Ես չգիտեմ ինչպես են արտացոլվելու ճնշումները, բայց կա հանրային պահանջ, որ պետք է լինի խաղաղություն, պետք է կնքվի խաղաղության պայմանագիրը, և եթե ցանկացած ոք այդ գործընթացը փորձի վիժեցնել, դա կարթնացնի հանրության զայրույթը և հանրային ճնշում կլինի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ճնշումներ կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե վերջինս համաձայն չլինի նոր սահմանադրության հանրաքվե անցկացնելուն։

«Հիմա հանրային ճնշում կա, որպեսզի խաղաղության պայմանագիրը րոպե առաջ կնքվի և խաղաղությունը րոպե առաջ լինի Հայաստանի և հարևան Ադրբեջանի միջև։

Որևիցե խուզարկություն նման ճնշումների համար չէ, խուզարկությունը եթե իրականացվում է, ապա իրականացվում է որևիցե հանցագործություն կատարելու կամ պատրաստվելու հետ կապված։ Լուրջ չի դա կապել խաղաղության պայմանագրի հետ»,–ասաց նա։

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ Ադրբեջանը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը, եթե իսկապես սահմանադրություն փոխելու պահանջ չունի Հայաստանից, ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց. «Մենք որևէ մեկի պահանջը չենք իրականացնում, մենք իրականացնում ենք մեր ծրագրերը։ Մենք առաջարկում ենք՝ գնալ հանրաքվելի, տեսնել, թե ժողովուրդը ինչ է ուզում»։

Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին ճնշելու մասին վարչապետի հայտարարություններին, Նարեկ Գրիգորյանն ասաց. «Ընդիմադիրները ճնշված են, էլ ի՞նչ ճնշենք, ում ճնշենք։ ՀՀ քաղաքացին իր քվեով արդեն ճնշել է։

Մենք անցել ենք, ստացել ենք մեծամասնություն, հիմա էլ գնալու ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ասենք՝ ցանկանու՞մ ես սահմանադրությունը փոխել, թե չէ։ Այլ հարց է, թե ով է դրան դեմ»։