Հայաստանի նախագահի թեկնածուներից երեքի` երկրից հեռացածների ցուցակները հրապարակելու պահանջն անհնար է կատարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը` նշելով, որ այդ խնդիրը  եւ իրավական, եւ էթիկական, եւ բարոյաիրավական առումով լուծում չունի:

Հովհաննես Քոչարյանը շեշտեց, որ այդ պահանջը նոր չէ, նախորդ համապետական ընտրությունների ժամանակ եւս նման պահանջ է ներկայացվել: «Սակայն, այդ պահանջը անհնար է կատարել, որովհետեւ Հայաստանից 6 ամիս ավելի բացակայած անորոշ շրջանակի անձանց վերաբերյալ տեղեկատվություն  Հայաստանի ոստիկանությունը չունի, որեւէ պետական այլ մարմին եւս տեղեկատվություն չունի»,- ասաց նա` հավելելով, որ այլ բան է,երբ անհատական որոնման սկզբունքով փորձում ես ինչ-որ մեկի մուտքն ու ելքը ճշտես, այլ բան է, երբ անորոշ շրջանակի անձանց վերաբերյալ է տեղեկություն տրվում:

Անձնագրային եւ վիզաների վարչության պետը նշեց, որ հարցն ունի իրավական ասպեկտ: Խնդիրն այն է, որ  ընտրողների վերահսկիչ ցուցակի տեսակ օրենքը չի նախատեսում, հետեւաբար` իրենք չեն կարող հրապարակել մի բան, որը օրենքը չի նախատեսում: Դրանից բացի` կա նաեւ քաղաքացիների իրավունքների խնդիրը: «Մի քանի անգամ ասել ենք, որ այլ բան է, երբ օպերատիվ անհրաժեշտությունից ելնելով ենք որոշում անձի մուտք ու ելքի վերաբերյալ տվյալները, այլ բան է, որ անկախ որեւէ պահանջից, 6 ամսից ավելի Հայաստանից դուրս գտնվողների տվյալները հայտնվեն ոստիկանության շտեմարաններում»,- ասաց Հովհաննես Քոչարյանը`  շեշտելով, որ այստեղ գործ ունենք քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության, ազատ տեղաշարժման իրավունքների հետ, եւ չի կարծում, թե այդ նախաձեռնությունը նրանց մեծ մասը կողջունի: Նա նաեւ նշեց, որ քաղաքացիների անձնական կյանքի վերաբերյալ այդ տվյալները պետք են լինելու 5 տարին մեկ, որեւէ այլ գործնական նշանակություն չեն ունենալու, իսկ «ցանկացած տվյալ հավաքելը պետք է ծառայի որեւէ օրինական նպատակի, այդպիսի տվյալներ հավաքելու անհրաժեշտություն չկա»:

Հովհաննես Քոչարյանի խոսքով` այլ խնդիր է, եթե ապագայում այդ խնդիրները լուծվեն, եւ օրերից մի օր մեկը որոշի, որ հանրային շահերից ելնելով նման իրավունք պետք է տալ պետական մարմիններին, բայց «այսօր նման պահանջը որեւէ հիմքեր չունի»:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն են տարածել` ներկայացնելով իրենց մտահոգությունները ընտրությունների կապակցությամբ: Նրանք պահանջում են հրապարակել հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակները: