Շվեյցարացի ընտրողները մերժել են Սահմանադրությունում չեզոքության ավելի խիստ ձև ամրագրելու առաջարկը, որը կսահմանափակեր երկրի հնարավորությունը տնտեսական պատժամիջոցներ կիրառելու և ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հարցում, հայտնում է Reuters-ը։

Նախնական տվյալներով, նախաձեռնության դեմ քվեարկել է ընտրողների մոտ 69%-ը, կողմ՝ մոտ 31%-ը։

Նախաձեռնությունը նախատեսում էր Սահմանադրությունում ամրագրել «մշտական և զինված չեզոքության» սկզբունքը։ Այն ընդունվելու դեպքում Շվեյցարիան չէր կարող միանալ ռազմական կամ պաշտպանական դաշինքներին կամ համագործակցել դրանց հետ, բացառությամբ այն իրավիճակի, երբ երկրին անմիջականորեն սպառնար զինված հարձակումը։ Բացի այդ, այլ պետությունների դեմ պատժամիջոցներին մասնակցությունը թույլատրելի կլիներ միայն այն դեպքում, եթե դրանք սահմանվեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։

Շվեյցարական չեզոքությունը միջազգային ճանաչում է ստացել 1815 թվականին՝ Նապոլեոնյան պատերազմների ավարտից հետո։ Միևնույն ժամանակ, գործող Սահմանադրությունը չի պարունակում չեզոքության սկզբունքի այդքան մանրամասն սահմանում՝ իշխանություններին թողնելով դրա գործնական կիրառման որոշակի ազատություն։

Նախաձեռնության կողմնակիցները, որոնց թվում էր աջ Շվեյցարական ժողովրդական կուսակցությունը (SVP), հայտարարում էին, որ երկրի ավանդական չեզոք կարգավիճակը վտանգի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ Բեռնը միացավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկսվելուց հետո։ Նրանք նաև հանդես էին գալիս Շվեյցարիայի և ՆԱՏՕ-ի համագործակցության ընդլայնման դեմ։

Նախաձեռնության դեմ հանդես եկան Շվեյցարիայի կառավարությունը և խոշոր կուսակցությունների մեծ մասը։ Իշխանությունները զգուշացնում էին, որ չեզոքության ավելի կոշտ ամրագրումը կսահմանափակի երկրի հնարավորությունները անվտանգության ոլորտում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ու ռազմական վարժանքները։

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը նույնպես դեմ էր առաջարկին՝ հայտարարելով, որ այն կարող է սահմանափակել երկրի հնարավորությունները ազգային անվտանգության ոլորտում։

Քվեարկությունից առաջ հարցումները ցույց էին տալիս նախաձեռնության հակառակորդների կայուն առավելությունը։ SRG-ի առաջին հարցման համաձայն, այն չէին աջակցում հարցվածների 54%-ը, իսկ սեպտեմբերի սկզբին հակառակորդների բաժինը աճել էր մինչև 63%։