Այցով Ռուսաստանում գտնվող Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի օդանավը վերադառնալիս չնախատեսված վայրէջք է կատարել Վիեննայի օդանավակայանում, քանի որ Ֆրանսիան եւ Պորտուգալիան արգելել էին դրա թռիչքը իրենց օդային տարածքով։
Այդ երկրների իշխանությունները կասկածում էին, որ օդնավում կարող է գտնվել ԿՀՎ-ի նակին աշխատակից Էդվարդ Սնոուդենը։ Բոլիվիայի իշխանությունները հերքել են այն լուրեը, թե Սնոուդենը Մորալեսի հետ է։

Ավստրիայի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Ալեքսանդր Շալենբերգն ավելի ուշ հայտնել է, որ օդանավում Սնոուդենի գտնվելու վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Պաշտոնյան հավելել է, որ Բոլիվիայի նախագահը Վիեննայից կմեկնի հուլիսի 3-ի առավոյան:

Բոլիվիայի ղեկավարի` Վիեննայում կատարած վայրէջքից հետո Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի իշխանությունները թույլ են տվել Մորալեսին օգտագործել իրենց օդային տարածքը: Հաղորդվում է նաեւ, որ օդանավը չի ընդունել Իտալիան: 
Եվրոպական տարածք Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի օդանավի մուտք գործելն արգելելու հետեւում կանգնած է ԱՄՆ-ն, կարծում է Բոլիվիայի պաշտպանության նախարար Ռուբեն Սաավեդան: Ըստ նրա` Վաշինգտոնը դիտմամբ է դա արել Բոլիվիայի վարկանիշը քայքայելու համար:
Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինիոն հայտնել է, որ իր երկիրը Հարավամերիկյան ազգերի միության (UNASUR) արտակարգ նիստ կգումարի` օդանավի հետ կապված իրավիճակի պատճառով, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում գտնվող Սնոուդենը քաղաքական ապաստան ստանալու հայցեր էր ուղարկել Ավստրիային, Բոլիվիային, Բրազիլիային, Վենեսուելային, Գերմանիային, Հնդկաստանին, Իռլանդիային, Իսպանիային, Իտալիային,  Չինաստանին, Կուբային, Նիդեռլանդներին, Նիկարագուային, Նորվեգիային, Լեհաստանին, Ռուսաստանին, Ֆինլանդիային, Ֆրանսիային եւ Շվեյցարիային: Այդ երկրների մի մասն արդեն մերժել են: