանդեպ մեր հարգանքը։ Ամեն դեպքում ես այդպես եմ մտածում։ Ես կարծում եմ, որ մարդկային առումով շատ ճիշտ է այնտեղ ի նշան հարգանքի կանգնել եւ ծաղիկներ դնել։

Իրոք, մենք գիտեի՞նք թե ինչեր են տեղի ունեցել Անատոլիայում 1915-1922 թվականներին։ Իսկ այսօր գիտե՞նք։ Ո՞վ կարող է հանգիստ սրտով ասել՝ այո։ Ինչո՞ւ ենք ցանկանում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Սահմանների բացումը աշխարհա-քաղաքական եւ տնտեսական օգուտներ կտա՞։ Գիտակցության սահմանները բացելը՝ հայ-թուրքական սահմանների բացման չափ կարեւոր է»,- իր հրապարակման մեջ նշել է Քադրի Գյուրսելը։

Անդրանիկ Իսպիրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ