«Հայաստան - Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում, COP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների՝ Le Figaro, Le Parisien, Ouest-France, Groupe EBRA (Est-Bourgogne-Rhône-Alpes) և Radio France Internationale (RFI) ներկայացուցիչներն այցելել են Հայաստան՝ տեղում ծանոթանալու IADAAM ծրագրի աշխատանքներին և Վեդու ջրամբարի ներկայիս վիճակին։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Այցի շրջանակում այցելել են նաև IADAAM-ի ցուցադրական ֆերմաներից մեկը՝ ծանոթանալու կլիմայական փոփոխություններին հարմարվողական գյուղատնտեսական գործելակերպերին և դրանց գործնական կիրառմանը։
Այցը հնարավորություն տվեց տեղում տեսնելու, թե ինչպես են կլիմայական հարմարվողականության լուծումները դառնում գործնական իրականություն Հայաստանում։
IADAAM ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով:





























