Երեւանի Օրբելի փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ» մակնիշի 15 ՍՏ 570 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «Daf» մակնիշի 19 SS 078 պետհամարանիշի բեռնատարին, այնուհետեւ ծառը կոտրելով՝ բախվել պատին. հրդեհի բռնկում տեղի չի ունեցել: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել 2 կին եւ 1 տղամարդ, ովքեր տեղափոխվել են «Արմենիա» եւ Հերացու անվան թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոններ: Հրշեջ֊ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 2 տղամարդ, ովքեր տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: «Արմենիա» բ/կ֊-ի հերթապահ բժշկից ճշտվեց, որ երկու կանանցից մեկը մահացել է հոսպիտալացման ճանապարհին, մյուսը՝ հիվանդանոցում: Ըստ բժիշկների՝ տուժած տղամարդկանց առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Օրբելի փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 9-ին, ժամը 13.07-ին: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:





























