Թեեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից վստահեցնում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ընթանում են բնականոն հունով, բայց Գյումրիում եւ Վանաձորում խախտումների մասին ահազանգել են իրավապաշտպանները, քաղաքացիները եւ լրատվամիջոցները:
Այսպես, Վանաձոր համայնքի ՏԻՄ ընտրությունների դիտորդություն իրականացնող Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնում է, որ
ժամը 9:30-ի դրությամբ դիտորդներն արձանագրում են, որ բոլոր քվեախցիկները ստվարաթղթից են, որն անհարմարություն է ստեղծում, ընտրություն կատարելիս ճկվում է, որը քվեաթերթիկները սխալ նշելու պատճառ կարող է հանդիսանալ:
«Չնայած նախորդ ընտրության փորձին՝ թիվ 30/52, 30/38, 30/42, 30/46, 30/7, 30/11, 30/23, 30/56 դիտորդների կողմից արձանագրվել է, որ անձնագրում դրվող կնիքը չի պահպանվում՝մոտ 1 ժամ անց ցնդում է: Այսինքն, արդեն իսկ կարող ենք ենթադրել, որ մեծ է բազմակի ընտրության ռիսկը եւ վտանգված է ընտրության թափանցիկությունը»,- հայտնեցին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:
Գյումրիում տեղի ունեցող ՏԻմ ընտրություներին արձանագրվող խախտումների մասին էլ ահազանգում է «Ասպարեզ» ակումբը: Այսպես, ըստ այդ ահազանգերի` Գյումրիի ավագանու անդամության թեկնածուներից մեկը 1000-ական դրամ ընտրակաշառքով ընտրողներ հավաքագրում ու գազելով տեղափոխում քվեարկության:
«Գյումրիում Շիրակացի փողոցում նախկին 10 հարկանու մոտ նկատվել է ՊԱԶ մակնիշի 45 644 պետհամարանիշով ավտոբուս, որից ընտրակաշառք են բաժանել: Ընտրությունների վերահսկման քաղաքացիական խմբերից մեկը հետապնդել է այդ ավտոբուսը եւ Բուլվարային թաղամասի մոտ հաջողացրել է մտնել ավտոբուս, ավտոբուսի մեջ գտել են Գյումրու Ավագանու անդամության թեկնածու Մերուժան Գաբոյանի բուկլետները եւ ընտրողների ցուցակներ, ինչն առգրավել են, ավտոբուսավոր ժողովուրդը փախել է»,- հայտնեցին «Ասպարեզ» ակումբից:
Ահազանգեր կան նաեւ, որ Գյումրու «Անի» թաղամաս են այցելել զինված մարդիկ` մեքենաներով, շրջել են, ազդանշաններ տվել եւ հեռացել:Դրանից բացի` առավոտնից Գյումրիում մոտ մեկ տասնյակ ՃՈ ավտոմեքենաներ եւ ոստիկանական այլ մեքենաներ սրընթաց երթեւեկում են այսուայն կողմ: Ըստ տեղեկությունների`այս մեքենաների առաքելությունը գազելներով ընտրողներին տեղափոխողների գործը խափանելն է:
«Ասպարեզը» ահազանգել է նաեւ ընտրատեղամասերում կուտակումների, խմբերով քվեարկության, մի շարք տեղամասերում ընտրությանը մասնակցած ընտրողների մեծ մասի տեսողական խնդիրներ ունենալու մասին` նշելով, որ
ինչ-որ մարդիկ նրանց օգնում են մասնակցել քվեարկությանը: Նրանք եւս անդրադարձել են դրոշմակնիքների թանաքի ցնդելուն` նշելով, որ բերվել է նոր թանաք:





























