Վերջին շրջանում տնտեսվարող սուբյեկտները հաճախակի դժգոհում են, թե դժվարությունների են հանդիպում եկամտային հարկի հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման ժամանակ:
Նշենք, որ 2013 թ. հունվարի մեկից ուժի մեջ է մտել եկամտային հարկի մասին նոր օրենքը, ըստ որի՝ բոլոր հաշվետվությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով;
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն պարզաբանում է հրապարակել հարկատուների դժգոհությունների վերաբերյալ, որում, մասնավորապես, նշված է.
«Ներկայում հաշվետվությունների ներկայացման ընթացքում ի հայտ եկած դժվարությունները պայմանավորված չեն www.taxservice.am էլեկտրոնային էջի ոչ պատշաճ սպասարկմամբ, ՊԵԿ-ի թերացմամբ կամ ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգով, ինչպես շրջանառվում է մամուլում: Հարկ վճարողների կողմից մուտքագրված անձնավորված տվյալների համպատասխանությունը ստուգվում է ՊԵԿ-ի լիազորությունների շրջանակներից դուրս, այլ տեղեկատվական համակարգերի կողմից»:
Ցավոք՝ ՊԵԿ-ի պարզաբանման մեջ չի նշվում, թե որոնք են «այլ տեղեկատվական համակարգերը», որի պատճառով հազարավոր հարկատուներ ժամանակին չեն կարողանում հաշվետվություն ներկայացնել:
Արդյունքում՝ հաշվետվությունները բեռնելու եւ ուղարկելու համար հարկատուները ծախսում են մի քանի ժամ, այնինչ դա պետք է րոպեներ տեւեր:



























