«Թամարա»   ընկերությունը  պաշտոնապես  հերքել է  այն փաստը, որ  իր կողմից  արտադրվող կաթի  եւ կաթնամթերքի   արտադրության գործընթացի որեւէ փուլում  կիրառվել է սոդա:

Ընկերությունը պատասխանել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավար Աբրահամ Բախչագուլյանին, ով ասել էր, թե մի շարք ընկերություններ սոդա են խառնում կաթի հետ:

«Համաձայն  կաթի գնման  գործող  ստանդարտների` ընկերությունն ինքն է  պայքարում գյուղացիներից եւ  ֆերմերային տնտեսություններից մթերվող կաթում  սոդայի առկայությունը   հայտնաբերելու համար:  Ինչպես հայտնի է, պրակտիկայում լինում են  դեպքեր, երբ սոդան (կերակրի սոդա)  ավելացվում է  մթերվող թթված կաթին`  թթվությունը 1-2 ժամով  իջեցնելու նպատակով:  Վերջինս համարվում  է խարդախված կաթ, որը ենթակա չէ  ընդունման: Ինչ վերաբերվում է  պաստերացված  խմելու կաթին, ապա  դրա արտադրության  մեջ որեւէ  ցիկլում  սոդայի կիրառման իմաստը  տեխնոլոգիապես  անհասկանալի է եւ անիմաստ , քանի որ  նա չի  հանդիսանում  որպես կոնսերվանտ եւ չի կարող  երկարացնել  կաթի պահպանման  ժամկետը:

Ընկերությունը խմելու կաթի  արտադրության համար  մթերված կաթից  ընտրում է  բարձր  որակի կաթ եւ այն  ենթարկելով  մեխանիկական  եւ ջերմային  մշակման` համապատասխանեցնում է գործող  խմելու կաթ ստանդարտին:

Պաստերացված  խմելու  կաթի  պահպանման  ժամկետը հիմնականում  կախված է  տեխնոլոգիական  հրահանգներով  կատարվող վերամշակումից, որով առաջնորդվում եւ խստիվ  հետեւում է  ընկերությունը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավար Աբրահամ Բախչագուլյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով, հրապարակեց կաթնամթերք արտադրող ընկերություններում ստուգումների արդյունքները:

Ա. Բախչագուլյանի տեղեկացմամբ՝ իրականացվել է հում կաթի եւ պաստերիզացված կաթի նմուշառում, որոնք փորձաքննվել են մրցույթում հաղթած լաբորատոր կազմակերպությունում: Ստուգվել են 3 չափանիշներ. սոդայով կեղծվածություն, բուսական յուղի անօրինական օգտագործում, կաթի փոշու օգտագործում:

Նրա խոսքով, սոդայով կեղծվածություն հայտնաբերվել է հետեւյալ ընկերություններում. «Անի-Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Աշտարակ կաթ», «Մուլտի Ագրո», «Արզնի կաթ», «Թամարա»: Ընդ որում՝ սոդայով կեղծվածություն չի հայտնաբերվել հում կաթում, միայն պաստերիզացված կաթում: Սոդան իջեցնում է կաթի թթվայնությունը, ընկերություններն այն ամռան շոգերին օգտագործում են կաթը շուտ թթվելուց ապահովագրելու համար: Տեխնիկական կանոնակարգերն արգելում են կաթում սոդա խառնել: