Ֆրանսիայում պետական ծառայողների համազգային գործադուլի պատճառով չեղարկվել է ավիաչվերթների մի մասը։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը (DGAC) կարգադրել է տեղական ժամանակով 07:00-ից մինչև 20:00-ն չեղարկել Փարիզի «Շարլ դը Գոլ» օդանավակայանի չվերթների 5%-ը, իսկ Մարսելի օդանավակայանում՝ չվերթների 25%-ը (16:00-ից մինչև 00:00-ն)։

Նշվում է, որ ավիահաղորդակցության խափանումներ են սպասվում նաև Նանտի, Ստրասբուրգի, Լիմոժի, Լուրդի և Պոյի տարածաշրջանային օդանավակայաններում։

Ֆրանսիայի մյուս օդանավակայաններում ավիահաղորդակցությունը կիրականացվի բնականոն հունով։

«Շարլ դը Գոլ» օդանավակայանը «Air France-KLM» ավիաընկերության հիմնական հանգույցներից է։