Արտաշատի ավագ դպրոցում տեղակայված 17/05 տեղամասում միջադեպ է գրանցվել: «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հ/կ-ի լրագրող Արտակ Համբարձումյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ընտրատեղամաս է ներխուժել 25-30 երիտասարդ, բռնություն են կիրառել իր եւ դիտորդ Նարինե Իսմաիլիի նկատմամբ` «լիկվիդացնելով նրանց»:
«Իմ ձեռքերն են բռնել, թույլ չեն տվել տեսախցիկը օգտագործել, նկարել իրենց կուտակումը, դիտորդը հրել են պատին, այդ ընթացքում մնացածները կատարել են լցոնում` քվեատուփի կեսը լցոնելով»,- նշեց նա: Արտակ Համբարձումյանը պատմեց, որ այդ երիտասարդները առավոտվանից գալիս եւ գնում էին, փորձել են նույնիսկ կրկնակի քվեարկություն անել, բայց կանխել են: «Այլ միջոցներ չկարողանալով կիրառել, դիմել են այդ միջոցին»,- նշեց Արտակ Համբարձումյանը: Լրագրողը պատմեց, որ հարձակվողների մեծամասնությունը, մինչ այդ գալով ընտրատեղամաս, ներկայացել են Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբից:
Նա նշեց, որ այդ ընտրատեղամասում ընտրողները բավականին պասիվ էին, այդ իսկ պատճառով էլ լցոնել են: Միջադեպից հետո, նրա խոսքով, ընտրատեղամասում պասիվություն է, ներսուդուրս անող երիտասարդներն էլ չկան: Նա նշեց, որ ոստիկանները հայտարարել են, որ ոչինչ չեն տեսել եւ իրենց չեն հրավիրել: Դիտորդը եւ լրագրողը մարմնական վնասվածք չեն ստացել, նրանք դիմել են ոստիկանություն:




























