Մատենադարանի առջեւ այս պահին ընթանում է բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիան` ընդդեմ բրիտանական արքայազն Չարլզի այցի: Ակտիվիստները պաստառներ են պահել «Բրիտանական հանքարդյունաբերությունը կսպանի մեզ: Կանգ առեք», «Բնապահպան Չարլզ, միացեք Հայաստանի բնապահպաններին» եւ այլ գրառումներով: Ակտիվիստները պահանջում են դադարեցնել Ամուլսարի հանքավայրում արդյունահանումը, որը իրականացվելու է Չարլզին Հայաստան հրավիրած նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի ընկերության կողմից:
Ակտիվիստներին է մոտեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, ում բնապահպանները նամակ են փոխանցել: Դեսպանը խոստացել է նամակը փոխանցել արքայազն Չառլզին: Նա նաեւ խոստացել է հանդիպում կազմակերպել բնապահպանների եւ Չարլզի անձնական օգնականի հետ: Դեսպանն ասել է, որ նրանք լիովին իրավունք ունեն այնտեղ գտնվելու եւ բողոքի իրենց ձայնը հայտնելու:
«Մենք որեւէ կերպ դեմ չենք ձեր պայքարին, մենք էլ ենք սպասում, որ Lidyan International-ը կգործի ըստ միջազգային ընդունված չափորոշիչների բնապահպանության հարցերում»,- նշել է դեսպանը եւ հավելել. «Մենք` որպես հայաստանում բրիտանական կառավարության ներկայացուցիչ տպավորված ենք Lidyan International ընկերության ծրագրով: Գուցե ինչ-ինչ մտահոգություններ կան, բայց մենք կփորձենք չեզոքացնել դրանք: Մենք գիտենք, որ Հայաստանի կառավարությունը հետեւում է այս հարցին, եւ նրանք նույնպես պահանջելու են, որ որ այդ մտահոգությունները չեզոքացվեն»:


Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am



























