Ազգային ավիափոխադրող, սնանկացած «Արմավիա» ընկերությունն այսօրվանից չվերթներ չի իրականացնում: «Զվարթնոց» օդանավակայանի կայքի մեկնման եւ ժամանման ցուցատախտակներից իսպառ բացակայում է «Արմավիա»-ի չվերթների մասին տեղեկությունը, կարծես` նման անվանումով ավիաընկերություն երբեւէ չի էլ եղել:

«Արմավիա»-ի ընկերությունից հայտնեցին, թե «օֆիսն այսօր չի աշխատում, վաղը զանգեք», իսկ ընկերության մամուլի քարտուղարի հեռախոսահամարը տեւական ժամանակ անհասանելի էր:

Նշենք, որ 1996թ. ստեղված ընկերությունը օրեր առաջ հայտարարություն էր տարածել ապրիլի 1-ից չվերթները դադարեցնելու եւ սնանկության գործընթաց սկսելու մասին:

«Ավիացիան այն ոլորտն է, որտեղ չի կարելի կանգ առնել ձեռքբերումների վրա: Երեք տարվա ընթացքում «Արմավիա» ընկերությունը միջոցներ է ներդրել այլ բիզնեսներից «Արմավիա»-ի զարգացումը պահպանելու համար: Սակայն, այսօրվա դրությամբ, իրավիճակն այնպիսին է, որ այդկերպ աշխատանքը շարունակելու հնարավորություն չկա, ուստի որոշում է կայացվել դադարեցնել թռիչքներն ու սկսել սնանկության գործընթաց»,- ասվում էր ընկերության հայտարարության մեջ:

Ընկերությունն ահռելի պարտքեր ունի ոչ միայն «Զվարթնոց» օդանավակայանին եւ սեփական աշխատակիցներին, այլ նաեւ ռուսական ընկերություններին, մասնավորապես ռուսական օդանավակայաններին պարտք է մոտ 45 մլն ռուբլի: Մասնավորապես, «Վնուկովո» օդանավակայանին ընկերությունը պարտք է ավելի քան 44 մլն ռուբլի, իսկ Կրասնոդարի եւ Սոչիի օդանավակայաններին («Բազել Աէրո» հոլդինգ)՝ մոտ 900 հազար ռուբլի: Ռուսական ՎՏԲ բանկը «Արմավիա» եւ Միխայիլ Բաղդասարովին պատկանող մեկ այլ` Mika Limited ընկերությունների դեմ՝ 22 մլն դոլարի չափով հայց է ներկայացրել: