Մոսկվայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել բայքերին ծեծի ենթարկելու առնչությամբ, որը ավտովթարի ժամանակ պաշտպանել է մի աղջկա: Ձերբակալվել է 4 մարդ, հետաքննությունը դատարանում նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացնելու: Հենց սրան էին ձգտում հարյուրավոր բայքերներ, որոնք իմանալով, որ իրենց ընկերը ծեծի է ենթարկվել 3 կովկասցիների կողմից, կեսգիշերն անցկացրել են մոսկովյան ՃԵԱՊՏ շենքի մոտ, այս մասին գրում է «Vesti.Ru»-ն:

Միջադեպը պատահել է հուլիսի 2-ի երեկոյան, երբ ՎԱԶ-2105-ը բախվել է Volkswagen Jetta-ին: Առաջին ավտոմեքենայից դուրս են եկել 3 տղամարդ, որպեսզի Volkswagen Jetta-ի կին վարորդի հետ քննարկեն վթարը: Այդ ամենին ականատես է եղել բայքերը, ով որոշել է պաշտպանել աղջկա շահերը, ինչի արդյունքում կովկասցիները ծեծի են ենթարկել նրան: Դեպքի վայր են ժամանել ՃԵԱՊՏ աշխատակիցները, ովքեր միջադեպի մասնակիցներին տարել են բաժանմունք:

Մինչ այդ, պատահարի մանրամասները տարածվել են բայքերների շրջանում, որոնք ժամանել են ՃԵԱՊՏ մոտ` մտավախություն ունենալով, որ օրինախախտները ազատ կարձակվեն, քանի որ ձեւակերպվել է միայն վթար, իսկ ծեծի ենթարկվելու փաստն անտեսվել է: Այդ պատճառով մոտոցիկլետավարները արգելափակել են շինության մուտքերը: