Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ժամանակին գիտնականներից պահանջել էր կենսահյութ ստեղծել: Երկու տարի եւ մի քանի մլն ծախսելուց հետո, գիտնականների խումբը հայտնել է, որ իրենց հաջողվել է  դեղանյութ ստանալ, որն, իհարկե, ոչ ամբողջովին է համապատասխանում նախագահի պահանջներին, գրում է Times-ը: Նրանք բիո-յոգուրտ են ստեղծել, որն արագացնում է արտաթորության գործընթացը:

«Կյանքի գիտության կենտրոնի» գլխավոր տնօրեն Ժակսիբայ Ժումալիդովը, այն հույսով որ կերկարացնի իր սեփական  մասնագիտական կյանքը, դրական է նկարագրում հայտնագործությունը «Մենք բիոարտադրանք ենք ստեղծել, որը  «Նար» է կոչվում (ղազախերեն ուտելիք է կոչվում): Այն օգնում է բարձրացնել կյանքի որակը եւ երկարացնել այն: Սակայն մենք  դեռ շատ աշխատանք ունենք անելու»:

Նախագահ Նազարբաեւը, գրում է թերթը, պարզ հասկացրել է, որ գիտնականները իսկապես շատ աշխատանք ունեն անելու: Նազարբաեւը 72 տարեկան է, նա երկիրը ղեկավարում է արդեն 20 տարուց ավել` փաստորեն, հանդիսանալով  ցմահ նախագահ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ղազախստանի գիտնականները լրջորեն զբաղվում են  անմահության կենսահյութի որոնմամբ այն բանից հետո, երբ  խորհրդարանի պատգամավոր Ռոման Կիմը հայտնել է, որ նախագահը պետք է  իր պաշտոնում մնա ամենաքիչը մինչեւ 2020 թ-ը: Նախագահը այս կապակցությամբ հայտնել է, որ այդ դեպքում  նրան կյանքի եւ էներգիայի կենսահյութ է անհրաժեշտ:

Այդ պահից սկսած  կենսահյութի որոնմամբ զբաղվում են երկրի գենետիկները եւ դիետոլոգները: