Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ, այսպես կոչված, «Ադրբեջանում հիշատակի օրվա» առթիվ, հայտնում է TRT Haber-ը։

Իր սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ Էրդողանը Ադրբեջանն անվանել է «բարեկամ և եղբայրական երկիր» և հարգել է Արցախի օկուպացման համար մարտական գործողություններին մասնակցած զոհված ադրբեջանցի զինծառայողների հիշատակը։

«Բարեկամ և եղբայրական Ադրբեջանի Հիշատակի օրվա առթիվ այն նահատակ հերոսներին, որոնք պայքարել են Ղարաբաղն օկուպացիայից ազատագրելու և նրա ազատության համար հիշում եմ ողորմությամբ, իսկ վետերաններին՝ հարգանքով», — գրել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև հայտարարել է. «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա»։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում նշում են 44-օրյա պատերազմի սկզբի վեցերորդ տարելիցը, որի ընթացքում հազարավոր հայեր կյանք են տվել հայրենիքի համար։ Սակայն արդյունքում Արցախը օկուպացվեց Ադրբեջանի կողմից, ավելի քան հարյուր հազար արցախցիներ մնացին առանց հայրենիքի, և առաջին անգամ բազմաթիվ հազարամյակների ընթացքում նրա տարածքում այլևս հայեր չեն բնակվում։